Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Իրար նայող գյուղերի՝ Լուսաձորի ու Խաշթառակի բաժանարար Աղստևն այս տարի անսովոր աղմկոտ է: Տևական անձրևները գետի վարարման ու ջերմոցների ուշ բացման պատճառ են դարձել:

«Պիտի արդեն լրիվ էկած, փաթաթված էր էղել, բայց կարկուտի խաթեր էսքանն ուշացրել ենք։ Բայց արդեն սենց էլ ա փչանում, դրա համար ուզած-չուզած պետք ա մեր գործն անենք, արդեն անց ա կենում։ Պետք ա արդեն շուկա տանեի վարունգը, բայց չկարողացանք հասցնենք, ամեն օր անձրև էր, չէր ստացվում», – ասում է Լուսաձորի բնակիչ Ամալյա Նազարյանը։

Ամալյա Նազարյանը

Իջևանի շուկայի ջոկովի բանջարեղենի մատակարարը Նազարյաններն են: Ծանր 90-ականներին ամուսինները սարվոր էլ դարձան, հացթուխ ու խոպանչի էլ, բայց իրենցը հողում գտան:

«Անասուն պահել եմ, տասը տարի սար եմ գնացել, բայց անարդյունք ա, անասունը պետք ա շատ պահես, պետք ա տանը մեծ ունենաս, պետք ա տանը անող ունենաս։ Բայց իմ հողն էնքան շատ ա, որ անասունից շատ օգուտ եմ անում։ Անասուն ինչի՞ համար պահեմ։ Էդ էլ եմ արել, հաց էլ ենք թխել։ Սաղ գիշեր հաց եմ թխել, առավոտ շուկա տարել, բայց սա ավելի արդյունավետ ա», – ասում է Ամալյա Նազարյանը։

Տավուշյան համուհոտով պտղի ստացման հմտությունները տիկին Ամալյան արագ յուրացրել, հասկացել է:

«Պետք ա իրա հետ էրեխու պես զբաղվես, խոսես, սիրես, որ ինքը քեզ արդյունք տա։ Տեսել ենք, որ դա ճիշտ ա», – ասում է տիկին Ամալյան։

Նազարյան ամուսինները 3 երեխա են մեծացրել, ուսման տվել, ամուսնացրել և արդեն 5 թոռ ունեն:

«Աստված տա՝ շարունակելի ըլի։ Էս երկու հատ գազան ունեմ, հանեմ, դուռը գցեմ, կտենաս երջանկությունն ինչ ա», – ասում է Լուսաձորի բնակիչ Կարեն Նազարյանը։

Լուսաձորցի սիրառատ պապի երջանկությունն ու հոգսաշատ օրվա հանգստությունը թոռներն են, որ ապրում են պապենական հարկի տակ: Դրսում բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր շանսերը մերժած լուսաձորցին հայրենի գյուղից հեռանալու ծրագրեր չունի, ավելին՝ արել է ամեն ինչ, որ գյուղում մնան նաև որդիները:

«Հիմի իմ տղեն նայոմնիկ ա, փեսես էլ Սամարա ա, ասֆալտի գործ ա անում։ Տղիս չեմ թողել գնա Ռուսաստան։ Կարամ էսօր գործից հանեմ, ուղարկեմ, ընդեղ տունը կա, դաչեն կա, ապրեն՝ ըստ պահանջի։ Բայց հլա որ մենք մեր Հայաստանում, մեր հողի վրա ավելի պինդ դեռ կանք», – ասում է Կարեն Նազարյանը։

Կարեն Նազարյանը

Հողագործ այս ընտանիքի՝ հայրենի գյուղում ապրելու և արարելու մտքերը պղտորվում են ամեն անգամ, երբ առաջ է գալիս անկլավները զիջելու թեման:

«Ազատամուտը, որ անց կենաս, մինչև Կայանավան հատվածը, եթե տան, էլ իջևանցին ըստի ու՞ր ա ապրում։ Եթե գնաս Այգեհովիտ, Ազատամուտը կանցնես, ու էնտեղ քանդված տներ ես տենալու, դա Բարխուդարն ա, որի մասին խոսք ա գնում։ Մինչև Կայանավան և Ազատամուտ, էդ արանքը, եթե տան թուրքին, էլ գյուղացին ըստի ուր ա ապրում։ Դուռը մինը թակի, տենամ թուրքը՝ ավտոմատը ձեռին կանգնած, ի՞նչ ասեմ։ Ասեմ՝ էկեք, մեզ կտորեցե՞ք», – ասում է Լուսաձորի բնակիչը։

Հենց տան բակում առաջին պատերազմին պայթած արկերն ու ստացած վնասվածքներն էլ գյուղը լքելու առիթ չդարձան: Բայց հիմա ուրիշ է, հիմա հակառակորդն ավելի դաժան է ու հենց հիմա է պետք պահել այն, ինչ ձեռք է բերվել ու ինչն ամուր է պահել Տավուշն,-ասում է մեր զրուցակիցը:

«Եթե ճշտով գցում ես, էս անկլավնին, որ ասում ես, մեզանից նրանց կշտին ավելի շատ հող կա, քան թե նրնցից՝ մեր։ Ժողովուրդը սրան են սովորել, էն իրանց ձեռին ա, էս էլ մեր ձեռին ա։ Վերջ, պրծանք, էլ ի՞նչ անկլավ։ Ալիևը տալո՞ւ ա էդ հողերը մեզ։ Չէ։ Ուրեմն պրծանք։ Էլ ի՞նչն ենք գնում, ստորագրում։ Էն ա Հայաստանը տանք, պրծնենք», – ասում է վրդովված գյուղացին։

Ու մինչ քաղաքական դաշտում խռովություն է, Նազարյանների հարկի տակ հողի հետ աշխատանքը քիչ –քիչ հաջողակ բիզնեսի է վերածվում, իսկ տիկին Ամալյայի գործարար ունակությունները հետաքրքրում են անգամ դրսի հեղինակավոր լրատվականներին: 

«Տասը հոգի էկել են, նկարել, մինն էլ ա ցույց չեն տվել։ Սուտի ո՞ւր ես գալի, նկարում։ Մազերս սարքած չի, սանրած չի։ Ասեց՝ ոչինչ, ես քեզ տենց հետաքրքիր եմ ցույց տալու։ Ու ցույց տվուց», – եզրափակում է տիկին Ամալյան։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.