Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Ալավերդու տարածաշրջանում ուժգին քամին և անձրևները չեն դադարում, որոնց հետևանքով բազմաթիվ ավերածություններ են լինում՝ ցանքատարածությունների  վնասներից մինչև ճանապարհների փլուզում և այլն։

Այսօր էլ հերթական պատահարն է գրանցվել Ախթալա բնակավայրում։ Ժամը 14։15-ի սահմաններում Ախթալա բնակավայրում՝ մանկապարտեզի հարևանությամբ, ուժեղ քամու հետևանքով հսկայական ծառն ընկել է ճանապարհով անցնող «ՎԱԶ» 21 07 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Մեքենայում երկու մարդ է եղել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ Իսկ կոտրված ծառը բնակիչների օգնությամբ կտրել, հեռացրել, ապա դրա տակ մնացած մեքենան դուրս են բերել ԱԻՆ Թումանյանի հրշեջ- փրկարարական ջոկատն ու պարեկները։

Հարություն Պետրոսյանը

«Ծառը մանր-մանր կտրտեցինք, մեքենան հանեցինք արգելափակումից», – ասաց Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի առաջին հերթափոխի պետ Հարություն Պետրոսյանը։ 

«Հիմա արդեն գործողություններ ա կատարվում, չափագրումներ գծագրական։ Քաղաքացին չի տուժել՝ ո՛չ վարորդը, ո՛չ ուղևորը», – նշեց պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը։

Մոտակայքում գտնվող խանութներից մեկի սեփականատերն է նկատել ծառի տակ մնացած մեքենան։ Ականատեսի խոսքով՝ ընթացքի ժամանակ է ծառն ընկել մեքենայի վրա։

Վարսենիկ Հարությունյանը

«Մեր վառոտների մոտ իմ տղեն տեսել է, որ իջնում ա։ Ինքն էլ էր մեքենայով դուրս գալիս էղել, հետ ա դարձել, էկել, տեսել, որ արդեն ծառն էլ ա ընկել, իրանց մեքենան էլ տակը։ Զարմանալի էր շատ։ Կանգնած չի էղել, ընթացքի մեջ», – ասաց Ախթալայի բնակիչ Վարսենիկ Հարությունյանը։

Այսօր ուժգին քամու և կարկուտի հետևանքով Փոքր Այրում և Մեծ Այրում գյուղերի միջակայքում էլ էլեկտրասյուներ են ընկել ճանապարհի վրա։

Ի դեպ, կարկուտը վնասներ է հասցրել նաև երթևեկող մեքենաներին։ Ավերածություններ են եղել նաև Շնող, Թեղուտ, Նեղոց, ճոճկան, Մեծ և Փոքր Այրում բնակավայրերում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.