Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Հագվիում իրականացվում է խմելու ջրի ներքին ցանցի նորոգում։ Մեկ կմ երկարությամբ հատվածում տեղ-տեղ դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում, սակայն աշխատանքների ավելի մեծ մասն ավարտված է, մնում է տեղադրել դիտահորերն ու բարեկարգել շրջակայքը։ Դիտահորերը կտեղադրվեն ճանապարհի սահմանազատման գոտում, որը, ըստ երևույթին, կհեշտացնի նաև ջրաչափերի ստուգաչափման աշխատանքը, ասում է «Վեոլիա ջուր» ընկերության՝ այս տեղամասի աշխատակիցը:

Գառնիկ Քալաշյանը

«Ըստ մեր օրենքի՝ պիտի լինի սահմանազատման կետ, այսինքն, մարդու հողամասից պիտի դուրս լինի դիտահորը, ջրաչափը դրած լինի ընդեղ․ հսկիչը գործ չունի ոչ նրա դռանը, ոչ էլ՝ նրա», – ասում է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակից Գառնիկ Քալաշյանը։

Այն, որ մաշված ու քայքայված ջրի ներքին ցանցը փոխվում է, դա գովելի է, ասում են բնակիչները, բայց ինչո՞ւ են այնպես անում, որ տարիներով հաշտ ու խաղաղ ապրող հարևան-բարեկամներն այսուհետ վիճելու առիթ ունենան,-ասում են Հագվիում: Բանն այն է, որ դեպի գյուղի ցածրադիր թաղամաս տանող շուրջ 300 մետր նոր խողովակները նախկինի համեմատ զգալի նեղ տրամաչափ ունեն։ Գյուղացիները մտահոգություն ունեն՝ հատկապես ամռանը ջուրը քչություն է անելու:

«Խնդիրը մենակ էն ա, որ բարակ ա, կարող ա չհերիքի։ Ներքևի տներում ջուրը որ բացեն, կարող ա վերևի տներ չգնա», – նշում է մի գյուղացի։

Բնակիչների մի մասն էլ դժգոհում է նոր ջրաչափերի տեղադրման վայրից․ որոշակի չափով ծախսեր են արել, նոր խողովակ գնել, իսկ թե ջուրն էլ սակավ լինի, նախկին ոչ մաքուր ջրագծին երանի կտանք, ասում են։

Արշավիր Մանյանը

«Էս ջրաչափի տեղերը կարային տանեն գեղի ներքի ծերը, ոչ թե բերել են կես տեղը։ Մի 150 մետր մեր տունը հեռու ա։ Խոսքի, 4 հոգու փայն ըստի ա՞ դրած, էն 4 հոգու փայն էլ գեղի ներքևը կդնեին։ Էս որ ստի 150 մետր խողովակ եմ առել, էդ նույն մագիստրալը կգնար ընդի, էլ էդքան խողովակը ես չէի ծախսի», – ասում է Հագվու բնակիչ Արշավիր Մանյանը։

«Ճանապարհի ամենանեղ հատվածն ա սա, չգիտեմ ինչի՝ տարել են, դրել ընդի։ Ցեխ օրերին ավտոն կարող ա ընկնի մեր բախչեն», – ասում է Վաչագան Պապինյանը։

«Մեզ ով ա բանի տեղ դնում, իրանք ոնց ուզում, նենց էլ անում են։ Սարքած էր, էս ի՞նչ արին», – նշում է գյուղացիներից մեկը։

«Վոելիա ջուր» ընկերության աշխատակիցը շտապում է բնակիչներին վստահեցնել , որ, այնուամենայնիվ, ջրի պակաս չի լինելու թաղամասում:

«Հիմնարկը եթե որոշել ա էս խողովակը, ուրեմն կբավարարի։ Էնտեղ 8 բաժանորդ ա, ուրեմն կբավարարի, եթե էնտեղինը մեծ ա, էստեղինը փոքր ա», – նշում է «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը։

Ինչպես ասում են՝ մի ձեռքը լավ է, երկու ձեռքը՝ գերազանց։ Հենց այս կարգախոսով հագվեցիները օգնում են աշխատակիցներին, որպեսզի թաղամասում տիրող շինարարական խառնաշփոթը արագ վերջանա, քանի որ աշխատանքներով պայմանավորված՝ անգամ ոտքով տեղաշարժվելը մեծ փորձություն է ու կոտրվածքներ ստանալու վտանգ հատկապես երեխաների համար:

«Ժամանակի խնդիր կա, որ շուտ չի փակվում։ Անձրևներ ա, ցեխ ա։ Էրեխեքը քննությունների են, «Սմարթ» են գնում, յուրաքանչյուր ընտանիք էլ կենդանիներ ունի, ճանապարհն արդեն խանգարում ա։ Կողքից խոտհարքներ ա, չենք կարում անցկացնենք, ճանապարհով էլ՝ նույնպես», – ասում է գյուղացիներից մեկը։

Հավելենք նաև, որ գյուղամեջից դպրոց ճանապարհահատվածում նախատեսվում է ասֆալտապատում, իսկ դպրոցից դեպի կալերի թաղ տանող  ճանապարհը ենթադրվում է, որ էլ ավելի վատ վիճակում կհայտնվի, քան նախկինում էր. փորված մեծ փոսերը կծածկվեն  միայն հողի շերտով։

Ծրագրի վերաբերյալ մանրամասների ու բնակիչների մտահոգությունների մասին խոսելու նպատակով փորձեցինք կապ հաստատել գյուղի նորանշանակ վարչական ղեկավարի հետ, սակայն վերջինս ակնհայտ խուսափողական վերաբերմունք ցուցաբերեց և չցանկացավ պատասխանել շինաշխատանքների հետ կապված որևէ հարցի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.