Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Միշա Սահակյանը մեկն է Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարբեր ճակատներում կռված 600 հազար հայորդիներից։ Վետերանը հայրենական պատերազմի Թումանյանի տարածաշրջանից ողջ մնացած միակ վկան է։ 

«Առողջ ըլիք, հաջող ըլիք, աշխարհին խաղաղություն», – մաղթում է 97-ամյա վետերանը։

Թեպետ վատառողջ է, բայց եկել է, որ անպայման  ներկա գտնվի միջոցառմանը։ Բայց ցավում է, որ մարտական ընկերներն էլ իր հետ չեն։

Մայիսի 9-ն է։ Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի տարած հաղթանակի օրը։ Այն միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության տոն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Օրվա խորհրդով, ավանդույթը չխախտելով, ալավերդցիները  երթով շարժվեցին դեպի հաղթանակի հուշարձան։

Ապա ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում ընկած տղաների շիրիմներին ու հաղթնակի հուշարձանի պատվանդանին։

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Մենք չենք կարող մոռանալ մեր պապերի հիշատակը, չենք կարող ուրանալ նրանց կյանի գնով ձեռք բերված հաղթանակը, ասում է մանկավարժ Օլեգ Իգնատենկոն։

«Դժվար է պատկերացնել, որ մի պատերազմի ժամանակ 27 մլն մարդ կարող է զոհվել։ Եթե 27 միլիոնից յուրաքանչյուրի համար առանձին լռության րոպե կազմակերպվի, ապա ամբողջ աշխարհը հիսուն տարի կլռի։ Պատկերացրեք՝ դա ինչ սարսափելի թիվ է։ Ու մենք էսօր հպարտանում ենք, որ մենք մեր լուման ենք ունեցել», – ասում է Իգնատենկոն։

«2013 թվականին եղել են 19 հոգի մեր շրջանում, էսօր մնացել ա միայն Միշա պապը։ Նրա առողջությունն էլ լավ չի, բայց փառք Աստո, իր ոտքով էկել ա իր պարտքը մատուցի», – ասում է Թումանյանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռոբերտ Աղաբեկյանը։

Տոնի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց  Ալավերդի համայնքի ղեկավարը: Նա  նաև շնոհակալագիր ու նվեր հանձնեց տարածաշրջանի միակ վետերանին:

Հաղթնակի հուշահամալիրում նաև տոնին նվիրված միջոցառում անցկացվեց։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.