«Մեր լավ ջուրը դուք տանում, խմում եք, մենք ջուր չունենք», – ասում է Ագարակի բնակիչ Սիլվա Չատինյանը։

Կես կատակ, կես լուրջ ագակցիներն ասում են, որ Ագարակի ջուրը ամեն օր Ալավերդի է հասնում, բայց իրենք զրկված են ամենօրյա ջրամատակարարումից։ Սիլվա Չատինյանը, որ Ալավերդի քաղաքից է Ագարակ հարս եկել, ասում է ՝ երիտասարդները գյուղում չեն մնում հենց միայն նմանատիպ հարցերի ու խնդիրենրի պատճառով։

Սիլվա Չատինյանը

«Ես չեմ մեղադրում, որ ջահելները չեն մնում, ապրելու տեսակետից ի՞նչ ապրել», – նշում է ագարակցին։

Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Ուռուտ, Յաղդան և Կողես բնակավայրերերում խմելու ջուրը մատակարարվում է երեք օրը մեկ գրաֆիկով, այն էլ՝ մի քանի ժամով։ Ջրի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացնում հատկապս կանանց համար, որոնք կենցաղում գրեթե ամեն րոպե գործ են ունենում հենց ջրի հետ։

«Էդ կեղտոտ ջրերը խմում ենք։ Ջուրը երեք օր պահես էդ ցիստեռններում, տեղից էլ սաղ ջրատարները պայթած ա, սաղ կեղտոտ ջրերը խառնվում ա, մարդիկ էդ ջրերը խմում են։ Լրիվ տրաքած ա, ջուր չունենք ամառվա շրջանում», – նշում է Սիլվա Չատինյանը։

Սա թերևս Ագարակի առաջնային խնդիրն է։ Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ ժամանակին գյուղը ապահովված է եղել խմելու ջրով։

Մարտուն Գրիգորյանը

«Իրեք օրը մին տալիս են մի 4 ժամով, էդ արանքում ինչ հասցրիր՝ հասցրիր։ Վերջ։ Ջուրը ձորն ա դառնում, գնում ա, մենք ջուր չենք ունենում, բայց ստեղ միշտ ջուր էղել ա։ Սիստեմը սաղ շարքից դուրս էկած ա, 60 տարվա սիստեմ ա», – ասում է Ագարակի բնակիչ Մարտուն Գրիգորյանը։

Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը նախ Ագարակ գյուղի բնակիչների պարտքի մասին է խոսում, հետո վստահեցնում է՝ մոտ մեկուկես տարի անց վերոնշյալ գյուղերում խմելու ջուրը կմատակարավի 24-ժամյա գրաֆիկով։

«Նույն Ագարակ գյուղը 12 մլն պարտք ունենք կուտակված բնակիչների կողմից։ Ուռուտ և Ագարակ բնակավայրերն ընդգրկված են KFW ծրագրի շրջանակներում, որ պիտի ամբողջությամբ հիմնանորոգվի կոյուղին, խմելու ջրի ցանցը։ Էկող շաբաթվա մեջ շինարարի մրցույթը կարվի, մոտավորապես ամառվա վերջին շինարարը կսկսի աշխատել էդ գյուղերում», – ասում է համայնքի ղեկավարը։

Ագարակ և Ուռուտ բնակվայրերի խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղատարի կառուցման ծրագրի արժեքը 650 մլն դրամ է։ Ծրագրի իրականացման արդյունքում կվերականգնվի նաև Կողես և Յաղդան բնակավայրերի խմելու ջրի ջրամատակարարումը։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.