Վախճանվել է կրթության ոլորտի կազմակերպիչ Վիկտոր Մելիքյանը:
Վիկտոր Մելիքյանը մեծ ներդրում ունի Ալավերդու և Թումանյանի շրջանի կրթության ոլորտի զարգացման գործում:
Ծնվել է Լորուտ գյուղում: Ծնողները նույնպես կրթության ոլորտի մշակներ էին: 1973 թվականին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա նորավարտ երիտասարդն աշխատանքի է անցել Հագվի գյուղի ութամյա դպրոցում, որպես մաթմատիկայի ուսուցիչ։ Միաժամանակ նաև դպրոցի տնօրենն էր՝ ամենաերիտասարդ տնօրենը տարածաշրջանում:
Զուգահեռաբար ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Կարճ ժամանակում աչքի է ընկել Ալավերդիում և շրջանում, համարվել իր դասավանդած առարկայի լավագույն մասնագետներից մեկը: Այնուհետև հրավեր է ստացել և աշխատանքի անցել Ալավերդիում։ Սկզբում տնօրեն է նշանակվել Եղիշե Չարենցի անվան դպրոցում, ապա ղեկավարման գործը շարունակել թիվ 12 կրթօջախում։ Այդ տարիներին եղել է նաև Շրջանային ժող. Կրթության բաժնի մեթոդ միավորման մեթոդիստ, ժող․ կրթության բաժնի տեսուչ:
1980-ականների կեսերից տեղափոխվել է Վանաձոր, աշխատել որպես թիվ 19 միջնակարգ դպրոցի տնօրեն: 1988 թվականի երկրաշարժից հետո տեղափոխվել է հայրենի Լորուտ և աշխատել որպես գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1990-ականներին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի Ղ.Աղայանի անվան թիվ 69 դպրոցում, որպես ուսմասվար, զուգահեռ աշխատել Կրթության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում: Աշխատանքային բոլոր այդ տարիներին, պաշտոններ վարելուն զուգահեռ շարունակել է դասավանդել մաթեմատիկա առարկան՝ պատրաստելով բազմաթիվ աշակերտներ, որոնք հետագայում փայլուն կարիերա են արել, աչքի ընկել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների իրենց հմտություններով։ Իսկ նրա ղեկավարած դպրոցներում կրթության գործը մեծ առաջընթաց է ունեցել:
Հարազատները տեղեկացնում են, որ Վիկտոր Մելիքյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևան, Սիլիկյան հին խճուղի 18 շենք հասցեում, ԼյուԱր սգո սրահում, ապրիլի 19-ին, ժամը 18.00-ին: