Հովնանաձորը Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերից է։ Համայնքների խոշորացումից հետո այն միավորվել է Լոռի Բերդ համայնքին։
Այս գյուղում ապրելու պայմանները չափազանց բարդ են։ Անտառ չկա, որ փայտ բերեն, հողագործությամբ լիարժեք չեն կարողանում զբաղվել, որովհետև կարկուտը սրբում-տանում է հողին գցածը։ Տեղացիներին, քիչ թե շատ, ձեռնտու է անասնապահությունը։
Հովնանաձորում տասը ընտանիք է ապրում։ Գյուղը տրանսպորտ, խանութ և այլ հարմարություններ չունի։ Բնակիչները հույս ունեն՝ Լոռի Բերդին միանալուց հետո իրենց դժվար կյանքում գոնե մի բան դեպի դրականը կփոխվի: