Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Ավագանու նիստի օրակարգի նախագծի 12 հարցերից մեկը՝ Ալավերդու ճոպանուղին ու մարզադաշտը համայնքին վերադարձնելու և «Վալլեքս կապիտալ»-ի հետ պայմանագիր կնքելու մասին հարցը, բուռն քննարկումների առիթ դարձավ: Նախնական պայմանավորվածությամբ՝ «Վալլեքս»-ին պատկանող գույքը 49 տարով կտրվի համայնքին: Ընդդիմադիր թևին հետաքրքրում էր նախատեսվող պայմանագրի մանրամասները:

«Պատկերացում ունե՞ք՝ ում հետ պետք է կնքվի պայմանագիր, ոնց պետք է շահագործվի, վճարովի՞ է լինելու, թե՞ անվճար, վճարի չափն ինչքան է լինելու»․ հարցադրումներն ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ղումաշյանինն էին։

Պայմանագիրը նախատեսվում է երկկողմ կամ եռակողմ, ասաց Թամազյանը:

Արկադի Թամազյանը

«Նայած՝ ներդրումը որտեղից կլինի՝ Ռուսաստանի Դաշնությունի/ց, թե՞ Եվրոպական միությունից, արդեն կհասկանանք, թե ով է կապիտալ վերանորոգում անելու։ Բնակիչների համար այլ արժեք կլինի, տուրիստների համար՝ այլ։ Ինձ համար ամենակարևորը, որ սկզբնական փուլում հնարավորինս շուտ կարողանանք եռակողմ պայմանագիրը կնքենք, և շինարարությունը սկսվի։ Վերակառուցումը լուրջ պրոցես ա, նաև կան թույլատրություններ, հարցեր։ Իսկ մարզադաշտը, էս պահին սպասում են, որ համայնքը կնքի պայմանագիր «Վալլեքս»-ի հետ, և դրանից հետո ֆեդերացիայի հետ արդեն իսկ համաձայնություն կա՝ մարզադաշտը հնարավորինս եվրոպական ստանդարտներին մոտեցրած մարզադաշտ ենք ունենալու։ Կառավարումը համայնքն է անելու», – պարզաբանեց համայնքապետ Արկադի Թամազյանը։

Միայն ճոպանուղու արդիականացման և վերագործարկման համար հնարավոր է մինչև 700 մլն դրամի ներդրում: Համայնքային ներդրման տարբերակը բացառելու կարևորությունն ընդգծեց ավագանու անդամ Հարություն Ձավարյանը:

Հարություն Ձավարյանը

«Նախաձեռնությունը շատ լավն է, շնորհակալություն «Վալլեքս»-ին ընդառաջ գնալու համար։ Բայց կարևոր ա, որպեսզի համայնքային միջոցներ չդրվեն», – ասաց ավագանու ՔՊ խմբակցության անդամը։

«Եթե կլինի առիթ կամ կգա մի պահ, որ համայնքային ներդրում կլինի, առանց ավագանու որևէ ներդրում չի լինելու», – նշեց համայնքապետը։

Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցությունն ընդմիջում խնդրեց՝ խորհրդակցության նպատակով, հետո հայտարարեց, որ իրենց համար դժվար որոշում կայացնելը, քանի որ օրակարգային 4 կետերով իրենց հարցադրումներին սպառիչ պատասխաններ չեն տրվել, առաջարկները հաշվի չեն առնվել:

«Հաշվի առնելով ճոպանի կարևորությունը համայնքի երկարաժամկետ զարգացման ծրագրի համար, հաշվի առնելով մեր բնակչության՝ հարցին էմոցիոնալ, շատ կարևոր վերաբերմունք ունենալը, նաև ասեմ՝ ինչն էր մեզ համար տարօրինակ։ Տեքստի բովանդակությունը, որն է՝ համայնքին վերադարձնելը, ինչն ավելի շատ քաղաքական բովանդակություն ունի, բայց համենայն դեպս կարևորն էն ա, որ ճոպանը շահագործվի։ Խմբակցությունը կողմ կքվեարկի», – ասաց Հարություն Ձավարյանը։

«Եթե 49 տարով ժամկետով համայնքին է վերադարձվում, ու դուք դա համարում եք քաղաքական, դա ձեր որոշումն ա։ Երկար տարիներ մեր բնակչությունը, մանավանդ Ալավերդի քաղաքի բնակչությունն այս օրվան սպասել ա, և հուսով եմ՝ ոչ միայն քաղաքական, նաև սա կունենա տնտեսական, ինչու չէ նաև սոցիալական մեծ, լուրջ առաջընթաց», – նշեց Արկադի Թամազյանը։

«Եթե պայմանագիրը կնքելիս լինեք, կխնդրեմ կնքելուց առաջ նաև ավագանով քննարկենք, որ վաղը, մյուս օրը ձեր ու համայնքի վրա հարված չլինի։ Կարող ա լինեն կետեր, որոնք պտի փոխվեն», – ասաց ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ղումաշյանը։

Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ՝ կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելուն և դրամաշնորհային ծրագրերի մրցույթին՝ համայնքի մասնակցությանն ու համաֆինանսավորման մասով համաձայնություն տալուն: Օրակարգային հարցի շուրջ զեկույցներ կայացրեց ծրագրերի և տուրիզմի բաժնի պետը:

«Մենք պլանավորում ենք դիմել Աքորու թիվ 8 մանկապարտեզի վերանորոգման հարցով, քանի որ այնտեղ ունենք բավականին շատ դիմորդներ, իսկ շենքային պայմանները բավարար չեն, որպեսզի նոր խումբ բացենք։ Շուրջ 30 երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից», – ներկայացրեց Կարինե Սիմոնյանը։

Մյուս հարցերը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու և Աքորի բնակավայրից ուսանողներից մեկի ուսման վարձի մասնակի փոխհատուցման մասին էին։ Ավագանու անդամ Արմինե Երիցյանը խոսեց մի դեպքի մասին, երբ անչափահաս երեխայի՝ արտասահմանում բուժման համար անհրաժեշտ դիմումին համայնքապետարանը տարբերակված մոտեցում չի ցուցաբերել, այլ օգնություն տրամադրելիս առաջնորդվել է օգնության տրամադրման միևնույն սանդղակով:

«Համայնքն օգնություն ա տվել 15 .000 դրամ հայրիկին, 5 հազար դրամ մայրիկին։ Նույնիսկ անհարմար է, պետք ա մի հատ հետազատեիք, տեսնեիք՝ ինչ օգնություն ա դա։ Էդ երեխուն տարել են Բուլղարիա, բերել, 27 հազար եվրո գումարով», – ասաց Արմինե Երիցյանը։

«Դրույքաչափերը որոշվել ա, և մինչև 20 հազար դրամ ա որոշվել սոցօգնությունները։ Այսինքն, համայնքի ղեկավարը կլինի, սոցաշխատողը կլինի և նույն ավագանին, իրավասու չի 20 հազար դրամից ավելի գումար նախատեսի», – պարզաբանեց համայնքապետը։

Օրակարգային հաջորդ հարցերն «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ի պարտքը «Համայնքայպետարանի աղբահանության վճարների բազա» համակարգից հանելու և Ալավերդու համայնքապետարանի սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահներն օգտագործման տրամադրելու համար վճար սահմանելու մասին էին:

«Որոշել ենք, քննարկել ենք, մենք ձեզ առաջարկում ենք ավելին՝ 5 հազար նա, զինվորների համար հետվերադարձ, գնալու դեպքում ձրի, և ուրախության համար 10 հազար դրամ», – նշեց համայնքապետը։

Սահմանվող վճարը տարածքում օգտագործված էներգակիրների ու մաքրության ապահովման համար է, սակայն Հարություն Ձավարյանը կարծում է, որ կոնկրետ տխրության առիթի համար կարելի է գումար չգանձել, մանավանդ, որ դրանք համայնքի համար չնչին եկամուտներ են:

Օրակարգային 9-րդ և 10-րդ հարցերը երկու հողամասերի օտարման մասին էին, իսկ վերջին երկուսը՝ Ալավերդու համայնքապեարանի աշխատակազմի կառուցվածքի, թվաքանակի և հաստիքացուցակների մեջ փոփոխության ու այդ փոփոխությունը հաստատելու մասին էին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.