Հոկտեմբերի 30-ից՝ օգոստոսի 2-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Լոռու մարզի Ալավերդի համայնքի առավել տուժած 1088 անձ 372 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական կարմիր խաչի ընկերությունը։
Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 39 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ փոխանցվել է՝ 42 432 000 ՀՀ դրամ։
Հայկական կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը International Federation of Red Cross and Red Crescent Societies։
Հայկական կարմիր խաչի ընկերությունն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ հայտնաբերելու թիրախային տնային տնտեսությունները, որտեղ ակնառու վնասվել են բնակչի բնակելի տան կառուցվածքային մասերը, տնամերձ հողամասը, առկա է գյուղատնտեսական կենդանիների կորուստ, միակ եկամտի աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին, և բերքի 75-ից 100%-ը կորցրել են։

Կանխիկ աջակցությունը տրամադրվել է Ալավերդի համայնքի Ալավերդի, Օձուն, Ծաղկաշատ, Հաղպատ, Ակներ, Սանահին, Աքորի, Ամոջ և Հագվի բնակավայրերի սոցիալապես անապահով առավել խոցելի ընտանիքներին, որոնք ընտրվել են հետևյալ չափորոշիչներով․
-վեց և ավելի անդամ, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ,
-մինչև 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող միակողմանի ծնողազուրկ ընտանիքներ,
-միայն 65 և բարձր տարիքի տարեցներից բաղկացած ընտանիքներ,
-միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ,
-միայն 65 և բարձր տարիքի տարեցներից և հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքներ։