«Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթին ամենակարճ ժամանակահատվածում ամենաշատ հարցերի պատասխանած մասնակիցը Ալավերդու համար 12 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանն է, որն էլ ճանաչվել է «Կորիզ» 2023-ի հաղթող։

Վալերիկ Պետրոսյանը
«Տեսնելով, որ իմ դասընկերները մասնակցում են, որոշեցի ես էլ մասնակցել՝ հույս ունենալով, որ կնվաճեմ տեղերից մեկը։ Մասնակցեցի, առաջին փուլը հաջողությամբ կարողացա անցնել, երկրորդ փուլի ժամանակ հարցերը բարդ էին, լարված էի։ Մաթեմատիկայից մի հարց կար, որ մի քիչ երկար եմ մտածե», – ասում է Վալերիկը։
«Կորիզ»-ն այս տարի պատրաստել էր նաև հատուկ նոմինացիա՝ «Տարվա կրթական մարզ»։ Ըստ որի, նոմինացիայում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթն է ստանում այն մարզը, որի մասնակից աշակերտը լավագույնն է դառնում բոլոր տարիքային խմբերում։ Սա նշանակում է, որՎալերիկ Պետրոսյանի հաղթանակը Լոռու մարզ է բերել նաև «Կորիզ» 2023-ի «Տարվա կրթական մարզ» գավաթը։

Համար 12 դպրոցում տեղի ունեցավ «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցույթի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը մրցանակը հանձնեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին։
Մրցույթն արդեն երրորդ տարին է, որ իրականացվում է։ Այս ընթացքում հասցրել է կրթական աշխարհում դառնալ ամենահեղինակավորը։ Իրականացրել է իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Հասմիկ Ավետյանը, որը Վալերիկ Պետրոսյանի դասղեկն է, ասաց, որ այս հաղթանակը դպրոցի բոլոր առարկաների ուսուցիչների աշխատանքի արդյունքն է նաև։

Հասմիկ Ավետյանը
«Մրցույթը բազմաժանր է, տարբեր առարկաների շրջանակներում հարցադրումներ են։ Այնպես որ, այստեղ տարբեր առարկաների ուսուցիչների ներդրումն է», – ասում է դասղեկը։
«Կորիզ» համադպրոցական մրցույթը հայկական կրթական «Օսկար»-ն է, որին արդեն հասցրել են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների 5-12-րդ դասարանների ավելի քան 18․000 աշակերտներ։

Սուրեն Ալոյանը
«Մենք, երբ համախմբվեցինք 50 տարբեր ընկերությունների ներկայացուցիչներով, բոլորիս իրականում համախմբեց մի բան՝ հավատը դեպի կրթություն, հավատը, որ կրթությունն է մեր ապագան, որ մեր ապագան կրթված քաղաքացու ձեռքում է։ Եվ որոշեցինք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք աշակերտներին խրախուսել և ցույց տալ, որ նրանք մեր ուշադրության կենտրոնում են, երբ լավ են սովորում, երբ ձգտում են։ Վատ սովորող հասկացություն չկա, նրանք միշտ ունեն հնարավորություն ամեն օր կատարելագործելու իրենց արդյունքները։ Եվ անպայման կհասնեն հաջողության», – ասում է «Կորիզ» համադպրոցական մրցույթի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը։
Մրցույթի արդյունքում մրցանակներ են ստանում ոչ միայն հաղթող աշակերները, այլ նաև նրանց ուսուցիչները։