Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Մոտկորեցիների աչքը լույս է եկել, տասնամյակների սպասումը` ավարտվել: Շինտեխնիկան տեղում է, գործը՝ սկսված։

Մ6 -Աթան 27․5 կմ ճանապարhահատվածում  մեծ թափով իրականացվում են  հողային աշխատանքներ։ Շինաշխատանքներն այս պահին հիմնականում կատարվում են Լորուտ և Շամուտ բնակավայրերի մոտ։ Հողային աշխատանքների ավարտից հետո կսկսվի ջրահեռացման համակարգի վերականգնումը:

Մելքոն Մելքոնյանը

«Հողային աշխատանքի վրա դրվելու ա խճավազային հիմքը՝ 16 սմ հաստությամբ, հետո շեբինը, ապա գործարանային արտադրության ասֆալտ-բետոնե խիճ ու 6 սմ ասաֆալտ-բետոն», – ասում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ աշխղեկ Մելքոն Մելքոնյանը։

Յոթ գյուղախմբերը սպասարկող այս ճանապարհի նորոգումը կենսական նշանակություն ունի: Գյուղացիներն ասում են՝ աշխարհից մեկուսացած բնակավայրերում վերջապես կյանքը բնականոն հունի կանցնի:

«Շատ բաներ կփոխվի։ Մի հասարակ բան ասեմ, տաքսին, որ նստում ես, ասում ես՝ Աթան կտանե՞ս, չի քշում։ Եթե ասֆալտ ըլնի, պարզ ա, որ ամեն ինչն էլ լավ կըլի։ Ամեն օր համարյա գնում-գալիս եմ, տեսնում եմ՝ աշխատում են», – ասում է Մոտկորի բնակիչներից մեկը։

Աթանի վարչական ղեկավարի խոսքով՝ ճանապարհի հիմանորոգումը կնպաստի բնակավայրերի զարգացմանը։ Բնակիչները գյուղմթերքն ավելի հեշտ կիրացնեն, հետագայում կզարգացնեն նաև տուրիզմը:

Տիգրան Քոչարյանը

«Գյուղացի մարդիկ են, չարչարվում են, ստեղծում են, բայց որ ճանապարհ չկա, անհույս մարդիկ են, չեն էլ ուզում որևէ բան անել։ Հիմա արդեն ահագին փոփոխություն նկատվում ա էլի։ Էն մարդիկ, որ պատրաստվում էին գյուղից դուրս գան, արդեն էլ չեն ուզում գնան», – ասում է Աթանի վարչական ղեկավար Տիգրան Քոչարյանը։

Ճանապարհի կապիտալ հիմնանորոգման ծրագիրը ենթադրում է ասֆալտբետոնե երկու շերտի, ջրահեռացման համակարգերի, հենապատերի կառուցում, ճամփեզրի վտանգավոր ժայռերի հեռացում։ Ինչ վերաբերում է առաջին փուլի ժամկետներին, ապա ըստ նախագծի պլանավորվում է 340 օրում շահագործման հանձնել այն, սակայն  անբարենպաստ եղանակների պատճառով ժամկետները չեն պահպանվի: Հողը թաց է, աշխատելը երբեմն ահնար, ասում է աշխեկը:

«Իմ կարծիքով՝ կերկարի։ Մենք նախատեսել ենք 17,5 կմ ասֆալտբետոնե ծածկով էս տարի ավարտին հասցնենք», – նշում է աշխղեկը։

Նախատեսվում է ասֆալտապատել նաև  դեպի Մարց, Լորուտ, Քարինջ, Ահնիձոր գյուղեր տանող ընդհանուր 8 կմ երկարությամբ ճանապարհահատված։

Հավելենք, որ 36 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքը մոտ 4,5 միլիարդ դրամ է։ Ծրագիրը կյանքի է կոչվել պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.