81-ամյա Ցողիկ Հովսեփյանը տնամերձ այգին բիզնեսի է վերածել։ Այգում աճեցրած մշակաբույսերը, բացի տանն օգտագործելուց, նաև վաճառում ու գումար է վաստակում։ Տանը հազար ու մի խնդիր է լուծվում Ցողիկ տատի վաստակածով։ Լոբի, կաղամբ, վարունգ, լոլիկ, անփուշ մոշ ու շատ այլ մշակաբույսեր է նա աճեցնում։
Ծնվել է Արմանիսում, ապրել Ստեփանավանում։ Տատի ընտանիքը 88-ի ավերիչ երկրաշարժից հետո է Ուրասար տեղափոխվել ու հաստատվել այստեղ։ Չորս զավակ, 15 թոռ ու 17 ծոռ ունի։ Նրանց մի մասը Ռուսաստանում են ապրում, մյուս մասը՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Զավակներից մեկն է միայն իր հետ ապրում։ Բայց մյուսների հետ էլ է մշտական կապ պահում։ Ասում է՝ հեռավորությունը չի խանգարում հարազատների հետ ջերմ ու դրական շփում ունենալուն։

Տատը չորս տարեկանից խորթ մոր խնամքի տակ է մեծացել։ Մանկուց աշխատել է և հիմա էլ առանց աշխատելու չի կարող ապրել։ Չի սիրում, երբ հողն անմշակ են թողնում։ Ասում է՝ դա ծուլության նշան է և շատ ամոթ հատակապես գյուղացու համար։
«Մի անգամ Զատիկ էր, տեր հայրը պատարագ էր անում, ջահել կանայք էլ սաղ օրը զաբոռների տակ նստած սրա-նրա հարցերն էին լուծում։ Ու պատերազմը․․․ վայ, պիտի սովից մեռնենք, և այլն։ Ասի՝ ամոթ ա, գյուղացին էլ, որ պիտի սովից մեռնի, թող գնա, քարից ընկնի։ Սիրտս կանգնում ա, որ ծերացել եմ, 82-ի մեջ եմ։ Սաղ կյանքս աշխատել եմ, լոդր մարդ չեմ սիրում, ով ուզում ա՝ լինի», – ասում է Ցողիկ Հովսեփյանը։
Ի դեպ՝ միայն տեղական մշակաբույսեր չէ, որ աճեցնում է։ Թոռան օգնությամբ արտասահմանից տարատեսակ սերմացուներ են պատվիրում, բանջարեղենի տարբեր տեսակներ աճեցնում։

Երիտասարդ տարիներին էլ է Ցողիկ Հովսեփյանը ակտիվ եղել։ Խորհրդային տարիներին աշխատել է այն ժամանակ Հայաստանի միակ մրգային դոնդողի՝ կիսելի գործարանում։ Ապա եղել է Ստեփանավանի զինխանութի վարիչը։
Ընտանիքը, որտեղ մեծացել է, նույնպես մեծ է եղել։ Հայրը 40 տարուց ավելի գյուղխորհրդի նախագահն է եղել։ Ընտանիքից տատի մոտ միայն մեկ նկար է պահպանվել։
Այժմ Ուրասարի եկեղեցու բանալիները տիկին Ցողիկին են վստահված։ Այստեղ հատկապես ամռանը շատ է լինում, որովհետև Ուրասարը վերջին տարիներին զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։ Իսկ եկեղեցին ռուսական է եղել, բայց 10 տարի առաջ փոխանցվել է Մայր Աթոռին ու վերաօծվել։ Այս գործում մեծ է եղել հենց Ցողիկ Հովսեփյանի դերը։ Եկեղեցու դռները բացելու և այն գործող դարձնելու համար տիկին Ցողիկը շատ է պայքարել։