Մադանեցի Աղվանյանները նորածնին տուն են բերել, դուռ-պատուհան կողպել, որ աղբավայրից եկող անտանելի ծուխն ու գարշահոտությունը քիչ վնասի ծննդկանին ու երեխային:

Գրետա Աղվանյանը
«Եթե մի պուճուր դուռը բաց թողինք, նախադու լցվում ա տան մեջը, ծխի մեջով բերել ենք տուն հասցրել, մի քիչ վերև էլ էն մյուս աղջիկս ա ապրում՝ 3 ամսական երեխայի հետ, էս էլ էն մի թոռս ա։ Դե ասեք՝ սենց ո՞նց պահենք երեխա։ Հա՛մ հոտն ա, հա՛մ խեղդոցն ա։ Չես հսկանում՝ հլա մեծերը ջհանդամ», – դժգոհելով ասում է Մադանի բնակիչ Գրետա Աղվանյանը։
Արդեն երկրորդ օրն է՝ Ալավերդու կոշտ-կենցաղային թափոնների աղբավայրն այրվում է։ Թունավոր նյութերի թանձր ամպերը պատել են Մադան թաղամասը: Հատկապես ծանր վիճակում են ասթմատիկ ու ալերգիկ հիվանդություններով տառապողները:
«Էրեկ ամբողջ օրը սենց մառախուղի նման էր, տանից դուրս չեմ գալիս, ֆարինգիտ ունեմ, խեղդվում եմ», – ասում է թաղամասի տարեց կանանցից մեկը։

«Ապերացիա ունեմ, տես, ծակ ա իմ բուգը (կոկորդը), մատըս դնում եմ, որ խոսամ։ Բա էս ծուխը կարա՞մ տանեմ», – ասում է բնակիչներից մեկը։
Մեծամասշտաբ բռնկումը աղբի միտումնավոր այրման հետևանք է, կարծում են մադանեցիները:
«Վառում են, որ տեղ ըլի, բերեն, լցնեն»։
«Հիմի էս փետի տակին, որ բան չվառես, դա կվառվի՞։ Մարդիկ են, երևի մի լարի են ման գալիս, որ տանեն, իրանց համար հացի, սիգարետի փող անեն։ Հենց նենց չի վառվի երբեք»։
Մադանը ծխի մեջ տեսնելով՝ Ալավերդուց անհանգստացած ընկերն է զանգել Գագիկին՝ որպիսությունն իմանալու: Երեկ թունավորվել է. չգիտի՝պահածոյից թե ծխից:

«Իմ բաղչեն էն ձորումն ա, տենում եք՝ ընդի օդ էլ չկա, կարտոշկա հանեի, տեհա խեղդվում եմ։ Էրեխուն էլ բերին, էկա տուն, մի կտոր խորոված կերա ու մի գդալ փակած բան։ Ու վատացա։ Մհանեն ուտելիքին գցեցի, յեդով ինձ ասին՝ դա չի, ծուխն ա», – պատմում է Գագիկը։
Մադանեցիներից շատերն էլ տեսախցիկից հեռու էին բողոքում, որ երեկվանից խեղդվում են, շնչել չեն կարողանում ու վերջապես սեփական երկրում ապրում են՝ անտեսված ու մոռացված։

«Գիտես ինչ, էս երկրում եդքան մարդ ա մեռնում, թող մի երկու հոգի էլ Մադանից մահանան, ինչ ա էղել։ Թող խեղդվեն, իրանց շատ պետք ա՞»։
Ծխի ամպը վաղ առավոտյան պատել էր նաև Ալավերդին ու հատկապես Սարահարթ թաղամասը: Արդեն կեսօրին մոտ թեև ցրվել էր, բայց տհաճ հոտն ու խեղդող օդը անհնար էր չզգալ: Իսկ նրանք, ովքեր նոր էին եկել քաղաք, աղբի տհաճ հոտը շփոթում էին գազի արտահոսքի հետ:

Աղբավայրում հերթական անգամ բռնկված հրդեհի մարման գործում 911 հրշեջ փրկարարական ծառայությունը միայն դրա տարածումը դեպի հարակից խոտածածկ ու անտառածածկ տարածք կանխելու հանձնառություն ունի, այս դեպքում հրդեհի մարումն իրականացնում է Ալավերդու կոմունալ ծառայությունը: Իսկ Ալավերդու համայնքապետարանից տեղեկացրին, որ կոշտ-կենցաղային թափոնների աղբավայրի հրդեհի վերաբերյալ պարզաբանում ու տեղեկատվություն կտրվի Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: