Հեղինակ՝ Վոլոդյա Հովսեփյան
Շուտով Հայաստանի օդային տարածք կմտնի Բաքվից Ստամբուլ մեկնող «Թրքիշ էյրլայնի» ՏԿ 333 գրանցումով Ա 321 մարդատար օդանավը: Այն, ինչպես թուրքական ավիաընկերությունների մյուս օդանավերը, անարգել, առանց որևէ խոչընդոտի և միջազգային ավիացիոն գործակալության կարգուկանոնով, մտնում է մեր օդային տարածք և դուրս գալիս:
Նույն ժամին Բաքվից Նախիջևան Հայաստանի օդային տարածքով մեկնում է Ջ 22 53 օդանավը: Էմբրայերը մտնում է Հայաստանի տարածք 8500 մետր բարձրության վրա, անցնում Սևանա լճի վրայով՝ բարձրությունն իջեցնելով և հասցնելով 6900 մետրի: Այստեղից արդեն օդանավը պատրաստվում է վայրէջքի. կրկին որևէ խոչընդոտ չի հանդիպում։ Ինչպես ամեն անգամ, Հայաստանի սահմանից քիչ հեռու՝ Նախիջևանում, վայրէջք է կատարում:
Նույն ժամին Երևանից Ստամբուլ է մեկնում և արդեն Հայաստանի օդային տարածքից դուրս է եկել «Ֆլայ ուան» ավիաընկերության Էյերբաս Ա 320-ը: Կրկին՝ անարգել: Չվերթ եղել է թե՛ մայիսի 1-ին, թե՛ ապրիլի 28-ին՝ բարեհաջող:

Շաբաթ՝ ապրիլի 29-ի երեկոյան, Երևանից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև թռչող օդանավը, Հայաստանի օդային տարածքում երկար շրջապտույտներից հետո, վերջապես կարողանում է հաղթահարել Թուրքիայի օդային տարածքն ու Սև ծովի վրայով հասնել Քիշնև:
Ապրիլի 29-ի ուշ երեկոյան արդեն «Ֆլայ ուան Արմենիան» հայտարարեց՝ Թուրքիան իր տարածքով դեպի Եվրոպա գնացող օդանավերի համար փակել է օդը, չեղյալ հայտարարել նախօրոք տված թույլտվությունը: Ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը մամուլին ասել էր՝ փակելու պատճառն իրենց համար անհասկանալի է:
Սրանից հետո, պարբերաբար, հայկական օդանավերը վայրէջք են կատարել այլ երկրների օդանավակայաններում՝ Թուրքիայի տարածքով անցնելու թույլտվությունը չեղյալ հայտարարելու պատճառով: Երեկ էլ չեղյալ է հայտարարվել Երևան-Փարիզ-Երևան թռիչքը:
Կրկին հիշեցնենք, որ, անկախ ամեն ինչից, «Ֆլայ ուան Արմենիա»-ի օդանավը մեկնում է Ստամբուլ և հետ գալիս:
Թուրքիան վառված է Նեմեսիսից: Այսօր էլ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է՝ Երևանում Նեմեսիս գործողության հուշաղբյուր բացելու պատճառով են չեղյալ հայտարարվել թռիչքները, դա սադրանք է, այդպիսի գործողությունները շարունակելու դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն ընդդեմ Հայաստանի:
Հայաստանը թուրք պաշտոնյային դեռ չի պատասխանել: Այսօր մեր երկրի կառավարական ինքնաթիռն է վայրէջք կատարելու Թուրքիայում. տեղափոխում է Ազգային ժողովից Ալեն Սիմոնյանին: