Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Ոսկեպարցի Ժորայի նյարդերը տեղի են տալիս, երբ հրապարակ են գալիս քաղաքական թեմաները: Ադրբեջանի հայտարարությունները վաղուց են լցրել տարեց ոսկեպարցու համբերության բաժակը:

«Մեր ղեկավարներից մեկն ասի՝ ա՛յ մարդ, գոնե սուս արեք, էլի, ախր դուք, ձեր էդ Ադրբեջանը գոյություն չի ունեցել մինչև 20 թիվը, Հայաստանը հին, նախնադարյան պետություն ա, ամբողջ աշխարհը ճանաչում ա, գիտի, նրանց (Ադրբեջանին) ո՞վ ա ճանաչում։ Բայց նրանք էնպիսի պրոպագանդա անում են, որ էն եվրոպացիք էլ են հավատում։ Ախր գոնե մեզանից մինը վեր կենա, ասի՝ Բաքուն մերն ա եղել, մենք ենք սարքել։ Ա, գոնե սուս արեք, էլի», – սրտնեղելով ասում է Ոսկեպարի բնակիչ Ժորա Պապյանը։

Ժորա Պապյանը

Հասցեագրվող սպառնալիքներին ու մեղադրանքներին կպատասխաներ, բայց իր ասելիքը եթերային չէ, դրա համար խնդրում է, որ քաղաքական այրերը միավորվեն ու իր տեղը ցույց տան աքլորացած Ալիևին:

«Ուզում եմ ասեմ մեր բոլոր քաղաքական ուժերին՝ միանան․ մենք միասին հզոր կլինենք, և թուրքերը մեզանից կվախենան։ Մենք խելք-խելքի կտանք, մի բան կանենք, էս վիճակից դուրս կգանք», – ասում է Ժորա պապը։

Միամիտ չենք, որ չհասկանանք՝ քամին որ կողմից է փչում,-ոսկեպարցի պատմաբան Նվեր Բեգլարյանն է ասում ու գյուղի և ճանապարհի կարևորությունն ընդգծելու համար մեջբերում արծվաշենցի դասախոսի և առաջին նախագահի երկխոսությունը:

Նվեր Բեգլարյանը

«Լևոն Տեր-Պետրոսյանին ասավ՝ գյուղս տվիր էլի, Լևոն։ Լևոննն էլ ասավ՝ զատո Ոսկեպարը պահեցինք։ Ոսկեպարը պահելը, որպես իմ հայրենի գյուղ չեմ ասում, Ոսկեպարը գրավելուց հետո Ալավերդի էլ կմտնեն, Կիրովական ու Դիլիջան էլ կմտնեն սարերով։ Սա ա ամբողջ հարցը, ոչ մեկը թող չասի՝ ես հեռու եմ ապրում սահմանից։ Երկու քայլ հետո կհասնեն իրանք, իսկ էդ երկու քայլի բանալին Ոսկեպարում ա գտնվում», – ասում է պատմաբան Նվեր Բեգլարյանը։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Հայաստանի՝ «կադաստրի թուղթ» չունենալու հայտարարությունները, Տիգրանաշենի ու Տավուշի անկլավների շուրջ խոսակցությունները սահմանապահ գյուղերում առավել ցավոտ են ընդունվում: Իհարկե նրանց համար, ովքեր գիտակցում են վտանգները:

Այն, որ Տավուշի անկլավների՝ 7 գյուղերի տարածքները Ադրբեջանի համար երկրորդական են, թերևս ապացուցում է Ադրբեջանի՝ վերջին 30 տարիների լռությունը, ասում է ոսկեպարցի պատմաբանը: Ակնհայտ է, որ անկլավների անվան տակ հակառակորդը նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ՝ Կիրանց-Բաղանիս հատվածի, նաև՝ Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհի երթևեկը:

«Ինչի՞ համար ա էս անկլավների հարցը բարձրացնում, որպեսզի ստանա Հայաստան-Վրաստան-Երևան-Թիֆլիս մայրուղուն, դեպի Սյունիք գնացող Տիգրանաշենի պահով Սյունիքի մայրուղուն և Ազատամուտի մոտ փակի դեպի Բերդ գնացող ճանապարհը։ Էս ա Ադրբեջանի նպատակը, իսկ եթե Վերին Աքսիբարա գյուղում նստի, փաստացի տեր ա կանգնում․․․․ մինչև Կիրովական գյուղ չկա, էս ա նրա նպատակը», – ասում է պատմաբանը։

Այդ սցենարի դեպքում Ոսկեպարն էլ որպես գյուղ չի կարող գոյատևել։ Ու ոչ միայն, որ արոտավայրերի մեծ մասն է անցնելու հակառակորդի վերահսկողության տակ, այլև գյուղում ապրելն առհասարակ դառնալու է վտանգավոր:

«Եթե Ադրբեջանի ասածներն անենք, մեր դիրքերը փաստացի տալիս ենք և մնում Ադրբեջանի ողորմածությանը։ Ու եթե Ոսկեպարի գլխին թուրքը դիրք դրեց, ոչ մի ոսկեպարցի ըստեղ երեխա չի պահելու, նոր գաղթ ա սկսելու։ Իսկ եթե մենք սրա դեմը չառնենք, չխոսենք, փաստացի կա՛մ պետք ա գնանք Երևան, կամ էլ գաղթենք Ռուսաստան», – նշում է Բեգլարյանը։

Վերին Ոսկեպարի հանձնումով ադրբեջանական զինուժը դիրքավորվելու է Լոռու մարզի թիկունքում: Այս առումով անհանգստացած են նաև լոռեցիները։

«Մեր տարածաշրջանից գյուղեր հանձնվեն Ադրբեջանին ու մենք մտահոգվելու կարիք չունենա՞նք։ Անպայման ունենք։ Պետք ա չհասկացող մարդ լինի, որ ասի՝ մեզ չի վերաբերում։ Մեր սահմանն ա մոտենում։ Մեր ճանապարհները, գազատար խողովակն են անցնում նրանց կողմը։ Դա մեզ վերաբերող մեծ հարց ա», – նշում է հարցված ալավերդցիներից մեկը։

Իրավիճակից ելքը ոսկեպարցին առաջարկում է՝ կռվելու փորձ և իրենց հողում ապրելու կամք ունեն, մնում է համախմվել:

«Ինչպես 1990 –ական թվերին ժողովուրդը ոտի կանգնեց ու ընդդիմացավ, իրանց գյուղը պահեց, իրանց շենը պահեց, հմիկ էլ պետք ա նույն բանն անել», – ասում է Նվեր Բեգլարյանը։

Ամեն գնով պետք է պահել «կյանքի», այն է՝ Հայաստան-Վրաստան ճանապարհը, որով անցնում են տնտեսական ու ռազմավարական նշանակության ապրանքներն,-ասում են Ոսկեպարում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.