Տիկին Լեյլիի՝ լճկաձորցի աղջկա ու հարսի ուշքն ու միտքը հայրենի եզերքն է: Գյուղի բնությամբ հիացած՝ լուսաբացից մայրամուտ արդեն տասնամյակներ չարչարվում, արարում է՝ միայն հարատև խաղաղության երազանքով:

«Տեր Աստված, մենակ խաղաղություն կուզենք, մնացածը մենք մեր ձեռքով կանենք։ Մեր ազգն աշխատող ա, ուրիշի ձեռքին չի նայի, բայց որ մենք փոքր ենք, բոլորն էլ թաթը մեր ազգի վրա են դնում։ Թող թուրքը կորչի, տեր Աստված, ինչ ա ուզում էս խեղճ ու կրակ ժողովրդից», – ասում է Լեյլի Առաքելյանը։

Լեյլի Առաքելյանը

Մշտական զրուցընկերուհու միակ ցանկությունն էլ խաղաղությունն է: Տիկին Ամալյան՝ Լճկաձորի 40 տարվա բուժքույրը, հասցրել է  75 ծննդաբերություն ընդունել:

«Նենցը կա, որ մի տանը իրեք հատ ծնունդ եմ ունեցել։ Օրինակ՝ Մարուսի 2 էրեխեն էլ ըստի են ազատվել, Ժիրոյի էրեխեքն էլ՝ էրկուսն էլ հենց էդ տանը։ Էդ տանը հինգ ծնունդ եմ ունեցել։ Էն Առաքելյան սոնիկին էլ եմ ազատել, աղջկանն էլ», – պատմում է Ամալյա Ափյանը։

Գյուղին առողջ սերունդ պարգևած բուժքույրը, որ արդեն ութսունն անց է, հոգնել ու դժգոհել չգիտի: Գարնան գալու հետ հարևանուհիներով սարերում են՝ մինչև սինդրիկ- ծնեբեկի սեզոնի ավարտը։ Չի տուժում նաև տնամերձը: Չափերով համեստ այգին այնքան բերք է տալիս, որ քաղաք՝ հարազատ-բարեկամներին է ուղարկում, համագյուղացիներին էլ բաժին հանում:

Ամալյա Ափյանը

Ամալյան հարևան Արճիսից է հարս եկել Լճկաձոր: Սկզբում Կողբի հանդամասերում է 6 տարի բուժքույր աշխատել, ամուսնուն օգնել, հետո տեղափոխվել է Լճկաձոր:

«Իրանց հետ մերվել, աշխատել եմ, իրանց հարգանքը վայելել։ Ես էլ նվիրված եմ էլել իրանց ամեն ընչով։ Որպեսզի հիվանդ չունենամ, առողջ ըլնեն, գիշեր-ցերեկ չի էլել ինձ հմար։ Հիմի հլա բուժքույրերը, բժիշկներն ասում են՝ էկեք, եմզ մեքենայով տարեք։ Բայց ես սաղ քշերները լուցկու լույսով թուղթ եմ վառել, գնացել, որ հիվանդին հասնեմ, փրկեմ կյանքը», – պատմում է տիկին Ամալյան։  

Թիվ ու հաշիվ չկա այրած լուցկիներին․ անժամ ու տարաժամ չափչփել է գյուղի փողոցները։ Մի անգամ ամուսինն է ուղեկցել, մի  անգամ էլ՝ տնեցիներից որևէ մեկը։ Բայց ավելի շատ միայնակ, չի ցանկացել արթնացնել հոգնած ու քնած տնեցիներին։ Ամալյայի սրտացավության ու պատրաստակամության արդյունքում Լճկաձորում հիմա էլ բժշկի դիմողները քիչ են, վստահեցնում է հարևանուհին:

«Ինքը Արճիս գյուղից էկավ ու կարծես շենացրեց մեր գյուղը։ Մեր բալիկներին շատացրեց, մեր հիվանդներին բուժեց։ Մենք ոչ մի անգամ բժշկի մոտ չենք գնացել։ Ես երեք տղա եմ ունեցել, 3-ին էլ Ամալյա տատն ա ինձ նվիրել։ Բոլորս հիացած ենք էղել իրա աշխատանքով, իրա համեստությամբ։ Մի հատ չէր ասի՝ ժամը 12-ն ա, բա ինձ ինչի եք զանգել։ Էն ժամանակ պտտովի հեռախոսներն էր․ Ամալյա տատի՞կ, էս էրեխի տաքությունը բարձրացել ա։ Գալիս եմ, էսա գալիս եմ։ Էն ժամանակ գյուղում ոչ լույս, ոչ էլ ջուր կար, ոչ հնարավորություն կար։ Բայց ինքը լուցկին վառել ու էկել ա, մեր էրեխեքին նայել։ Եվ էնքան մնացել ա, մինչև էրեխու ջերմությունը իջել ա, նոր ա ինքը իրա տուն գնացել», – պատմում է Լեյլի Առաքելյանը։

Մտերիմ հարևաններն իրար հանդիպելու, զրուցելու առիթ այս օրերին հաճախ չեն ունենում․ աշխատանքը շատ, ոտքի տակ կրակ է վառվում, ինչպես ընդունված է ասել, բայց հոգու կրակն էլ պակաս կարևոր չէ, ու ստացված հանդիպումներն էլ հոգի ջերմացնող են՝ կարոտի հիշողություններով լի:

«Դեպքից դեպք ենք կարողանում տեսնել։ Թե մեքենայով անցնում ենք, ասում եմ՝ Ամալյա ջան, բարև։ Գյուղի աշխատանքը մեծ ա, չգիտենք՝ դաշտը գնա՞նք, թե տանինն անենք», – ասում է տիկին Լեյլին։

Լճկաձորին սիրահարված տիկնայք մեծ ցավ են ապրում, երբ գյուղից ջահելներ են հեռանում։ Անհագ քաղաքը տանում է ու տանում։

«Գնամ Երևան, 2 օր կենամ, ասում եմ՝ էրեխեք ջան, ինձ ուղարկեցեք գյուղը։ Կարող ա տեսարժան վայրեր շատ չունինք, բայց մեզ համար մեր բնությունը, մեր այգիները, մեր անտառը տեսարժան վայր ա։ Գարունը գալիս ա, վազում եքն անտառներից սինդրիկ, սխորիկ քաղում, բերում։ Մեր գյուղը մեզ համար ամեն ինչ ա», – անկեղծանում է Լեյլի Առաքելյանը։

Գյուղի ապագայով մտահոգ՝ մտահոգ են նաև Արցախով ու արցախցիների ճակատագրով։ Եվ վերջում էլի խաղաղության մաղթանքով են հրաժեշտ տալիս իրենց հացն արդար քրտինքով աշխատող, ոչնչի ու ոչ մեկի աջակցության չսպասող լճկաձորցի կանայք, որ երազում են, թե ի վերջո խաղաղություն ու հաց կլինի՞ պաշարված Արցախում:

«Միշտ մեր նպատակն ա, որ մեր երկիրը մեծանա, մեր Ղարաբաղն ազատագրվի։ Ամեն իրիկուն Լրաբերի առաջ ենք նստած, որ տեսնենք, տեր Աստված, տեսնես էդ երեխաներին հաց հասավ-չհասավ», – թախիծով եզրափակում է տիկին Լեյլին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.