Լորուտեցի Գագիկ Ստեփանյանը Վանաձորի շուկայի հնաբնակներից է․ իր գյուղի հայտնի պանիրն է վաճառում։ Միշտ ժպտալով, ասել-խոսելով գրավում է հաճախորդներին։ Ասում է՝ պիտի խոսես, մարդկանց ուրախացնես, հոնքերդ կիտած հո չե՞ս նստելու։
Տավուշի քաղցրահամ մրգերից պատրաստված օղին էլ շուկայի այցելուներին է առաջարկում շամշադինցի Անդրանիկ Անդրեասյանը։ Հատկապես նախատոնական այս օրերին, ասում է, մրգօղին արագ է սպառվում, բայց ընդհանրապես արտասահման տանելու արգելքներով պայմանավորված վաճառքը նվազել է։

Վանաձորի շուկայում տասնամյակներով առևտուր անողները փաստում են՝ առաջվա ակտիվությունն այլևս չկա։ Մարդկանց տրամադրությունն էլ տոնական չէ․ վերջին երկու տարում երկու պատերազմ է տեսել ժողովուրդը, մարդիկ հուսահատված են։
Տոնից առաջ վաճառականները հայ ժողովրդին առողջություն ու խաղաղություն են մաղթում, մնացած բոլոր դժվարություններն, ըստ նրանց, հաղթահարելի են։