«Կյանք եմ արել ես ինձ համար, ապրել խաղաղ՝ ձմեռ, ամառ, աշխատել եմ համառ, ժամանակ չեմ ունեցել ծերանալու համար։ Էսօր 84 տարեկան եմ, բայց համառ եմ դեռ», – ասում է Հայկազ Դավթյանը։

Համառ Հայկազն է արդեն քանի տարի ղեկավարում գյուղացիների շարժումն ընդդեմ անտառապետության: Պետական կառույցների դռներ են թակել, բացատրել, որ Ուչկիլիսա կոչվող հանդամասից փայտ բերելը բարդ է, վտանգավոր, ինքնարժեքն էլ մի քանի անգամ ավելանում է: Գյուղացիներին լսում են, հարցին լուծում տալ չեն շտապում:

Հայկազ Դավթյանը

«Մեր անտառը էստեղից կտրում, տանում, ծախում են՝ որդի ասես, մեզ չեն թողում, պտի գնա, Ուչկիլիսից ման գա, փետ բերի։ 8 կիլոմետրի փոխարեն 28 կիլոմետր ենք գնում, իջնում Ալավերդի, գնում սահման հասնում։ Էդ նույն թափուկից թող մեր տարածքից տան, մեր սարիցը» , – ասում է Կաճաճկուտի բնակիչ Հայկազ Դավթյանը։  

Կաճաճկուտում վառելափայտն այլընտրանք չունի, ձմռան շեմին գյուղացին մնացել է առանց փայտի:

Ռուբիկ Դալլաքյանը

«Դե հմի ուզում ա տասը տարի էլ դատեն, որ իմ էրեխեն մրսի, դողացնելիս ըլի, գնալ տիմ կտրեմ, բերեմ, բայց դե տենց ըլիլ չի։ Ընտրության վախտը գալիս են ոտի տակ ընկնում, խնդրում, ընտրվում են, ոտներուն տեղ բռնում ու գնում։ Վերջ», – ասում է ԿԱճաճկուտի բնակիչ Ռուբիկ Դալլաքյանը։

Միայն բեռնատարի արժեքն անցնում է 50 հազարը, սա լավագույն դեպքում։ Քանի ձմեռը մոտենում է, վարորդներն էլ գներն ավելացնում են:

«Մեր անտառն, ասում են, ուրիշը տի գա, տանի, մեզ էլ նենց տեղ ղարգում են, փետի արժեքը մենակ ավտոյին տենք տա։ Ո՛չ աշխատանք  կա, ո՛չ բան կա, մի երկու ապրանք ենք պահում, դրանով քուրփաթ պահում, ոչ էլ փետ ունենք․ մեր մոդիկ անտառից մեզ փետ չեն տալիս։ Դե ասում ենք պետութին կա, ու՞ր ա պետութին», – սրտնեղում է Ռուբիկ Դալլաքյանը։

Փայտի ձեռքբերման առանց այդ էլ դժվար գործն այս տարի ավելի է բարդացել: Տարին սելավներով առատ էր, անտառի եղած ճանապարհներն է՛լ ավելի են քանդվել։ Մեքենաները ջարդվում են, մնում կես ճանապարհին:

«Անտառի մեջի ճամփեքն էս տարի պիտանի չի, սելավին քանդվել ա, մեքենա չի աշխատում, ամեքը մի վիլիս ունեն, գնում են ավտոն ջարդում, գալի։ Ի՞նչ անեն, ըստի մենք անտառ ունենք չեն տալի, որ ժողովուրդը տենան մրսում են, էլ տալուն մտիկ չտեն անի, գնալ տեն ամեքը մի կտոր տանեն, որ վառեն, որ քրեական գործ ըլի, հո ամբողջ գեղին դատելու չեն», – ասում է կաճաճկուտեցի Վոլոդյա Դավթյանը։  

Վոլոդյա Դավթյանը

Նախկինում 8 խորանարդ մետր թափուկ վառելափայտը Կաճակուտի բնակիչները ստանում էին Տաշիրի անտառտնտեսությանը պատկանող անտառներից։ Հիմա տեղամասը փոխվել է՝ տեղափոխվել Ջիլիզա: Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Արթուր Դավթյանն այս որոշումը խելամիտ չի համարում՝ հենց միայն երկկողմանի 90 կիլոմետր ճանապարհի պատճառով:

Արթուր Դավթյանը

«Խնդիրը պետական կառավարման լուրջ բացթողում ա։ Գնացել եմ, անտառապահների հետ էս հարցով խոսացել եմ, իրանք ոչինչ չեն կարող անել։ Իրանք անում են էն, ինչ վերադասն ա թելադրում։ Արդյունքում տուժում ա հասարակ գյուղացին։ Երբ Տաշիրում մոտակա էր, էդ պահին էլ պատճառաբանում էին, որ այդ տեղամասում կոնկրետ 100 տնտեսության համար հասանելիք թափուկ չունեն», – ասում է Արթուր Դավթյանը։

Վերջերս մենք անդրադարձել էինք նաև Ծաղակաշատում վառելափայտի ձեռքբերման խնդրին ու լսել նաև Թումանյանի անտատնտեսության պատասխանը,որը թերեւս հուսադրող չէր:

Դավիթ Սարգսյանը

«Տեղանքը կապ չունի։ Ծաղկաշատի բնակիչը կարա թափուկ վառելափայտ հավաքի նաև Շնողի, Դսեղի, Թումանյանի անտառպետությունից և այլն», – նշում է «Թումանյան» անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։

Փայտի ձեռբերման դժվարությունը համառ  սարեցուն չի վախեցնում, ելքը կգտնի, ասում է:

«Որ ձյունը գա, մենք սարի ժողովուրդ ենք, մենք ուժեղ կամքի տեր ենք։ Ձյունը կգա, մենք դրա հակապրյոմը կանենք։ Ես հատուկ ծառեր եմ ցանել՝ ուռենիներ, որ կտրենք։ Հետո էս քանի տարի ա՝ բերք չկա, յա անձրև ա, յա փոշոտում չկա։ էս երկու տարի ա՝ բան չենք վերցնում, կկտրենք, կվառենք։ Դե պիտի լավատես ըլես, լաց ըլելով ի՞նչ դուրս կգա։ Մարդը պիտի համառ ըլի, մի քիչ պայքարի», – ասում է Հայկազ Դավթյանը։  

Իսկ պայքարող 84 ամյա Հայկազ Դավթյանը վստահ է, որ կառավարությունը վերջապես կարձագանքի ու որպես գազ չունեցող գյուղի բնակիչների՝ իրենց ընդառաջ կգա։ Հակառակ դեպքում Լալվարի փեշին ապրողները պաշտոնյաներին հանգիստ չեն տա:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.