Կոթիի դաշտերում թշնամու ուղիղ նշանառության տակ, գյուղացիներն աշնանացանն են անում։ Հարցին, թե արդյո՞ք արցախյան վերջին իրադարձությունները չեն խանգարում սահմանին գործ անելուն, կոթեցի Արթուր Վերանյանը պատասխանում է․
«Ժողովուրդը ռիսկով անում ա, չի վախում վաբշե», – ասում է գյուղացին։
Կոթիի դաշտերում չմշակվող հողեր շատ կան։ Պատճառը դաշտերում ոռոգման ջրի բացակայությունն է։ Գյուղացին ցանքսն անում է անձրևների ու ձյան հույսով։ Շատերն էլ երաշտներից ու բնական այլ աղետներից խուսափելու պատճառով են հրաժարվում հող մշակելուց։

Արթուր Վերանյանը
«Եթե ջուր ըլնի, կջրեն, բայց չկա։ Եթե ջուրը քաշեն, ժողովուրդն ավելի կշատանա, կսկսեն հող մշակել։ Էսքանը Աստծո հույսին անում են, բա որ ջուր ըլնի, ինչքան կանեն», – նշում է Արթուրը։
Արթուր Վերանյանը հիմա գարի է ցանում։ Տեխնիկան վարձակալել է, որպեսզի և՛ իր դաշտում ցանքս անի, և՛ համագյուղացիների, որի դիմաց իրեն վճարում են։ Բայց այնքան էլ գոհ չէ։ Ասում է՝ վառելիքն է թանկացել։
«Մենք գարի ենք ցանում, ցորեն, աճար, ուղղակի սալյարկեն ա թանկացել, 10,5, 11 հազար։ Մի կերպ ըստեղ-ընդեղ անելով՝ ցանում են ժողովուրդը, ինչ անեն», – ասում է Արթուր Վերանյանը։

Իսկ հարևան դաշտերում գյուղացիները մեկ այլ խնդրի դեմ են պայքարում։ Վերջին տարիներին կրծողները բերքի առյուծի բաժինը «տանում» են։ Վահիկ Գյոզալյանն ասում է՝ մկներին վերացնելու միակ տարբերակը խորհրդային միության ժամանակ օգտագործվող դեղամիջոցն է։ Ներկայում առաջարկվող միջոցներն օգուտ չեն տալիս։
«Մեր հնից մնացած դեղեր ա։ Ցինկի ֆոսֆատ են ասում, փոշի են ասում, չգիտեմ։ Էդ հենց մկնդեղ են ասում։ Միակն ա, որ կարում ես կրծողների դեմ պայքարել։ Իսկ էս նոր բաներից, որ անցած տարի էլ են տվել, ձեթի նման շշերով հեղուկ ա, ասում ա՝ պեսոկ պիտի խառնես, որ տանես, ցրես, 18-20 օրից արդյունքը կտեսնես։ Մուկն իրա փայ անելուց հետո էլ ինչը կտեսնես։ Ոչ մի բան էլ չես տեսնի», – ասում է Կոթիի բնակիչ Վահիկ Գյոզալյանը։

Վահիկ Գյոզալյանը
Բայց մի կարևոր բան էլ կա։ Միայն մեկով խնդիրը լուծվել չի կարող։ Վահիկ Գյոզալյանի խոսքով՝ բոլոր դաշտերի տերերը պետք է հավասարապես պայքարեն խնդիր դեմ։
«Արոտավայրից գալիս ա, մտնում ներսը։ Պետք ա էնտեղ էլ ինչ-որ չափով ցրես, ինչ-որ նշաններ դնես, որ մարդիկ, անասնապահները չգան, կպնեն։ Ահավոր թունավոր դեղ ա», – նշում է գյուղացին։
Մկների ոչնչացման գործը գյուղացիների համար թեպետ դյուրին, բայց ժամանակատար է։ Վահիկ Գյոզալյանին այս գործում կինն ու ընկերն են օգնում։ Մկների բները շատ են, հարկավոր է դրանց բոլորի մեջ դեղ ցանել։

Արուսյակ Գյոզալյանը
«Եթե թողանք, կշատանան։ Հիմա էս ցանել ա, դուրս ա էկել, պետք ա պայքարն անենք, որ իրանք չբազմանան։ Էստեղից վարակ են ընկնում ու սատկում։ Էս տարի մուկը շատ-շատ ա», – ասում է Արուսյակ Գյոզալյանը։
Գյոզալյաններն այստեղ ցորեն են ցանել։ Ու մկներն արդեն հասցրել են որոշ հատվածներում փչացնել բույսը։ Ընտանիքում վստահ են՝ այս աշխատանքներից հետո սովետի դեղամիջոջը մկների հարցը վերջնական լուծելու է։