Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ համատեղ իրականացնում է հողերի դեգրադացման կանխմանն ուղղված ծրագիր։ Այն ընդգրկում է երկու մարզ՝ Լոռի և Սյունիք։ Լոռու մարզում որպես թիրախային տարածքներ նախապես ընտրվել են Թումանյան համայնքի Աթան, Ահնիձոր, Քարինջ, Մարց, Շամուտ, Լորուտ բնակավայրերը։ Ծրագրի մեկնարկային աշխատաժողովին մասնակցում են ծրագրի նախաձեռնողները, ոլորտի ներկայացուցիչներ, թիրախավորված բնակավայրերի ղեկավարներ։ Ծրագիրն իրականացվում է երեք բաղադրիչով։

Անի Սիրականյանը
«Ամենամեծը երկրորդ բաղադրիչն է, որի շրջանակում նախատեսվում է արդեն իսկ ծրագրի նախագծային փուլում Լոռի և Սյունիք մարզերի 4 հազար հեկտար դեգրադացված մարգագետնի վերականգնումը։ Դեռևս ծրագրի նախագծային փուլում թիրախավորվել են հստակ համայնքներ, բայց վերջին շրջանում մեր կողմից կատարված դաշտային այցելությունների և համանքի ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց տվեցին, որ մենք տարածաշրջաններում ունենք այնպիսի համայնքներ, որտեղ հողային լանդշաֆտները վերականգնողական աշխատանքների միջամտության կարիք ունեն։ Եվ քանի որ մենք այս փուլում վերջնականապես չենք ամրագրել մեր համայնքները և հնարավորություն ունենք համալրել դրանց թիվը, դա է պատճառը, որ այսօր հրավիրեցինք լրացուցիչ այլ համայնքների ներկայացուցիչների։ Ներկայացվեց ծրագիրը, և շատ հնարավոր է՝ իրենք նույնպես հանդիսանան որպես ծրագրի թիրախային գոտիներ», – ասում է ծրագրի համակարգող Անի Սիրականյանը։
Հողերի դեգրադացման պատճառները շատ են, ասում է ծրագրի համակարգողը։ Օրինակ՝ մեկը հողային ռեսուրսների կայուն կառավարման բացակայությունն է։

«Մենք էստեղ գործ ունենք հիմնականում հողային այն լանդշաֆտների հետ, որտեղ պարբերաբար գերարածեցումներ են եղել, այսինքն մարդիկ շատ են անասնաբուծությամբ զբաղվել, և հեռագնա արոտներ չեն կիրառվել։ Մեր շահառուներից ոմանք մեջբերեցին, որ համապատասխան ապրելու միջավայր չեն կարողանում ապահովել, որպեսզի գնան հեռագնա արոտներ։ Այսինքն, նույն տարածքներն անընդհատ գերծանրաբեռնված են, որն էլ բերում է դեգրադացման», – նշում է Անի Սիրականյանը։
Մինչև մեկնարկային հանդիպումները գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների հետ, ոլորտի մասնագետները դաշտային այցելություններ են իրականացրել և գնահատել հողային ռեսուրսները։ Ծրագրի տեխնիկակական փորձագետ Կարոլինա Սթարն ասում է՝ դեգրադացված հողեր մարզում շատ կան, բայց անդառնալի չեն։

Կարոլինա Սթարը
«Հենց հիմա այն պահն է, որ որոշակի գործողություններ կատարելիս հնարավոր է դրանք վերականգնել։ Եվ նաև ուզում ենք տեսնել, թե այստեղի բնակչությունը, Լոռվա մարզի համայնքները որքանով են պատրաստ ներգրավվելու այդ աշխատանքներում», – ասում է ծրագրի տեխնիկական փորձագետ Կարոլինա Սթարը։
Այսպիսով, ծրագրի արդյունքում կվերականգնվեն դեգրադացված հողային ծածկույթներ, մարգագետիններ, արոտավայրեր, անտառներ կիրականացվեն բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր:

Ռուբիկ Շահազիզյանը
«Մենք նախատեսում ենք ծրագրի շրջանակներում մեղվաբուծության զարգացման աշխատանքներ, անասնապահության, մթերատվության և արտադրողականության բարձրացման աշխատանքներ, ջրախնայող ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառում, այլընտրանքային բանջարային մշակաբույսերի ներդրում, պտղատու, հատապտղային այգիների հիմնում և նմանատիպ այլ աշխատանքներ, որոնք կնպաստեն բնակչության այլընտրանքային եկամուտների ավելացմանը», – նշում է -«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ՊՀ ներկայացուցիչ Ռուբիկ Շահազիզյանը։
«Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի տևողությունը երեք տարի է։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ էկանոմիկայի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի, ՀՀ Ագրարային համալսարանի, Լոռու մարզպետարանի և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ: