Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ու սփյուռքի հայկական բոլոր եկեղեցիներում սրբազան պատարագից հետո համազգային աղոթք է բարձրացվել՝ ի զորակցություն արցախահայության և ի պահպանություն Հայոց աշխարհի:

Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր են տարվել սրբազան մասունքներ՝ հայ ժողովրդի հոգևոր մխիթարության և օրհնության համար: Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի է բերվել Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Վարվառա կույսի մասունքը։

Արարողության ընթացքում Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օրհնեց Հայաստան, Արցախ աշխարհները և ներկա հավատացյալ ժողովրդին։

Իսկ համազգային աղոթքին միացած մարդիկ հավատում են, որ իրենց աղոթքները կհասնեն առ Աստված և լույս կբացվի Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

«Այս ծանր օրերին, առավել քան երբևե կարևոր է, որ յուրաքանչյուր հայ մարդու սրտի խորքից բխի աղոթք մեր ազգի համար», – ասում է Գայանե Եղիկյանը։

«Ես ամեն աստծո օր տիրոջից խնդրում եմ, որ ժողովրդիս իմաստնություն տա, որն ամենակարևորն է», – ասում է Արտակ Արամյանը։

Թերեզա Շահվերդյանը

Տիրոջը խնդրելու եմ խաղաղություն։ Շատ մեծ ողբերգություն ապրեցինք մենք այս վերջին ժամանակաշրջանում։ Այնպես է ստացվել, որ իմ դասերի մեծ մասը առնչվում են հայ ժողովրդի պատմությանը։ Ու ես պատմել եմ, թե 387 թվականին Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, 1639 թվականին Թուրքիայի և Պարսկաստանի միջև, էդպես ոգևորված խոսել եմ, բայց էդ ցավը, էդ ահավոր վիշտը, տառապանքը ես այսօր Ղարաբաղը տալուց հետո եմ զգացել», – ասում է Թերեզա Շահվերդյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.