Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
Հայկուշ տատը ցույց է տալիս ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը, որն ընդամենը կես ժամվա ընթացքում հողին է հավասարվել: Տնամերձ այգին ծածկվել է ջրով։ Ինչն էլ մնացել է, հազիվ թե օգտագործման պիտանի լինի, ասում է:
«Հլա պոպոքը ոնց ա խփել, էրկու կես արել։ Ո՛չ մուրաբի ա, ո՛չ եսիմ ինչ։ չգիտեմ ինչ անեմ», – նեղսրտելով ասում է Հագվու բնակիչ Հայկուշ Իսոյանը։

Հայկուշ Իսոյանը
Երեք տարի է, որ մայրաքաղաքից տեղափոխվել ու հաստատվել է Հագվիում, տուն-տեղ ու նորատունկ այգի դրել, բայց այսօր, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, հին տաշտակի առջև է կանգնել: Առատ տեղումները վնասել են նաև տունը, նկուղը:
Հագվի բնակավայրում նախօրեին տեղացած կարկուտը մոտ 70 տոկոսով վնասել է ամբողջ տնամերձերի բերքը:
Ապո Պեպանյանի 2000 մետր ազնվամորու այգին նույնպես անմխիթար վիճակում է, թփերին մնացածն էլ շուկայի չէ: Ամեն տարի վարկ են վերցնում, տնտեսությունն ինչ-որ կերպ զարգացնում, բայց․

Ապո Պեպանյանը
«Ասում ա՝ մի կտոր հաց, էն էլ՝ երկնքից կախված, ոնց կլի, կլի։ Մի սուրու վարկ ենք վեր կալել, ամեն ինչը դեղ ա, փող ա, անում ես, որ մի բանի տեր ըլես, էն էլ գալիս ա, սենց տարվա ընթացքում մի անգամ ա, էրկու անգամ ա, անցյալ տարի էլ երեք անգամ էկավ», – ասում է գյուղացին։
Բնակիչների մի մասի ապրուստի միակ միջոցն այգու բերքն ու բարիքն էր։ Ամբողջ տարին աշխատում, հույսեր են կապում հողի հետ, բայց վերջում մնում ձեռնունայն:
Նաիրա Խառատյանն արդեն հասցրել էր բանջարեղեն վաճառել ու եկամուտ ստանալ։ Ինչպես ասում են՝ թաղամասի ղոչաղ հարսը մնացել է շվարած:

Նաիրա Խառատյանը
«Ավիրեց, մնացինք հին տաշտակի առաջ։ Ամեն տարի էս ա լինում, թազա էլի փորիլ տենք, թազա ցանիլ տենք, եսիմ, էն էլ կհասցնի, չի հասցնի։ Ութ հազար դրամի մենակ կանաչի եմ ծախել, թազա ցանել էի, որ ծախեմ։ Իմ եկամուտի աղբյուրն էս ա», – ասում է Նաիրա Խառատյանը։
Գյուղացիները հիասթափված են: Առանց այդ էլ բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու վարկային պարտավորություններ ունեն ու թեթևացնելու համար սպասում էին բերքահավաքին։ Բայց ինչպես ժողովրդական խոսքն ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։