Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Հունիսի 1-ից Հայաստանում իրավապահները հատուկ սարքով ստուգում են մեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը։ Պարեկային ծառայողները  կկանգնեցնեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենայի առջևի կողային ապակիները թաղանթապատված կլինեն։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։

Այս ամենն արվում է  վարորդների ու հետիոտնի անվտանգությունն ապահովելու՞,  թե՞ այն այնուամենայնիվ ընդունված  հերթական  անհեթեթ օրենքներից է։ Քաղաքացիների կարծիքներն, իհարկե, խիստ տարբերվում են: Լուսաթափանցիկ այս օրենքի մեջ ալավերդցիները մութ կողմեր են տեսնում։

«Երևի բյուջեն դատարկ ա, լցնում են էլի, ես շատ իմանամ։ Մի մհանա գտնում են, մի բան անում են, էնքան շոֆերներից փող տանեն։ Հմի շուշեն իրանց ինչ խանգարեր», – ասում է հարցված վարորդներից մեկը։

«Տուժողը վարորդն ա ըլնում։ Հիմի հասարակ բենզինը 370 դրամ ա», – նշում է մեկ ուրիշը։

Վարորդներից ոմանք արդեն վաղուց ոչ մգեցված ապակիներով են վարում, ոմանք էլ  օրենքն անտրամաբանական են համարում։ Բայց վարորդն ինչպե՞ս կարող է իմանալ՝ ապակիների լուսաթափանցելիությունը նորմային համապատասխա՞ն է, թե՞ ոչ։

«Նրանց փողն ա հետաքրքրում, մարդկանց տուգանեն, իրանց բյուջեում փողերն ավելացնեն, պըրտակեն, ուտեն, ուրխանան», – ասում է քաղաքացիներից մեկը։

Վարորդները միանշանակ չեն ընդունում խստացումը․ համացանցում ու փողոցներում քննարկումները չեն դադարում։ Շատերը պնդում են, որ մուգ ապակիներն առաջին հերթին արևից են պաշտպանում, անձնական տարածք են ստեղծում։ Վարորդները հարց են բարձրացնում՝ ինչու հենց հիմա գործադիրը հիշեց մուգ ապակիների մասին։

«Բիզնես ա, պարզ ասեմ։ Մարդիկ փող են սարքում», – ասում է Ալավերդու բնակիչներից մեկը։

«Շատ բաներ կան, որ կարելի ա դրանցով զբաղվել, ոչ թե սենց մանր բաներով», – նշում է մեկ այլ քաղաքացի։

Այնուամենայնիվ, վարորդներն այսուհետ պետք է հեռացնեն առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինեն մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափը։ Իսկ եթե ոչ, ապա վարչական պատասխանատվության կենթարկվեն նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։



Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.