Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալագիր է հանձնել երկրաբան, երաժիշտ, երգահան, ՀՀ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ Ռոբերտ Թամազյանին:
Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Ռ. Թամազյանի հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նա մասնակցել է արցախյան պատերազմներին, աչքի ընկել մեծ հայրենասիրությամբ ու, չնայած տարիքին, պատրաստ է Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, կրկին հանդես գալ ի պաշտպանություն հայրենի հողի:
Ռոբերտ Թամազյանը նաև մի շարք հայրենասիրական երգերի հեղինակ և կատարող է: Նա ալավերդցի է ու նաև Ալավերդուն նվիրված երգ է հեղինակել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ռոբերտ Թամազյանը «Նոր Ալավերդի» կամավորական գումարտակի հրամանատարի տեղակալ էր։
«Մեծ է Ձեր ներդրումը հայրենիքի պաշտպանության և հայ մշակույթի պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում: Հայրենիքի համար դժվարին պահերին ձեր ցուցաբերած հայրենասիրությամբ դուք գովեստի արժանի օրինակ եք սերունդների համար», նշված է Լոռու մարզպետի շնորհակալագրում:
Ռոբերտ Թամազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին՝ գնահատանքի համար, նշել է, որ մշտապես պատրաստ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: