Մարտի 23-ը Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է։
Մեծ լոռեցու մահվան 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էին կազմակերպել Դսեղի դպրոցի աշակերտները։ Նրանք ներկայացրին բանաստեղծի կյանքի վերջին օրերեը։
Թումանյանի հիշատակի միջոցառումը Դսեղում սակավամարդ էր՝ չնայած դեռ փետրվարի 19-ին՝ բանաստեղծի ծննդյան օրն ասվել էր, որ մարտի 23-ին թե՛ Դսեղում և թե՛ Խոջիվանքում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու։
Մինչդեռ բանաստեղծի ծննդավայր էին եկել միայն Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, ինչպես նաև մանկավարժներ, դսեղցիներ։ Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ամենայն հայոց բանաստեղծին՝ նրա արձանին ծաղիկներ խոնարհելով։ Ապա Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը հոգեհանգստյան կարգ կատարեց։