Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
Թբիլիսիի Ռուսթավելիի անվան ազգային դրամատիկական լեգենդար ու փառավոր պատմությամբ թատրոն, որի շեքսպիրյան բեմադրություններն աշխարհում ճանաչվել են լավագույններից, որի շենքն էլ ոչ պակաս նշանավոր է ու համարվում է Թբիլիսիի ճարտարապետական գոհարներից մեկը: Եվ ահա այս թատրոնում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բեմադրում է Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրի՛ր, քանի դեռ ապրում ես» պիեսը: Ղազանչյանը, որ աշխարհի տարբեր երկրների հայտնի թատրոններում է բեմադրություններ ունեցել, ըստ էության, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի թատրոնի առաջին հայ բեմադրիչն է:

Հակոբ Ղազանչյանը
«Ռոբերտ Ստուրուան առաջարկեց նորից գալ, էստեղ աշխատել, ինչն իհարկե մեծ ուրախությամբ, մեծ սիրով ընդունեցի, որովհետև սա լեգենդար թատրոն է, սա անկրկնելի պատմություն ունեցող թատրոն է, Վրաստանի համար մեկ թատրոնը։ Էլ չեմ ասում, որ ղեկավարն աշխարհահռչառ Ռոբերտ Ստուրուան է», – ասում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Պիեսը գրված է Լոս Անջելեսում ապրող հայերի մասին, որը տեղայնացվել է, այսինքն պատմում է վրացիների մասին ու վրացերենով: Մեկ գործողությամբ տխուր կատակերգությունում ընդգրկված են լեգենդար թատրոնի հանրահայտ ու համայն վրացիների կողմից սիրված դերասանները: Մոտ 3 ամիս տևած փորձերի արդյունքը հանդիսատեսի դատին ներկայացնելուց առաջ վերջին ու գլխավոր փորձն է:

«Մեծ հաճույք էր այս թատրոնում աշխատելը, մեծ հաճույք էր այս դերասանների հետ աշխատելը։ Իմ տեսած հանրահայտ բեմադրությունների, Ռոբերտ Ստուրուայի հանրահայտ ներկայացումների («Կովկասյան կավճաշրջանը», «Լիր արքա», «Ռիչարդ երրորդ») դերասաններն էին։ Էդ ներկայացումներն ինձ համար արդեն կուռքեր էին դարձել, և էստղե բավական անսպսասելի պարզվեց, որ ես էդ դերասանների հետ պետք է աշխատեմ», – պատմում է Հակոբ Ղազանչյանը։
Գլխավոր փորձը հաջող է անցնում, դերասանները հույս ունեն, որ ներկայացումն էլ մեծ հաջողություն կունենա: Թատրոնի ու հայ ռեժիսորի համագործակցությունը բարձր են գնահատում նաև դերասանները:

Նինո Թարխան
«Նոր ռեժիսորի հետ աշխատանքը միշտ ավելի հետաքրքիր է, պարոն Ղազանչյանի հետ ես առաջին անգամ էի աշխատում, իսկ ինչ վերաբերում է պիեսին, այն ողբերգական ու տխուր է։ Կարող եմ ասել, որ մենք՝ բոլորս ջանք չենք խնայել, կարծում եմ՝ ստացվել է։ Եվ վերջում կցանկանայի, որ մեր համատեղ աշխատանքը հաջողություն ունենար և մեծ շնոհակալություն պարոն Ղազանչյանին՝ համագործակցության համար», – ասում է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Նինո Թարխան։

Թենգիզ Գիորգաձեն
«Մենք շատ սիրեցինք Ղազանչյանին, այնքան սիրեցինք, որ կարող է նաև մեզ մոտ պահենք, շատ ենք սիրում ձեր երկիրը, մարդկանց։ Մենք չենք մոռանում հարևանությունն ու բարեկամությունը, մի խոսքով, ասեմ, որ շատ ոգևորված եմ, որ ընդգրկված էի այս ներկայացման մեջ, ու այս՝ հայ-վրացական համագործակցությունը կշարունակենք զարգացնել», – ասում է Ռուսթավելու անվան թատրոնի դերասան Թենգիզ Գիորգաձեն։

Մարինա Կախիանին
«Ես, կարելի է ասել, մանկությունից՝ ուսանողության չորրորդ կուրսից եմ այս թատրոնում, իմ դասախոսը վերջին կուրսում Ռոբերտ Ստուրուան էր, այդ օրից ես մեծ հաճույքով աշխատում եմ իր հետ, բայց երբեմն սիրում եմ աշխատել այլ ռեժիսորների հետ։ Բախտ եմ ունեցել աշխատելու տարբեր ազգեր ներկայացնող ռեժիսորների հետ, հիմա էլ Հակոբ Ղազանչյանի հետ աշխատեցի։ Ասեմ, որ երբ կարդացի պիեսը, միանգամից հասկացա, թե որն է իմանելիքը», – ասում է թատրոնի դերասանուհի Մարինա Կախիանին։
Ներկայացման մեջ ընդգրկված է նաև նորաթուխ դերասանուհի Մարիտան, ով արտասահմանցի ռեժիսորի հետ աշխատանքի փորձ չունի, սակայն մեծ ցանկություն է ունեցել խաղալու այս ներկայացման մեջ:

Մարիտա Մեշկորաձեն
«Ինձ համար անչափ հաճելի էր աշխատել պարոն Ղազանչյանի հետ։ Առաջին անգամ էի համագործակցում ոչ վրացի ռեժիսորի հետ, և ասեմ, որ շատ հետաքրքիր էր», – ասում է դերասանուհի Մարիտա Մեշկորաձեն։
Չնայած, որ ներկայացումը վրացերեն լեզվով է, բայց պրոֆեսիոնալ դերասանների վարպետության արդյունքում լեզվական բարիերն է հաղթահարված: Նույն պիսեի արդեն հայերեն տարբերակը Հակոբ Ղազանչյանը բեմադրել է նաև Թբիլիսիի հայկական թատրոնում:

«Բայց արդեն օրիգինալ տարբերակը։ Արդեն հերոսները հայեր են, հայերի մասին է։ Դա էլ էր հետաքրքիր։ Հետաքրքիր էր էնքանով, որ նույն տեղում են փորձերը տեղի ունենում, նույն բեմի վրա։ Այս առումով պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք Ռուսթավելու թատրոնի տնօրինությանը, որ առանց որևէ պայմանի թույլ տվեցին, որպեսզի այստեղ հայկական թատրոնը աշխատի (գիտեք՝ դեռ շենքը պատրաստ չի, և դեռևս նրանք անտուն վիճակում են)։ Եվ այստեղ առավոտյան ռուսաթավելու թատրոնի հետ, երեկոյան հայկական թատրոնի հետ․․․ դա ինձ համար շատ հետաքրքիր էր, և պետք է ասեմ, որ մեր հայկական թատրոնի դերասանները պատվով դուրս եկան։ Եվ ես լուրջ տարբերություն չէի դնի, որովհետև էնտեղ իր տեսակի մեջ է արված, էստեղ իր տեսակի մեջ։ Էնտեղ խաղում են լրիվ երիտասարդներ, մի քիչ ուրիշ տեսակ լուծում է, էստեղ՝ ավելի տարիքն առած դերասաններ։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր էր։ Եվ առաջ Աստված, տեսնենք՝ ինչպես կընդունվի», – ասում է ՀԹԳՄ նախագահը։

Ժամանակակից դրամատուրգիան պետք է անպակաս լինի ցանկացած թատրոնի խաղացանկից, ավելացնում է Հակոբ Ղազանչյանը, քանի որ ժամանակակից պիեսներն ավելի ընկալելի ու հոգեհարազատ են հանդիսատեսի համար: Մի խոսքով՝ վրացական ու հայկական թատրոններում ներկայացման՝ Թբիլիսիի արվեստասերների արձագանքներին Ռուսթավելու լեգենդար թատրոնում անհամբեր սպասելու են: Ու մի բան էլ. թատերական այս նախագիծը՝ հայ հեղինակի գրական գործի հայ ռեժիսորի բեմադրությունը հայ-վրացական մի տեսակ խաթարված բարեկամության մշակութային մի նոր կամուրջ է, որը կոչված է պահպանելու երկու ժողովուրդների մշակութային հսկաների ձևավորած հարյուրամյա ավանդույթները, որոնց պահպանումը գլոբալացող այս աշխարհում գնալով դժվարանում է, սակայն նման ծրագրերն են ուղիղ ճանապարհը, մշակույթն է այն ճանապարհը, որը կրկին ու կրկին առավել կմոտեցնի մեր ժողովուրդներին։ Հակոբ Ղազանչյանն արել է այդ քայլը։