Այս տարի լրանում է «Թատերական Լոռի» փառատոնի 45-ամյակը։

1978 թվականին Ակներում առաջին անգամ կազմակերպվեց թատերական շաբաթ, որը հետագայում տեղափոխվեց Ալավերդի, դարձավ «Թատերական Լոռի» փառատոն։ Փառատոնը 2011 թվականին դարձավ մարզային հանրապետական, ապա՝ միջազգային։  

Անցյալ 45 տարիներին «Թատերական Լոռի»-ի շրջանակներում Ալավերդիում և մարզի այլ քաղաքներում հանդես են եկել ավելի քան 500 թատրոններ մայրաքաղաք Երևանից, հանրապետության մարզերից, Ռուսաստանի դաշնությունից, այդ թվում՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, Բելոռուսիայից, Ուկրաինայից։ Փառատոնային դահլիճներում ներկա են եղել տասնյակ հազարվոր թատերասերներ։

«Թատերական Լոռի»-ին հայտ են ներկայացրել և մասնակցել թատերախմբեր Ֆրանսիայից, Իրանից, Ճապոնիայից և այլն։ Թատերական ծրագրերը եղել են բազմազան՝  բարեկամության երեկոներ, թոք շոուներ, հանդիպումներ կրթական հաստատություններում ու համայնքապետարաններում և այլն։ 

Փառատոնը նաև իր նպաստն էր բերում Ալավերդու տարածաշրջանում զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում։ Մի քանի միլիոն դրամ էր ներդրվում հյուրանոցների վարձակալման, հյուրերի սննդի կազմակերպման, տաքսի և այլ սպասարկման ծառայություններից օգտվելու համար։ «Թատերական Լոռի» 2023-ին նախատեսվում էր Մոսկվայի ՄԽԱՏ-ի դերասանական ստուդիայի և Մոսկվայի լեգենդար համամիութենական թատերական ինստիտուտի ՎԳԻԿ ուսանողների մասնակցությունը, թատերախմբերի ելույթներ Ղազախստանից, Լեհաստանից, Չեխիայից ու Եգիպտոսից։

Ուրախալի է, որ վերջին տարիներին Հայաստանում մեկը մյուսի հետևից նոր թատերական փառատոներ են ծնվում՝ մասնավորապես Աբովյանում, Հրազդանում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում և այլն։ Դրան հակառակ փակվում է Ալավերդու մշակութային դիմագիծը համարվող «Թատերական Լոռին»՝ Ալավերդու համայնքապետարանի կողմից վերջին քառասուն տարում առաջին անգամ ֆինանսական աջակցություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով։  Համայնքապետարանը դա պատճառաբանել է ազատ ֆինանսական միջոցների բացակայությամբ։

Փաստորեն վերջին մեկ տարում մշակութային հետաքրքիր իրադարձություններ գրեթե չեն եղել Ալավերդիում, և դրան հակառակ մշակութային կյանքը գնալով գորշանում է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.