Արցախից տեղահանված Կոնջորյանների 4 հոգանոց ընտանիքը բնակություն է հաստատել Տաշիրի շրջանի Սարչապետ համայնքի կազմի մեջ մտած Արծնի գյուղում։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Արծնիում արցախցիներին գրկաբաց են ընդունել, անվճար տուն տրամադրել։ Հիմա գյուղացիներով հավաքվել ու բոլորով այդ տունն են նորոգում։

«Շատ լավ ընդունել ու տունս տվել եմ, թող ապրի։ Օգնում ենք։ Հարևանս է», – ասում է Արծնիի բնակիչ Գեորգի Սերոբյանը։

Արցախցի ընտանիքը վերջնական որոշել է՝ այստեղից չեն հեռանա։ Գյուղի մարդկանց վերաբերմունքը Գարիկ Կոնջորյանին շատ է ոգևորել։ 

Գարիկ Կոնջորյանը

«Գյուղապետն է կազմակերպել, մի հատ մանկական մահճակալ են տվել, զուգարանը սարքում ենք, գիպսակարտոն, բան, ասել ենք տան, որ կտրենք, փոքրացնենք․ երկու մեծ սենյակ է։ Որ էրեխեն չմրսի ձմեռը։ Եթե նորմալ գործ ճարեմ ստեղ, մի քիչ էլ օգնեն, ժողովուրդը լավն են, մոտեցել են, հարցրել՝ ինչ պակաս ըլի, ասենք։ Կմնամ», – ասում է Գարիկ Կոնջորյանը։

Ընտանիքը Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղից է տեղահանվել։ Ծանր ու դժվարին գաղթի ճանապարհին Գարիկի հայրը, լսելով կրտսեր որդու շրջափակաման մեջ ընկնելու լուրը, մահացել է։ Տղայի՝ շրջափակումից դուրս գալու մասին ընտանիքը հոր մահից ժամեր անց է իմացել։ 

«Մեր դուրս գալուց մի օր առաջ մահացավ, եղբայրական գերեզմանում հուղարկավորել ենք, գրանցել են, համար վերցրել, ասել՝ ուզում ե՞ս տանել Հայաստան։ Էդ պահին ձև չկար։ Հուղարկավորելուց մի երկու ժամ հետո ռուսները բերին եղբորս», – պատմում է Գարիկը։

Գարիկի կինը՝ Իրինան, պատմում է՝ 9 ամիս տևած բլոկադայի և նույնքան դժվար եռօրյա գաղթի ճանապարհի մասին։ Պատերազմներին, շրջափակմանն էլի կդիմանայինք, ասում է։ Միայն ամեն ինչ այսքան ծանր չավարտվեր։ Հայրենիքի կորստի հետ ընտանիքը չի հաշտվում։ 

Իրինա Սեյրանյանը

«Պատվով դիմանում էինք, որ վերջը լավ լիներ։ Առաջին օրը հենց մեր տանն էինք, հենց խփեցին Դրմբոնին, Հաթերքին, Մեծ Շենին, արդեն ահավոր էր, տան պատերը դղրդում էին։ Ու էդ պահին իմ մասին չէի մտածում։ Ախպորս 4 տղան դիրքերում էին, քրոջս տղան Ասկերանի ծառայող էր, հենց առաջին օրը մահացավ։ Ամեն մի հատ խփելով ես իրանց մասին էի մտածում։ Հնարավոր չէր փրկվել, կրակ էր թափվում ամեն տեղից։ 44-օրյա պատերազմում էլ 14 հարազատ ենք կորցրել։ Ասի՝ էս քանգամ էլ Աստված չի փրկի մեզ», – պատմում է Իրինա Սեյրանյանը։

Սով, վախ, վայրագություններ։ Սա էր պատկերը Արցախում։ Գաղթի օրերի միակ բանը, որ այսօր Իրինան ժպիտով հիշում է, ճանապարհին արցախցիների միասնականությունն էր։ Ասում է՝ մի կտոր հաց կիսելով ու միմյանց թև ու թիկունք լինելով՝ Հայաստան են հասել։

«Հենց մեր էրեխեքն էին սոված, չեմ կարա ուրիշի տեղը խոսեմ։ Բոլորս էլ նույն կարգավիճակում ենք եղել, նենց չի, որ մեկի էրեխան կուշտ ա էղել ճանապարհին։ Մենք չէինք մտածում, որ տասը րոպեն մեկ մի մետր առաջ կգնանք։ Պատկերացրեք՝ մեր գյուղապետը անտառում խաղող տեսավ, չհասած Հակարի, գնացել, խաղող ա հավաքել, բերել, մեքենա-մեքենա բաժանել, որ էրեխեքը գոնե խաղող ուտեին, սով չզգային։ Օրինակ պալատկեքի տակ էլ, գյուղացի մեկը, որ միս էին բերում բարեկամները, եփում էին, ուզում էին սաղ ուտեին՝ անկախ նրանից ծանոթ էր, թե ինչ էր», – պատմում է Իրինան։

Զագլիկում մանկահասակ որդու գերեզմանն են թողել։ Իրինան որդու լուսանկարը ձեռքից վայր չի դնում։ Այն միակ բանն է, որ Արցախից բերել են իրենց հետ։ 

Տունը, որտեղ հիմա ապրում են, բարեկարգ չէ։ Երկար տարիներ այն չի բնակեցվել։ Պատերը, տանիքը, հիմքը խարխուլ վիճակում են։ Բայց չեն դժգոհում։ Հետո կաշխատեն և իրենց ուժերով կբարեկարգեն այն։

«Իմ երեխան, որ գնա դպրոց, գիտեմ՝ չեմ մտածելու՝ բա որ մի կրակոց լինի։ Եթե էս գյուղից հետո մի գյուղ էլ լինի, որ շատ ա հեռու ամեն ինչից, կգնամ», -ասում է երիտասարդ կինը։

Արծնիում կյանքը փոքր ինչ հետ է բնականոն ռիթմից, բայց կարևորը խաղաղ է։ Թերևս հիմա սա է պատերազմներ տեսած արցախցիների համար ամենակարևորը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.