Նոր ուսումնական տարին Ակների միջնակարգ դպրոց է բերել ընդամենը չորս առաջին դասարանցի։ Այժմ 58 աշակերտ ունեցող դպրոցը տարածաշրջանի այն եզակի կրթական հաստատություններից է, որի խնդիրները տարիներով այդպես էլ նույնն են մնում՝ շենքային անբարվոք պայմաններ, ջեռուցում, կոյուղի, սանհանգույց:
Դպրոցի տնօրենը հիշում է՝ վերջին անգամ շենքի մասնակի բարեկարգման աշխատանքներ 2019 թվականին են եղել։

Անահիտ Ծատինյանը
«Քանի որ դպրոցը ներառված է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի մեջ, դա դեռևս նախագիծ է, դրա համար պետական ներդրումներ չեն արվում դպրոցի համար։ Այդ իսկ պատճառով որևէ դրական տեղաշարժ չենք կարող ակնկալել», – ասում է Ակների Կարապետ դոլինյանի անվան համար 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանը։
Ձմռան գալու հետ եղած խնդիրներն ավելի են սրվում։ Ջեռուցումը կատարվում է փայտի վառարանների միջոցով, բայց եթե անգամ բնակավայրում ինչ որ հրաշքով գազիֆիկացում լիներ ու հետևաբար դպրոցն էլ գազով ջեռուցվեր, ապա նման շենքային պայմաններում հնարավոր չէր լինի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել, վստահեցնում է դպրոցի տնօրենը։
«Հուսով ենք և մեծ ցանկություն ունենք, որ մեր դպրոցը նույնպես վերակառուցվի», – ասում է Անահիտ Ծատինյանը։

Նոր ուսումնական տարում աշակերտների ցանկությունն ու միակ երազանքը սիրելի կրթական հաստատությունն ի վերջո բարեկարգված տեսնելն է։
«Շատ կցանկանայինք, որ մեր դպրոցի յուրաքանչյուր անկյուն ավելի գեղեցիկ լիներ։ Կուզեինք, որ տարբերվեր բոլոր դպրոցներից ոչ թե վատ, այլ լավ առումներով», – ասում է Ակների միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը։
Եթե Ակներում երազում ու սպասում են շինաշխատանքների սկսվելուն, ապա Ալավերդու երկրոդ դպրոցի շենքի շինարարությունը սկսվել ու այդպես էլ առաջ չի գնում։ Շուրջ 3 տարի դպրոցի շենքը ապամոնտաժվել է ու զրոյական կետից այդպես էլ վեր չի բարձրացել։ Այժմ ընթացքի մեջ են հիմնասյունների կառուցման աշխատանքները:

«Զրոյական կետից դեռ չենք բարձրացել, չենք հասել։ Զրոյական կետին հասնելու համար դեռ 75-80 տոկոս աշխատանք է արված։ Դեռ 25 տոկոս էլ պետք է աշխատենք», – ասում է աշխղեկ Ռաֆայել Փարսադանյանը։
Ըստ շինարարության պլանի՝ այս տարի դպրոցական շենքը պետք է հանձնվեր շահագործման, բայց դրա մասին խոսելը թերևս անիմաստ է։
«Մարդիկ աշխատում են՝ դժվարություններով, առանց տեխնիկայի, արմատուրեքից կախված։ Բետոն ստանում ենք շատ հեռու տեղից, Կիրովականից են բերում։ Էն չի, որ ամեն րոպե պետք էկած վախտը ասես լցրեք, արեք։ Մի օր ղարգում են, մի օր չէ», – պարզաբանում է աշխղեկը։
Որևէ աջակցություն չեն ստանում, գործն էլ հետևաբար հավուր պատշաճի առաջ չի գնում։

«Մեզ պետք ա շինարարական տեխնիկա՝ կռան, տրակտոր, որ մշտական լինի։ Սաղ ռայոնում մի հատ կռան կա, գնում ես խնդրում, ասում ա՝ 10-15 օրից կարամ գամ։ Տրակտորը Կիրովականից ա էկել, աշխատում ա։ Մենք մեր հիմնականը չունենք, էստեղից-էնտեղից խնդրելով բերում ենք, աշխատացնում։ Կոյուղին թափվում ա ֆունդամենտի մեջ։ Ջուր չունենք, ջուրը սեփական տանից խնդրել ենք, նրանք են տալիս։ Ոչ մի հարմարանք, հանդերձարան չունենք, մատերիալի տեղ չունենք», – ասում է Ռաֆայել Փարսադանյանը։

Շենքի անունը կա, շենքը չկա ու դեռևս երկու տարի չի էլ լինի, վստահեցնում են շինհրապարակից։ Այս պայմաններում երկրոդ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները նախկին ինտերնատի փոքր շենքում ծվարած՝ փորձում են պատշաճ ուսուցում կազմակերպել, ինչը չափազանց դժվար է, եթե ոչ՝ անհնար։ Ահա այսպիսի իրավիճակ էր ստեղծվել դպրոցի ժամանակավոր շենքի առաջ սեպտեմբերի մեկին։