Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Դեբեդի այս կամուրջը Թումանյան կայարան է տանում, որի խորհրդավոր լռությունը միայն վարարող գետն է խախտում:
Ցարական ժամանակների երկաթուղապատկան շենքերը գոյության պայքարում պարտվում են: Երկաթուղայինների ժառանգների հասցեն քանդվող շենքերն են, որի հարկի տակ Բեջանյանների նորաստեղծ ընտանիքն է ապրում:

Մոսկվայում՝շինարարությունում դժբախտ պատահարն ու ողնաշարի կոտրվածքը զրկեց երիտասարդին քայլելու հնարավորությունից, բայց երջանիկ ընտանիք ունենալու հնարավորություն տվեց: Հայաստան տեղափոխվելուց հետո Հրանտը գտավ իր սերն ու Թումանյան կայարանի չնաշխարհիկ անկյունը:
«Կինս բանակիս ընկերոջ քույր ա, իրան նկարով եմ տեսել, հետո ծանոթացել, մի քանի տարի ընկերություն ենք արել, արդեն էս վիճակով նոր ամուսնացել ենք», – պատմում է Հրանտ Բեջանյանը։
Արդեն երեխա ունեն, համեստ տնտեսություն: Հավ են պահում, փոքր այգի մշակում, ապրում նպաստով ու հաշմանդամության թոշակով: Միայն թե Հրանտի կյանքը սահմանափակվում է մի քանի քառակուսի մետր տարածքում, քանի որ կայարանի կառամատույց, ասել է թե արտաքին աշխարհ տանող ճանապարհներ չկան, միակը՝ կիսաքանդ աստիճանավանդակն է:

«Խնդիրը մենակ ներքևից վերև բարձրանալու մեջ ա, որը շատ դժվար ա, ահավոր ա։ Չես իմանում՝ ոնց կազմակերպես քո առօրյան, ում հետ հարմարացնես։ Ժամանակ ա լինում՝ գործ ունես, առավոտ մի տեղ գնաս, բայց մարդիկ տանը չեն, դու գործդ արդեն գցում ես էն ժամանակ, երբ որ օգնող լինի, որ քեզ բարձրացնեն։ Խնդիրներ կան հիվանդանոցային, առօրյա, նենց ես կազմակերպում, որ կղքիններիդ հարմար լինի։ Մեքենան չի մոտիկանում, ես չեմ կարա մենակ։ Կինս ա օգնում էստեղ, իջացնել, բարձրացնել», – ասում է Հրանտը։
Կիսաքանդ շենքերում բնակիչները գնալով պակասում են, Հրանտի տանից դուրս գալու շանսերը նույնպես։ Պարբերաբար հետազոտման և վերականգնողական բուժման անհրաժեշտությունը մեծ է, բայց բարդ է և՛ կայարանի կառամատույց հասնելը և՛ բուժման ծախսերը հոգալը: Կարևորն այն է, որ քայլելու շանսեր կան, ասում է Հրանտը:
«Վերականգնողական բուժում եմ անցնում։ Ֆինանսական խնդիրների հետ է կապված։ Որ կարենամ երկար պառկեմ, շուտ ոտքի կկանգնեմ։ Բայց արդեն քայլակով մի քիչ քայլում եմ», – ասում է Թումանյան կայարանի բնակիչը։
Հրանտենց բակից մի քանի մետր բարձր է կառամատույցը, այնտեղ գոնե մարդիկ են, հասարակ շփման հնարավորություն:

Հրանտ Բեջանյանը
«Էրեխուս հետ եմ խաղում։ Բակ եմ դուրս գալիս, էրեխուս հետ եմ խաղում, դնում եմ գոգիս, ման ածում։ Հավիկներ ունենք, նայում եմ՝ էս կողմ չգան, բակը չկեղտոտեն։ Ձկի սեզոնին էլ, պատ կա, գնում եմ, էդտեղ ձուկ եմ բռնում։ Զբաղվում եմ էլի ինձ համար, մի ձև առօրյա եմ կազմակերպում», – պատմում է Հրանտը։
Կառամատույց հասնելու ելքեր կան, միայն գումար չկա, ասում է: Հարավկովկասյան երկաթուղու կամ գուցե բարերաների օգնությամբ Հրանտը կարող է հասնել կառամատույց:
«Հինգ հարյուր հազար դրամ գումար ա պետք։ Զանգեցի Լենինական, ուղղակի հետաքրքիր էր, իրենք ասեցին, որ մինչև 4 մետր բարձրության վրա լիֆտ են հավաքում հաշմանդամների համար։ Հարմար տեղ կա աստիճանների մոտ, պատ կա ուղիղ, եթե հնարավորություն լինի, լիֆտն էնտեղ կլինի», – ասում է Հրանտ Բեջանյանը։
Տեղաշարժման և առհասարակ առօրյա դժվարությունները Հրանտին թևաթափ չեն անում, վստահ է, որ մի օր նորից քայլելու է, իրագործի նպատակներն ու երազանքները, որոնց մասին հիմա նախընտրում է լռել: