Լոռվա թերևս ամենագեղեցիկ սարահարթը լուսաբացի հետ լցվում է հողագործ կանանց ծիծաղով ու համով զրույցներով: Տարին այնքան էլ բարեհաջող չի եղել․ մի տեղ դժգոհում են անձրևների բացակայությունից, մեկ այլ տեղում էլ՝ դրանց առատությունից։ Մի խոսքով՝ բնական տեղումները տարվա եղանակներին անհավասար են եղել, ինչն ազդել է բերքի քանակի վրա։ Այնուամենայնիվ մեր նկարահանած ագարակում բերքից դժգոհ չեն։ Կարտոֆիլահավաքը տարվա մեջ երկու ամիս աշխուժացնում է Լոռվա սարահարթի կյանքը։ Երկու ամիս սարահաթը լցվում է կանանց աղմուկով, հումորով, նաև՝ երգերով, բայց և ծանր աշխատանքով, որին հետո 10 ամիս սպասում են կարոտով:

«Ճիշտ ա՝ ծանր աշխատանք ա, բայց հաճույք եմ ստանում։ Մի ընտանիք ենք դառնում, 2-3 ամիս աշխատում ենք», – ասում է Մարինե Հունանյանը։
Շատերը հողում աշխատելու տասնամյակների փորձ ունեն, շատերն էլ նորեկ են գործում, բայց ոչ պակաս եռանդով են աշխատում: Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղից ամեն օր վաղ առավոտյան մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրող և այստեղ եկող կանայք տնային տնտեսուհիներ են, երեխաներին մեծացրել են, աշխատելու ժամանակ արդեն ունեն:

Լիլյա Դեմիրճյանը
«Իհարկե դժվար է։ Բայց ինձ թվում է ոչ մի հեշտ աշխատանք չկա։ Եթե ծերին գումար կա, ուրեմն պիտի անենք․ երեխա ենք պահում։ Մեր ամուսիններն էլ հեշտ չեն աշխատում, մենք էլ ուզում ենք ինչ-որ բանով օգտակար լինենք մեր ընտանիքներին։ Սա առաջին տարին ա, որ էկել ենք, ոչ մի անգամ նման աշխատանքներ չենք արել։ Տնային տնտեսուհիներ ենք, երեխաներ ենք պահում, հիմա երեխաները մեծացել են, արդեն համարձակ գալիս, աշխատում ենք։ Մի ընտանիքի պես մեզ ընդունել են, մենք շատ գոհ ենք կոլեկտիվից», – ասում է Լիլյա Դեմիրճյանը։
Կողեսի դաշտերում չեն լռում գյուղատնտեսական երկաթյա մեքենաների ձայները: Կարտոֆիլի հավաքի սեզոնն է, ֆերմերները շտապում են բերքը դուրս բերել հողից, բարեբախտաբար բարենպաստ եղանակ է, որ կարող է փոխվել ամեն օր։
«Գոհ ենք, նորմալ ա։ Մի հեկտարից 30-35 տոննա։ Լավ ա», – ասում է Արմեն Ավետիսյանը։

Կիսով չափ բեռնված պարկերը տիկին Ալմաստը հողից կտրում է զարմանալի թեթևությամբ, գուցե ուրիշների համար ծանր է, բայց ոչ իր համար: Արդեն մի քանի տարի սիրով աշխատում է դաշտերում: Գարնանը սունկ-սինդրիկի , աշնանն էլ՝ կարտոֆիլի միջոցով է վաստակում:
«Էս սեզոնին աշխատանք կա, ուր էլ ուզում ա գնաս, աշխատանքը կա, կաշխատես։ Բերքն էլ ընդհանուր վատը չի։ Ես սինդրիկ էլ եմ քաղում, բանջար էլ, բալբա էլ, ամեն աշխատանք էլ անում եմ՝ իմ ընտանիքը պահելու համար։ Մենք գիշերը ժամը 3-ին էլ զարթնում ենք, գնում Ապարան՝ սինդրիկի։ Սրանից հետո էլ պետք է սիմինդ քաղենք, եթե իհարկե լինի», – ասում է Ալմաստ Վարդևանյանը։
Ջահել տարիներին կարի արտադրամասում ու մանկապարտեզում է աշխատել տիկին Ալմաստը, տասը և ավելի տարիներ աշխատանքը հողի հետ է, հողին կպած: Հեշտ չէ, հոգնել է, բայց այլ ելք չկա:

«Որ հոգնել ենք, ուրիշ ինչով կարանք ապրենք։ Ապրելու ձև չկա։ Պետք է աշխատենք։ Գյուղացունն էդ ա», – ասում է տիկին Ալմաստը։
Գյուղերում դժվար է ասել, թե որն է կնոջ աշխատանք, որը՝տղամարդու: Կանայք կարտոֆիլը հավաքում են, մանրն ու խոշորն առանձնացնում, տեղավորում պարկերի մեջ, մնացած աշխատանքի պատասխանատուն Նարեկն է:
«Առաջին տարին ա։ Անցած տարի ուրիշ տղա էր, որն էս տարի չի էկել, իրա գործը ես եմ վերցրել, անում եմ։ Ուրախ ենք, թե չէ սաղ տարին գործ չի ըլնում, գոնե ստեղ երեք ամիս աշունն ենք աշխատում, մի ամիս էլ՝ գարնանը։ Էլի մեր ընտանիքներին կարում ենք պահել այս գումարով», – ասում է Նարեկ Ներսիսյանը։
Կեսօրին ճաշի են նստում մեծ խմբերով։ Ճաշը մատակարարում է կարտոֆիլի դաշտի տերը։ Ճաշացանկը կախված է դաշտատիրոջ ձեռնաբացությունից։ Բայց ինչ էլ մատուցեն, կարտոֆիլն անպակաս է սեղանից՝ խորոված, եփած թե աղցանների տեսքով։ Մի խոսքով՝ կարտոֆիլային ճաշկերույթների, կարտոֆիլային կատակների ու ասել խոսելու օրեր են նաև Լոռվա սարահարթում։ Ծանր աշխատանքը դաշտերում մարդիկ թեթևացնում են նաև միմյանց օգնելով:

Գյուղացու ծանր աշխատանքին սովորել են նաև քաղաքաբնակները։ Ասում են՝ վերջին տարիներին կարտոֆիլի և առհասարակ գյուղատնտեսական մթերքների գները մի փոքր ավելացել են, իրացումն էլ վատ չէ, սակայն մինչև ե՞րբ։ Եղել են տարիներ, երբ կարտոֆիլագործները դժվարացել են վաճառել բերքը, կարտոֆիլը տվել են անասուններին, հիասթափվել գործից, իրենք էլ հաջորդ տարի մնացել են առանց աշխատանքի։ Եվ ամեն տարի այդ վախն ուղեկցում է, ասում են կանայք: