Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Սանահին Սարահարթի 1/25, 1/21 շենքերն այն «բախտավորներից» են, որոնք ընդգրկվել են Ալավերդու ջերմաարդիականացվող շենքերի  ցանկում։ Նախանձելի արտաքին երեսպատումը գրքի միայն մեկ երեսի պատկերն է։

Ձմեռը բնակիչները հավանաբար կդիմավորեն ավելի ջերմ բնակարաններում և ավելի քիչ ծախսերով, բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, ջրի բերած, ջրի տարած։ 1/21 շենքի բնակիչները զարմացած են՝ ինչպե՞ս կարելի է շենքը ջերմամեկուսացնել՝ առանց  մաշված ջրատար ու կոյուղագծեր վերանորոգելու։ Հատկապես այս եղանակներին սելավաջրերն անարգել լցվում են շքամուտքեր։ Վերանորոգված հատվածներում հետևանքերն արդեն նկատելի են:

«Էլի ջուրը թափվել ա, էլի ծեփերը պոկվում են և տենց շարունակ։ Մենք գոհ ենք իրանց արած աշխատանքից, շնորհակալ են՝ էս դռները դրել են, ամեն ինչ արել են, բայց որ սա չի երկարում, էդ ա։ Կողքերը սարքել են, մեջը սարքել են, պադվալը եթե ջուր ա, ի՞նչ փոփոխություն։ Մենք ձմեռը նորից մրսելու ենք», – ասում է բնակիչներից մեկը։

Խոնավություն, գարշահոտություն․ սա է պատկերը նշված հասցեում։ Արտաքինից չափազանց գեղեցիկ, բայց ներսից՝ փտած:

«Համ շենքի տակն ա խոնավությունն արդեն զգացվում, երկրորդն էլ՝ տհաճ հոտեր են արդեն շենքում տարածվում, պիտի դրա առաջը առնվի։ Էսքան բանը, որ արվում ա սենց սիրուն, չի սազում էլի, որ սենց մնա», – ասում է բնակիչներից մեկը։

Շինաշխատանքներն այս տարվա օգոստոսից են մեկնարկել: Պատվիրատուն ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագիրն է։ Պետություն-համայնքապետարան ու նաև ամբողջ ծախսի 5 տոկոսի մասով՝ բնակիչը։ Կապալառու ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շինաշխատանքների նախահաշվային ու նախագծային փուլում որևէ ջրատարի, գազատարի, կոյուղաջրերի նորոգման աշխատանքներ չեն ներառվել:

Վահրամ Բեջանյանը

«Ջրատարը մեր ծրագրի մեջ չի եղել։ Հիմա, եթե կորոշեն (ՄԱԿ-ի գրասենյակից, քաղաքապետարանից) ու կֆինանսավորեն, դա էլ կփոխենք։ Էն ժամանակ, որ տանիքի աշխատանքները կատարում էինք, մեկ հարկինը մեր կողմից փոխվել է։ Այսինքն, տանիքից մինչև 8-րդ հարկի վերև մեր կողմից փոխվել ա։ Մենք էդ խողովակները փոխել ենք, բայց դրանից ներքև ոչ մի աշխատանք չենք տարել, որովհետև չկա մեր ծրագրի մեջ», – ասում է «Վիգիշին» ՍՊԸ ներկայացուցիչ Վահրամ Բեջանյանը։

Երկու շենքների դեպքում էլ իրականացվում է ամբողջական ջերմաարդիականացում, ըստ որի՝ նախատեսվում է ջերմամեկուսացնել շենքերի տանիքը։ Ընդհանուր օգտագործման տարածքներում  տեղադրվել են էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ, այս ամենին գումարվում է շենքի արտաքին պատերի, ինչպես նաև նկուղի տանիքածածկի ջերմամեկուսացումը: Ամեն ինչ լավ է, սակայն բնակիչները մտահոգություններ ունեն:

«Եթե որոշվի, ֆինանսավորվի, մենք գործը կկատարենք։ Էս ջրատարի խնդիրը մենք հասկացել ենք մոտավոր շինարարության կեսերում, երբ որ հասկացանք ջուրը լցվում ա էստեղ», – նշում է կապալառու ընկերության պատասխանատուն։

Բանն այն է, որ շենքի բնակիչների մի մասը վճարել են իրենց մասնաբաժինը, մի մասն էլ խոստացել են վճարել միայն այն դեպքում, երբ ամբողջական աշխատանք կտեսնեն։  

Շինարարական ընկերության պատասխանատուն նշում է՝ հավանաբար խնդրին լուծում կտրվի համայանքապետարանի միջոցով, հավելյալ ֆինանսավորում կլինի։ Իսկ թե երբ, հստակ ասել չեն կարող։ Բայց մինչ այդ, ըստ նախագծի, կշարունակեն շինաշխատանքները։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր շենքի շինաշխատանքների ընդանուր արժեքը կազմում է 60 միլիոն դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.