«Նայի, ստեղ սաղ ասկոլկեքի տեղեր ա, ստեղ էլ ամբողջությամբ։ Դե չենք կարողացել սարքել, ինչ անենք, մի թեթև կարգի ենք բերել որ ապրենք»
Տան պատերի վրա նշմարվող բեկորների հիմնական հետքերը 1990-ակններից են մնացել, բայց այս տարիների ընթացքում էլ պարբերաբար թարմացվել են։
Ոսկեպարցի Բեգլարյանների՝ թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող տունը գրեթե բոլոր ժամանակներում կրակի տակ է եղել, բայց մեծահասակ ամուսիները այդպես էլ տունն ու տարածքը չեն լքել, հարմարվել են ստեղծված պայմաներին, ինչպես իրենք են ասում՝ մի օր լավ, մի օր վատ։

Խաչիկ Բեգլարյանը
«Անձրևի տակ էլ եմ մնացել, տունն էլ, երկրորդ հարկն էլ ա քանդվել, բայց դե էլի չենք գնալու, կմեռնեմ իմ հողումը, իմ հոր, մոր, իմ եղբոր կողքին իմ տեղն էլ պատարստ ա», – ասում է Ոսկեպարի բնակիչ Խաչիկ Բեգլարյանը։
Ապրում են միայնակ։ Այնպես չէ, որ երեխաներ չունեն, պարզապես նրանցից որևէ մեկը չգերադասեց ապրել սահմանապահ Ոսկեպարում։ Գյուղում աշխատանք չկա, իսկ գյուղական գործերը վաղուց երիտասարդներին չեն գրավում։
«Տղես 4 երեխա ուներ, երեք աղջիկ, մի տղա։ Փարոս էլ չէին տալի էդ էրեխանցը։ Ասին պետք ա կով չպահես։ Կոպ ո՞նց չպահես, էրեխու համար ես կով պահում», – ասում է Խաչիկ Բեգլարյանը։
Վերջերս երկրի ու ընդհանրապես հայ ժողովրդի համար դժվարին այս ժամանակներում ամուսիններով հաճախ են վիճաբանության մեջ մտնում, երբեմն հուսալքվում, սրտնեղում։ Միայն թե հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն․ սա է միակ ցանկությունը տարեց ամուսինների։
«Թուրքերը թող կանե՞ն խաղաղ ապրենք մենք։ Իրանք շատ են, մի ընտանիքում 8-10 երեխա է ծնվում, հայերն էլ չեն ունենում, երկուսի մինն էլ կռիվ ա գնում, հետ չի գալիս, չեն էլ ամուսնանում սկի։ Մեր գյուղում հաշվենք 40,50 տղա ազափ են», – ասում է ոսկեպարցի կինը։
Ոսկեպարցին երազում է խաղաղության մասին: Բայց ապրում են ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակում։ Ամուսիներով մտորում են մի խորը հոգոցով ասում՝ դժվար օրեր դեռ նոր են տեսնելու։

«Վաղը չէ մյուս օրն էլ մեզ լինելու, գիդենք, բայց վախելու բան չունենք, Ղարաբաղը թուրքին տվին-պրծան, ազատվեցին, հմի էլ շուռ կգան դեպի մեզ՝ Տավուշ, Սյունիք։ Կգան, քիչ-քիչ կգան։ Բայց էլի պայքարելու ենք մինչև վերջի շունչը, մի հատ կինո կա՝ ծերերն են գնում պատերազմ։ Մենք կգնանք, կխփվենք մեր էրեխեքը սաղ լինեն, մեզ կթաղեն։ Ժողովուրդը էլի նամուս ունի, էլի կդիմանան, կպայքարեն», – ասում են ոսկեպարցի ամուսինները։
Մի ամբողջ հայրենիք ենք տանուլ տալիս, առանց հասկանալու, առանց գիտակցելու։ Ուր է կորել մեր ազգային գիտակցությունը, թասիբը, ինչու ենք այսքան մասնատված, բարոյալքված, միթե այս Հայաստանի համար էինք պայքարում -վրդովվում է Խաչիկ պապը։

«Իրանական երկրներում ասում են՝ արի, ուզում ես կառավարես, արի, եթե մի սխալ կանես, էս մի մատդ կկտրենք, երկու սխալ կանես, երկու մատդ։ Շատ որ անես, ձեռդ կտրիլ տենք։ Կերել են, փախչիլ տեն, ես էլի մնալ տեմ ստեղ, հետ դառնալու տեղ չկա։ էն որ ասում ա՝ առաջը ջուր, հետևը՝ սուր, հմի մերն ա», – ասում է պապը։
Իրականում ոսկեպարցին կպած է իր հողին, դուրս գալ չի ուզում, բայց սահմանապահ գյուղերում կյանքն ու խնդիրները այլ գույներ ունեն, որոնք, այնուամենայնիվ, ստիպում են երիտասարդներին լքել սիրելի ծննդավայրը։ Ասում են՝ գյուղը այլևս կորցրել է իր համն ու հոտը։ Ժպիտով են հիշում թոնրի լավաշի թխման արարողակարգը․ գյուղով մեկ հավաքվում էին ու մի ամբողջ օր միասին հաց թխում, ասում-խոսում, վերջում էլ գաթան իջեցնում թոնիր։ Հիմա գրտնակ անողն էլ, թխողն էլ հիմնականում մեծահասակներն են մնացել․ թոնրի կրակը այլևս վառ պահող չկա։