Ալավերդիցներն ուշքի չեն գալիս: Երեկ անսպասելի երկինքը սևացել է, ուղիղ մեկ ժամ հավկիթի մեծության կարկուտ է թափվել՝ չխնայելով ոչինչ: Գիշերը լուսացրել են ահուդողով։ Բազմաբնակարան շենքերում այսօր առավոտից դույլերով ջուր են դատարկում, ջարդված ապակիներ հավաքում: Կարկտահարության նման աղետալի դեպք չեն հիշում անգամ հնաբնակ տարեց ալավերդցիները:

Քաղաքի փողոցները սելավի բերվածքից, տերևներից ազատել չի հաջողվում արդեն մի քանի ժամ: Մեծ վնասներ են կրել նաև վարորդները։ Ալավերդիում շրջող մեքենաների մեծ մասն այսօր փշրված դիմապակիներով և առհասարակ առանց ետապակիների են երթևեկում:

Ալավերդիում մեծ վնասներ են կրել նաև զբոսաշրջային ենթակառուցվածքները: Տանիքների վերանորոգման, ամրացման աշխատանքներ թեև արդեն նախաձեռնել են, բայց մոտավոր հաշվարկներով որոշ տնտեսություններ մի քանի միլիոն դրամի վնասներ են կրել:

Ալավերդի համայնքի ղեկավարն արտահերթ նիստ է հրավիրել, աղետի վնասը հաշվարկող մոտ տասը աշխատանքային խումբ է ձևավորվել:

Առավել աղետալի է գյուղացու վիճակը: Աննախադեպ կարկուտը վնասել է Ալավերդի խոշորացված համայնքի Օձունի ենթաշրջանի ցանքատարածությունները: Մի քանի հեկտար ազնվամորու այգի մշակող գյուղացիները շվարել-կանգնել են․ վարկային բեռից բացի արդեն հացի խնդիր ունեն:

Ոչ միայն այս տարի, այլ առհասարակ որոշ ծառատեսակներ մի քանի տարի բերք չեն տա․ սրանք գյուղացիների կանխատեսումներն են: Ցորենի, եգիպտացորենի ցանքատարածություններն ամբողջությամբ ոչնչացվել են բերքահավաքից օրեր առաջ։ Անդառնալի վնասներ են կրել նաև ցանովի ու բնական խոտհարքները:

Ալավերդու կոմունալ տնտեսության ավտոպարկում կայանված բոլորովին նոր՝ երթուղի դուրս գալուն սպասող միկրոավտոբուսները ևս վնասվել են: Առհասարակ Ալավերդիում վիճակն աղետալի է: Այժմ հանձնաժողովներն աշխատում են, հաշվարկում բնական աղետի պատճառված վնասը, որից հետո կներկայացվի մարզպետարան, այնուհետև՝ կառավարություն:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.