Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Սահմանամերձ Ոսկեվանում խմելու ջրի կարոտ են: Ու սա դեռ գարնանը՝ անձրևառատ սեզոնին: Ոսկեվանում վախենում են մտածել, թե ի՞նչ է սպասվում իրենց ամռան տապին:

«Եթե տեղում չըլի, չգիտեմ՝ ոնց կըլի։ Ընդամենը մի հատ նավ ունենք, ըտեղից գնում ա երկու թաղամասերի ջուրը։ Ակունքը ըտեղից ա, վերևի թաղն էլ՝ ուրիշ տեղից։ Երևի եղանակից ա», – ասում է Ոսկեվանի բնակիչներից մեկը։

Տիկին Շուշանը լվացքագործ է ձեռնարկել՝ անձրևաջրով: Այլ տարբերակ չկա, ասում է, հազիվ է հասցնում խմելու ջուր բերել։

«Որ դժվար ա՝ ի՞նչ անեմ։ Ջուր ունենամ, էն մի մեքենայից կառնեմ, արխեին լվացք կանեմ», – ասում է ոսկեվանցի տիկին Շուշանը։

Շաբաթական երկու անգամ հարևան Ոսկեպարից ջուր են առնում այս ընտանիքում: Մեկ ցիստեռն ջրի արժեքը 3 հազար դրամ է, սա իհարկե զուտ վառելիքի գումարն է:

«Դե ցիստեռնն ենք լցնում, ներքևն էլ մի հատ ունենք, որ հերիքացնենք։ Շատ խոզեր ունենք, դրանց համար կեր սարքելիս պետք ա միշտ ջուր ունենանք», – պատմում է Ոսկեվանի բնակիչը։

Ոսկեվանը հայ-ադրբեջանական սահմանից 1.5 կիլոմետր է հեռու: Հակառակորդի դիրքապահների աչքի առաջ ոսկեվանցի կանայք և երեխաները գյուղամիջյան աղբյուրից ջուր են բերում։ Եվ սա այն դեպքում, երբ դեպի գյուղ պարբերաբար նախազգուշական կրակոցներ են հնչում:

«Սա ապրել ա՞, որ մենք ապրում ենք, ցավդ տանեմ։ Ահուդողով քնում ենք, վեր ենք կենում», – ասում է ոսկեվանցի Շուշանը։

Երկու օրը մեկ 40 րոպե կամ 1 ժամ տևողությամբ են ջուր տեսնում ոսկեվանցիները: Դժվարությունը հաղթահարում են՝ հարևան Ոսկեպարի ջրային պաշարներից օգտվելով:

«Հարմարվում ենք, տրանսպորտով բերում ենք, ցիստեռնները լցնում։ Դե էդ ա, ի՞նչ կարանք անենք, թողնենք, գնա՞նք։ Էրեխեքն ուսանող են Երևան, երկու ուսանող ունեմ։ Մենք էլ՝ մեր հողը, մեր տունը, մեր սահմանը», – ասում է Ոսկեվանի բնակիչներից մեկը։

Վերիչկա տատի երեխաները դրսում են, թոշակի հույսին չէ, գումար ուղարկում են, բայց մեկ է՝ լավ ապրել դժվարանում է:

«Էրկու կոպեկ են զըրկում, տանում եմ բանկը, ոչ մի բան չեմ բերում, փողն իրանց եմ տալիս, գալիս։ Դե ասա՝ ի՞նչ անեմ։ Մի աբուռ փետ ենք բերում, հմի էլ դրել են էդ մարդկերանցը, բռնում են։ Ի՞նչ անենք, բա կրակը հանգած թողա՞նք», – հարցնում է տիկին Վերիչկան։

Հազարից ավելի բնակիչ ունեցող Ոսկեվանում խմելու ջրի արտաքին ու ներքին ցանցի խնդիրներ չկան։ Իսկ գյուղում ջուր չկա, քանի որ վերջին տարիներին ձյունն ու անձրևներն են պակասել:

«Մի 4-5 տարի կլինի՝ արդեն էդ վիճակն ա, գյուղի ժողովուրդը ցիստեռններով Ոսկեպարից ջուր են կրում, բերում, որ իրանց կարիքները հոգան ջրի հետ կապված։ Հիմնական պատճառը, որ ձմեռը ձյուն չի գալիս, անձրևները քիչ են։ Հիմա էս անձրևների ժամանակ մի քիչ տարբերություն կա, բայց էլի չի հերիքում։ Ես դիմել եմ համայնքապետարան։ Համայնքապետարանի հետ համագործակցելով՝ ուզում ենք, որ կողքի գյուղից ինչ-որ ծրագրով ջուրը բերենք և՛ մեզ համար, և՛ Կոթիի համար», – «Անկյուն+3»-ին հեռախոսով փոխանցեց Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Ծրագրի իրագործման ժամկետներն առայժմ անհայտ են:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.