Ինչպես ասում են՝ առաջին հացը կամ անցորդինն է, կամ էլ՝ հարևանինը: Տաշիր համայնքի կազմի մեջ մտած Արծնիում գյուղական ավանդույթներն ամենից լավն են պահպանվել։ Կիրակին այստեղ հաց թխելու օր է։ Հարևաններով հավաքվում, թոնիրը վառում ու հաց են թխում։ Անուշաբույր տաք հացի ու թոնրի շուրջ միայն ջերմ զրույցներ են տարվում։
Տիկին Մարուսը հպարտորեն ասում է՝ ինքն ու տեղի բնակիչներից շատ- շատերը 90-ականներին այստեղ են եկել Ջավախքից՝ իրենց հետ բերելով Ջավախքի համն ու հոտը։ Վստահեցնում են՝ հաց թխելը ամեն մեկի խելքի բանը չէ, հատուկ վարպետություն և մեծ սեր է պահանջում։

Մարուս Դոմիցյանը
«Առաջին անգամ, որ հաց թխեցի, Ջավախքում էինք ապրում, դռները ներսից փակեցի, որ ոչ մեկը չտեսնի։ Գուցե անհաջող ստացվի։ Մի հատ տարիքով, լավ հարևան ունեինք, ինքը էկավ, տեսավ, ասեց թոնիրդ քիչ ես վառել։ Դա իմ համար դաս եղավ։ Ու ամեն թխելուց կամաց-կամաց հասկացա, թե ոնց պետք ա անենք։ Ջահելները չեն սիրում, բայց ուտել ուզում են։ Մի հարսս ջավախքեցի ա, ասում է՝ գամ, անեմ։ Վախենում են, ձեռքերը հետ են քաշում», – պատմում է Արծնիի բնակիչ Մարուս Դոմիցյանը։
Մինչև հացը կթխի, հացթուխները մտքով հայրենի Ջավախք են վերադառնում։

«Ես տեսել եմ իմ տատիկիս սկեսուրին, ինքը յուղը հալում էր, ճմուռ էին ասում, էս տաք-տաք հացը բրդում էր մեջն ու ուտում էին։ Կավից մեծ աման էր, փայտից գդալներ, ամենքը իրա կողմից գդալով ուտում էին։ Ջավախքի համուհոտ էստեղ չկա, մեր Ջավախքի յուղը, պանիրը, ամեն ինչի համն ուրիշ էր, որակն ավելի լավն էր։ Էստեղի պանիրն էլ կեր, Ջավախքինն էլ։ Էնտեղաց համն ու հոտն ուրիշ է», – ասում է տիկին Մարուսը։
Արծնիում իմ ու քո չկա։ Գրեթե ամեն ինչն են կիսում ու հպարտորեն փաստում․ գյուղում նախանձը, չարությունը խորթ հասկացություններ են։ Տարբեր բնակավայրերից են այստեղ եկել՝ Ջավախք, Գետաշեն, Վարդաշեն, Արցախ, բայց բոլորը մի ընդհանուր թելով կապված են միմյանց։ Միակ խնդիրը, որ շատ դեպքերում կատակի է վերածվում, բարբառն է։ Երբեմն չեն հասկանում իրար։

«Կարտոշկա հավաքելիս հետևում կարտոշկեք են մնացել, աշխատողները ասել են՝ կարտոշկեքը խի եք թողել հողի երեսին, հավաքեք։ Մենք էլ ասել ենք՝ ու՞ր ա։ Մարդիկ մեր բարբառով ասել են՝ հանդը։ Ղարաբաղցիք էլ ասել են՝ հանդը տենում եմ, կարտոշկեն չեմ տենում։ Հանդը՝ այսինքն էստեղ ա կարտոշկեն։ Հիմա իրար հետ շատ լավ ենք։ Շատերը պարզ, հասկանալի լեզվով խոսում էին,իմ հարևանի ասածն էլ գնում էի, որ մյուս հարևանս թարգմանի», – ասում է Մարուս տատը։
Իսկ լավ հաց թխելու գլխավոր նախապայմանը ցորենի մաքուր ալյուրն է,-ասում է ավագ հացթուխը։ Նա է, որ կրակը միշտ թեժ է պահում, հետևում, որ հանկարծ հացը կուտ չգնա, այսինքն կրակի մեջ չընկնի։

«Մի ժամանակ գնացող ալյուրներ կային։ Բերում էին անձամբ մեր թոնդիրը, մենակ ես ունեի, էնքան էդ հացերը կերթային, էս թոնդրա շուրթը կլցնեին, կուտ կըսեին», – պատմում է թոնրի շուրջ հավաքված կանանցից մեկը։
Հայկական գյուղական կյանքում չկա ավելի հաճելի բան, քան նստել հացաբույր թոնրատանը, ճաշակել թարմ հաց ու պանիր։ Հենց սրանք են հայկական կենցաղի շատ քաղցր ու տաք զգացողությունները։