Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Կինը ցույց է տալիս մոխրի վերածված իրերն ու հիշում, թե ժամեր առաջ ինչպես էին դասավորված տան իրերը:
«Մառոժնի ուզեց, գնացի, որ բերեմ։ Էկա, հասա էս բանի արթնակը, տեսա ուժեղ ծուխ ա, էրեխեն էլ գոռում ա՝ տատի, տատի, Օֆո ջան։ Հարևանս լսել էր, վազել, էրեխեն չոչեչոչ էկել, հասել էր կուխնին։ Ըստիան քաշեցինք դուրս», – պատմում է Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ Օֆիկ Կիրակոսյանը։
Կիրակոսյաննների վագոն-տնակն է, որ հաշված րոպեներում մոխրակույտի է վերածվել: Ամբողջ գույքն ու հագուստն այրվել են։ Ինչին էլ կրակի լեզվակները չեն հասել, ծխահարվել է, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թրջվել, դարձել անպետք:

«Գիշեր ըլներ, երեքս էլ ուգար կըլնեինք։ Ի՞նչ ասեմ, այ բալա ջան, փորձանք էր, ահավոր փորձանք, հարվածը հարվածի հետևից», – լացակումած պատմում է տանտիկինը։
Ոռուտ գյուղի այս փոքրիկ հողակտորում Կիրակոսյանները 1988-ի երկրաշարժից հետո որպես կացարան վագոն-տնակ էին ստացել, թոշակառու ամուսիները բնակվում էին իրենց 15-ամյա թոռնիկի հետ։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, հարևանների օգնությամբ դուրս են եկել կրակի ճիրաններից:

Օֆիկ Կիրակոսյանը
«Չհասկացա, ցավդ տանեմ, ամպը գոռաց, կրակեցին, դրանից մի քանի րոպե հետո պաժառ։ Հարևանություն, գյուղացի հասան, վեդրոներով, որը որտեղից հասցրեց, ջուր բերեցին, լցրեցին, մի քիչ կամացացավ, ավելի չբռնկվեց, մինչև պաժառնին էկավ», – հրդեհի մանրամասներն է ներկայացնում տիկին Օֆիկը։
Հաշմանդամության թոշակով ապրող ընտանիքն այսօր մեծ դժվարությունների առաջ է կանգնել՝ հայտնվելով դրսում՝ առանց գումարի և հագուստի: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հատուկ խնամք պահանջող թոռնիկը չի կարողանում քայլել, ամուսինն էլ կույր է։ Որևէ օժանդակություն դեռևս չեն ստացել, հույս էլ չունեն, որ կորցրած գույքի դիմաց փոխհատուցում կստանան:
«Ոչ մի բան չի մնացել։ Պատուհանով դուրս են շպրտել, բայց սաղ վառված ա», – նշում է տուժած կինը։

Ներկայում փորձում են տնակից դուրս բերել ծխահարված կահ-կարասին ու հագուստը։ Ասում են՝ կօգտագործեն, ինչ հնարավոր է:
«Մի քիչ պղինձ, ափսեներ մնացել էր, մրակոլոլ, դրանք ենք հանում», – ասում է Սիլվա Օհանյանը՝ Օֆիկ Կիրակոսյանի աղջիկը։
Ընտանիքը ժամանակավոր բնակություն կհաստատի Սպիտակ քաղաքում ապրող աղջկա հարկի տակ:
Ըստ հրշեջ-փրկարարների գնահատականի՝ հրդեհը բռնկվել է կայծակից, որն էլ պատճառ է դարձել հոսանքալարերի կարճ միացման ու այս ընտանիքի դժբախտության: