Լոռվա Դսեղում նորից մեծ բանաստեղծի՝ Թումանյանի ստեղծագործություններն են հնչում։

Շուրջ 2 տարվա ընդմիջումից հետո բանաստեղծի ծննդավայրում կրկին Թումանյանական օր է, որի կարևոր առաքելությունը եղել է, կա և կմնա մատաղ սերնդին թումանյանական աշխարհին հաղորդակից դարձնելը:

Թումանյանական օրը  կյանքի է կոչվել 1992 թվականին՝ նորաստեղծ «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահի նախաձեռնությամբ, որի հիմնադիրներից մեկը Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանն է։ Հետագայում Լոռվա ձորի բոլոր նախագահների և հովանավոր անվանի լոռեցիների ջանքերով, իսկ վերջին տասնհինգ տարում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի անդուլ ջանքերի շնորհիվ  դարձել է ավանդական ու ժողովրդի սիրելի տոներից մեկը։ Այս տարի օրը տարբերվում է նախորդներից, որովհետև նախաձեռնության հեղինակը՝ Սերգո Երիցյանն է բացակա։ Իսկ նրա գործը տղան՝ Սարգիս Երիցյանն է շարունակելու։

Միջոցառումը Թումանյանի տուն-թանգարանի մերձակա տարածքում համախմբել է մտավորականների, արվեստի գործիչների և այլ մարդկանց, որոնք գալիս են հերթական անգամ մեծարելու բանաստեղծին ու նրա պոեզիան։ 

Օրվա գեղարվեստական մասը իրենց գեղեցիկ կատարումներով ապահովեցին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի հայ, չինացի և իտալացի սաները։

Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ այսօր էլ կարծես թե մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ:

Ռուբեն Քանքանյանը

«Իսկապես պետք  է ասեմ, որ Թումանյանի գրվածքները արդիական են հատկապես այսօրվա համար, երբ ազգը ծանր ժամանակներ է ապրում։ Եվ եթե ուշադիր կարդալ Թումանյան, ապա նաև կարելի է գտնել որոշակի խորհուրդներ և լուծման ճանապարհներ, որ նա դեռ առաջարկում էր իր ժամանակ։ Թումանյա՛ն կարդալ», – ասում է Հովհաննես Թումանյանի ծոռը՝ Ռուբեն Քանքանյանը։

Թումանյանի ժառանգներից Ռուբեն Քանքանյանը դատարկաձեռն չէր եկել Դսեղ։ Նա Թումանյանների գերդաստանի անունից նվեր ուներ թանգարանի համար։

Մեր ապրած և չապրած ժամանակները պետք է կարողանալ հարստացնել թումանյանական իմաստնությամբ, փիլիսոփայությամբ, մարդասիրությամբ, մտահոգություններով, ինչու չէ նաև՝ ուրախություններով։

«Երևի կարդացած կլինեք՝ «Նամակ հայ ժողովրդին» Թումանյանի նամակը։ Էնքան արդիական է, դեռ դարասկզբին Թումանյանը տեսել, հեռվից զգացել է, որ հետագայում ինչեր կարող են տեղի ունենալ։ Եվ բոլոր ժամանակների համար դիմում է ժողովրդին։ Նա արդիական է և էդպես էլ պիտի մնա», – ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հորովել» երգի, պարի անսամբլի մեներգիչ Ստեփան Դալլաքյանը։

«Ձեռքս ընկավ Թումանյանի անտիպների ժողովածուն։ Այն համբերատար, մանրակրկիտ, ոսկեձեռ աշխատանքը, որ կատարել է նա և արդյունքում մեզ է փոխանցել այն, ինչ-որ մենք տեսնում ենք, իրականում աննկարագրելի հիացուցիչ էր։ Որն է դասը։ Այն, որ սիրելի ստեղծագործողներ, եթե ինչ-որ բան եք գրում, մի կրկնեք իմ սխալը։ Ես երբ ինչ-որ բան էի գրում, մտածում էի, որ դա իմ բալիկն է, մատը չի կարելի կտրել, ոտքի մատը թույլ չեմ տա, ձեռքի մատը թույլ չեմ տա․․․ ամեն ստեղծագործություն համարում էի ավարտուն շեդևր։ Հետո հասկացա, որ դա եղել է իմ երբեմնի հպարտությունը», – ասում է դերասան, բանաստեղծ Արթուր Եղինյանը։

Թումանյանի խոսքը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, մեծ է հնարավորությունը թումանյանական աշխարհը տարբեր երկրների ընթերցողներին ավելի արագ և հասցեական ներկայացնելու համար։

Գարեգին Ներսեսյանը

«Մի քանի տարի առաջ պարոն Երիցյանի ղեկավարությամբ Թումանյանի մոտ 17 հեքիաթներ թարգմանել են չինարեն մեր դպրոցի ուսուցիչները, էստեղ բերել, ներկայացրել ենեք Թումանյանի տուն-թանգարանում, և այդ հեքիաթները հիմա Չինաստանում որպես արտասահմանյան գրականություն շատ դպրոցներում օգտագործում են», – ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Գարեգին Ներսեսյանը։

Միջոցառման ավարտին ներկանները ծաղիկներ խոնարհեցին Հովհաննես Թումանյանի կիսանդրու առջև։

Դրան հաջորդեց մոմավառության կարգ Դսեղի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ավանդույթները շարունակվում են և շարունակվելու են։ Թումանյանական արժեքները հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր ժողովրդին։ Ուստի ամեն առիթ չպետք է բաց թողնել թումանյանական աշխարհը ներկայացնելու համար, -ասաց Լոռվա Ձոր հայրենակցական միության նորընտիր նախագահը։

«Պարոն Երիցյանը մեզ լավ ժառանգություն է թողել և պատգամել է, որ այն ամենը, ինչ ինքը սկսել է, մենք պարտավոր ենք շարունակել։ Շատ-շատ դեպքերում պարոն Երիցյանին համարում էինք Թումանյանի հոգեժառանգը», – նշում է Գարեգին Ներսեսյանը։

Սերգո Երիցյանի տղան ՝ Սարգիս Երիցյանը,  նույնպես դատարկաձեռն չէր եկել։ Նա թանգարանին նվիրեց 5 հատորից բաղկացած հայերեն բացատրական բառաններ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.