Ակների թատրոնի կենսագրությունը, որ 100 և ավելի տարիների է հասնում, դժվար կլիներ ասել, թե ինչ զարգացում կունենար, եթե չլիներ թատրոնի մեծ մշակ, երջանկահիշատակ Կոլյա Կոնինյանը: Դերասանի բեմական ողջ կյանքը անցել է Ակների գյուղական թատրոնում: Բեմադրել է տարբեր ներկայացումներ, կերտել բազմաթիվ դերեր: Այդ տարիներին նրա յուրովի բացահայտած շատ կերպարներ արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Կոլյա Կոնինյանը մի շվիով գյուղական երգի, պարի խումբ է պահել: Շրջանային ու քաղաքային օլիմպիադաներում Ակների թատրոնը և այդ պարի խումբը տարբեր մրցանակներ և պատվոգրեր են ստացել:
Կոլյա Կոնինյան, Աշխարհբեկ Կոնինյան և շատ ու շատ մշակութասեր ակներեցիների անխոնջ ջանքերի շնորհիվ Ակների գյուղական թատրոնը իսկապես դարձավ թատրոն, ինքնուս թատերականխումբ, որ առանձնապես մեծ գործեր չարեց, բայց գյուղում թատրոն պահեց: Եվ հենց այդ թատրոնի հենասյուներից մեկն էլ ակումբավար Կոլյա Կոնինյանն էր, որը նաև Սանահին-Ակներ կոլտնտեսության, իսկ ապա նաև պետական տնտեսության կուսակցական կազմակերպիչն էր, համատեղությամբ ռեժիսոր, թաղային լիազոր, ֆիզկուլտ-հրահանգիչ:

100-ամյա հոբելյանական ցերեկույթ՝ առանց Կոլյա Կոնինյանի, բայց նրա հետ։ Ցերեկույթը սկսվում է «Կարծիք» հաղորդաշարի՝ Ակների երանելի հուշերը պատմող տեսանյութով, իսկ տեսանյութի հեղինակը Հրաչյա Պապինյանն է: Ներկաները պատմական փոքրիկ ճանապարհորդություն են ունենում Ակների փառավոր թատերական անցյալի հուշերով:
Ակների գյուղական ակուբում հավաքվել են թատերասեր ակներեցիներ, ալավերդցիներ, թատրոնի նվիրյալներ, և ընդանրապես այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ ծանոթ են եղել կամ առնչվել են թատերասեր գործչի ինքնուս գործուներությանը:

Ինչպես նախկինում, այսօր էլ ակներեցին սիրում է մշակույթը, և դա է փաստում գյուղական փոքր ակումբի լեփ-լեցուն դահլիճը, չդադարող հոսքը, իսկ հանդիսատեսի շարքերում, ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են:
Մեծարման ցերեկույթին նրա մասին պատմում, հիշում են աշխատանքային իր ընկերները, պարզապես ծանոթ ու անծանոթ մարդիկ։
Ինչպես նրա թատերական անցյալն է փառավոր եղել, նույնքան էլ նրա երաժշտական ճանապարհն է ոչ պակաս նշանավոր եղել։ Այստեղ գտնվող շատ մարդկանց մանկությունը, ապա նաև պատանեկությունը անցել է Կոլյա Կոնինյանի անմիջական ուղեկցությամբ:

Էմմա Դոլինյանը
«Կոլիկ Կոնինյանը էղել ա մեր գյուղի արվեստի ամենանշանավոր մարդը։ Նրա մեջ Աստված շռայլորեն տվել էր արվեստի լույսը, և նա չէր կարող այդ լույսը փակել իր մեջ։ Ինքը շռայլորեն բաժանում էր, ինչպես Կարաբալան բոլորին ծաղիկ էր բաժանում։ Ու բոլորին ուրախություն, ժպիտ էր տալիս։ Կոլիկ Կոնինյանն էլ այդպիսին էր», – ասում է Էմմա Դոլինյանը։
Թատերական ցերեկույթը Ակներում իրեն բնորոշ գյուղական մշակութային ջերմ միջավայրում է անցնում՝ գեղեցիկ երաժշտական համարներով ու թատերական բեմադրություններով։

Կոլյա Կոնինյանը այն մարդկանցից էր, ով երբեք չընկրկեց ցուրտ ու մութ տարիների դժվարություններից, թատրոնի նվիրյալին հարիր արժանապատվությամբ, շատ դեպքերում առանց աշխատավարձի, թատերական անմոռանալի պահեր է պարգևել իր ծննդավայր Ակներին ու ակներեցուն: Եվ վերջապես սիրելի Կոլիկը, ինչպես իր ընկերներն են հաճախ նրա մասին խոսելիս ասում, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն էր:

Ջիվան Կոնինյանը
«Ամբողջ գյուղը հավաքվում էր նրա շուրջ։ Շատ մեծ մարդ էր, մեծություն էր։ Ես երեխա ժամանակից անընդհատ իրա կողքին եմ եղել։ Մեր ակումբում մի հատ սյուն կար, էդ սյան տակ նստած լսել եմ այն ամենը, ինչ-որ խոսել է, ասել է», – պատմում է Ջիվան Կոնինյանը։

Ռուբիկ Հակոբյանը
«Չէիր հասկանում՝ ինքը մշակույթի մարդ ա՞, գյուղատնտեսության մարդ ա, արտադրության մարդ ա, թե ինչ ա։ Ամեն ինչ ձեռքից գալիս էր։ Ազնվագույն կերպար էր, ամեն ինչում, եթե դա պետք էր մարդուն, պատրաստ էր օգնելու», – ասում է Ռուբիկ Հակոբյանը։
Շատ հաճախ թատերական ներկայացումներին ընդգրկվում էին նաև ընտանիքի անդամները, բայց ոչ նրա համար, որ իրենք էին ցանկություն հայտնում, այլ որ դերերն էին պակաս, իսկ թատրոնի նվիրյալին ինչ էր մնում անել, իրեն բնորոշ արագ կազմակերպվածությամբ խոչընդոտները հաղթահարել, պատմում է Կոլյա Կոնինյանի հարսը՝ սիրելի Ռուզաննան, որը, ի դեպ, ներկայիս ակումբավարն է։
Բեմադրությունները ոչ միայն հայրենի Ակներում, այլ նաև գյուղից դուրս էին տանում, շատ հաճախ ոտքով, առանց որևէ օժանդակության, խաղում էին բոլորովին անվճար, բայց մեծ սիրով, պատմում է Ակների թատերական կյանքի վերջին մոհիկան 93-ամյա Վարդուշ Հակոբյանը։ Նա Կոլյա Կոնինյանի քրոջ աղջիկն է։

Վարդուշ Հակոբյանը
«Միշտ հրավիրում էր, ասում էր՝ ամեն ինչ պետք ա ցուցադրենք, որովհետև անգամ հանդիսատեսը չէր ուզում դուրս գա։ Մեր գյուղում մշակույթը շատ էր զարգացած։ Հիմա էլ, որ էդ բարձր աստիճանի ռեժիսորներն էլ չկան, նորից գործում ա, որովհետև մեր գյուղացիք, մեր ժողովուրդը շատ նվիրված են մշակույթին», – ասում է Վարդուշ Հակոբյանը։
Կոլյա Կոնինյանի բեմական գործունեության արժևորման նկատմամբ ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչների, այլև երիտասարդ սերնդի գնահատանքն է այսօր մեծ, թատերական փոքրիկ ներկայացմանը բոլորը մի տեսակ ուրիշ ոգևորությամբ և մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել, ասում է Կոլյա Կոնինյանի ծոռը, որը նույն ներկայացման գլխավոր դերում էր հանդես գալիս։

Յուրա Քոչարյանը
«Առաջին անգամն էի բեմ դուրս գալիս, ու էդքան էլ չէինք պատրաստվել։ Ամեն ինչ շատ արագընթաց ա էղել։ Շատ մեծ պատասխանատվություն էր, քանի որ իմ պապն ու տատը դերասաններ են եղել ու իրենք լավ են խաղացել, մեծ ներդրում են ունեցել էս ակումբի կայացման գործում», – ասում է Յուրա Քոչարյանը։
Կոլյա Կոնինյանի դերասանական համբավը գուցե լայն, ասել է թե՝ մեծ աշխարհի սահմաները չի հատել, բայց նրա դերասանական վարպետությունը արժևորող և թատրոնը երկրպագող ու սիրող իր հայրենակիցների ծափերը վարպետին բավարարել են՝ իրեն մեծ դերասան զգալու համար: