Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ամիսներ առաջ, երբ Լևոն Սադաղյանը համալրեց Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմը՝ ստանձնելով մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության հարցերով բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, նպատակ ուներ քաղաքի հարուստ մշակութային ավանդույթները պահպանելով՝ նաև նոր շունչ հաղորդել ոլորտին:
«Այս պահի դրությամբ մշակութային կյանքում, ստեղծագործական խմբերի, դրանք կլինեն համայնքապատկան, ֆորմալ կամ ոչ ֆորմալ, նրանց համար լայն հնարավորություններ են բացված,իսկ դա ենթադրում է, որ առաջին հերթին մշակութային դաշտում հավասարություն պետք է լինի», – ասում է Լևոն Սադաղյանը։
Նկատում է՝ համայնքում խնդիր կա երիտասարդների ժամանցը ճիշտ կազմակերպելու առումով: Նպատակ ունի գործընկերների հետ հաճախ կազմակերպել կինոդիտումներ, երաժշտական փառատոններ, այսինքն, այն ամենն, ինչը կարող է նաև կրթել և գեղագիտական ընկալում ձևավորել մարդկանց լայն շրջանակների համար։

Լևոն Սադաղյանը
«Մշակույթի բաժինը բազմաթիվ ծրագրերի է զարկ տվել, որոնց մասին հիմա չեմ խոսի, բայց շատ հանրահայտ բենդերի և անհատական ստեղծագործող արտիստների մասին է խոսքը։ Առաջին պտուղները մենք կտեսնենք ամառվանից հետո։ Ամենառեյտինգային ֆիլմերն են սպասվում այս տարի։ «Կինոկանգառ» կազմակերպության հետ համագործակցելով՝ արդեն իսկ առաջին փորձը արել ենք՝ ֆիլմի ցուցադրություն ենք արել, և արդյունքները վատը չեն։ Կարող եմ ասել, որ այս տարի կինոպրեմիերաների բում է լինելու Ալավերդիում», – նշում է համայնքապետարանի գլխավոր մասնագետը։
Անհրաժեշտ է, որ խոշորացված համայնքում գործող յուրաքանչյուր ստեղծագործական խումբ ստանա բավարար ուշադրություն և աջակցություն: «Լազուր» համույթն արդեն ունեցել է անհրաժեշտ երաժշտական գործիքների համալրում:
«Ազգայինը պահպանելու խնդիր ունենք, բասի խնդիր ունեինք, և էդ ամեն ինչը լուծելու համար պետք է ժամանակակից լուծումներ տայինք։ Ժամանակակից ստեղնաշարային գործիք էր հարկավոր, որը հնարավորություն ունի տարբեր ձայների։ Խոսքը գնված պրոֆեսիոնալ սինթեզատորի մասին է, այնուհետև ձեռքբերեցինք ակորդեոն և այլ ահնրաժեշտ պարագաններ», – պատմում է Լևոն Սադաղյանը։

Մշակույթի ոլորտում շատ են խնդիրները՝ սկսած մշակութային օջախների շենքերի անբարեկարգ վիճակից մինչև տեխնիկական միջոցների պակաս: Միավորված բնակավայրերի համաչափ զարգացման նպատակով նախատեսվում է, որ մշակութային նախագծեր կիրականացվեն նաև գյուղերում։
«Ստեղծագործող մարդը պետք է գնա ջեռուցված, գեղեցիկ սենյակ, և այդ ամեն ինչից հետո մենք արդեն կունենանք արդյունքներ։ Դա մեր ամենօրյա աշխատանքային պլանների մեջ է մտնում», – նշում է մասնագետը։
Կլինեն համագործակցություններ ինչպես համայնքի ներսում գործող ստեղծագործական խմբերի հետ, այնպես էլ համայնքից դուրս՝ փորձի փոխանակում: Միջոցառումներ ավելի հաճախ են կազմակերպվելու, խոստանում է համայնքապետարանի ներկայացուցիչը, իսկ դրանք կլինե՞ն արդյոք մարդաշատ դժվար է կռահել, սակայն նկատելի է, որ լուրջ խնդիր է նաեւ որակյալ հանդիեսատեսը:

«Միջոցառումների բուռն շրջանում ես տեսա, որ համերգի եկած երիտասարդը կարող է դահլիճում նստել և արևածաղիկ ուտել։ Բայց ես գիտեմ՝ դա ինչի արդյունքում է, որովհետև պիտի շատ գա, պիտի տարբեր միջոցառումների երեխան և երիտասարդը մասնակցի», – նկատում է մշակույթի ոլորտի պատասխանատուն։
Ալավերդին միշտ է տարբերվել մշակութային ուրույն ձեռագրով, հարուստ ավանդույթներով, և այն ուղղակի պահպանել և առաջընթաց արձանագրել է պետք, եզրափակում է Լևոն Սադաղյանը։