Հեղինակ՝ Մանանա Վարոսյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Դավթյաններն այգի են մշակում թշնամու ուղիղ նշանառության տակ: Տունը ռմբակոծության ենթարկվել է ամեն անգամ, երբ սահմանում խաղաղ չի եղել:
«Վախելով էնա, իրանք կրակում են, մենք էլ ապաստարաններում տապ անելով։ Գրադը մեր տանը տվել ա, մի կտոր շիֆեր չի մնացել, լրիվ պատերից հետ, տան գույքից հետ, ամեն ինչ հեչ ա արել։ Ոնց եմ սվորել, էն ա՝ շաքար եմ ստացել, ճնշում եմ ստացել, հազար ու մի հիվանդություն», – ասում է Կոթիի բնակիչ Գոհար Մանթաշյանը։

Գոհար Մանթաշյանը
Այնուամենայնիվ, ամուսինները պարապ չեն մնում, սեփական տնտեսությունն ինչ-որ կերպ զարգացնում են, սեզոնին միրգ- բանջարեղենի պակաս չեն ուենում, իսկ թե տարին նպաստավոր է լինում, տիկին Գոհարի բանջարեղենը Կոթիի սահմաններից էլ դուրս է գալիս։ Առօրյա դժվարությունները, ոչինչ, կհաղթահարեն, միայն թե «սահմանին շատ մոտ ենք» ձևակերպումը որպես դատավճիռ է հնչում:
«Ամեն ինչի խնդիր էլ ունենք։ Փոքրիկ գյուղ ա, թուրքին մոտիկ, էն կուռը թուրքն ա, ըստի մենք ենք», – նշում է տիկին Գոհարը։
Արդրբեջանի հետ մոտ 40 կմ սահման ունեցող գյուղում կյանքն ու խնդիրները մի փոքր այլ են։ Իրենց գյուղում խաղաղ ապրելու ճանապարհները մշուշոտ են:

Մայիս Դավթյանը
«Մենք, ոնց որ ասած, ոչխարի պես բան ենք։ Որդի քշեն, դենն էլ գնալ տենք, մեր ձեռիցն ի՞նչ ա գալիս։ Ոչ մի բան։ Գալ տին մեր տանիցը դուս անին, մեր սարքած-շինածին տեր կանգնի, ղեկավարությունն ի՞նչ ա մտածում։ Էս ժողովուրդն ու՞ր գնա։ Ղարաբաղը տվուց, հիմի էլ Հայաստանն ա՞ տալիս։ Մարդիկ էլ ոչ մի բանի հույս չունեն, որովհետև ղեկավարությունը մեր ժողովրդի հմար մտածում չի։ Ամենքն իրանց աթոռին տեղ են անում, նստում ու քվիթ։ Վերջացավ», – ասում է Կոթիի բնակիչ Մայիս Դավթյանը։
Պատերազմի թոհուբոհով անցած 65-ամյա ամուսիները մինչ օրս ապրում են վտանգի գիտակցումով, անորոշությամբ ու պատերազմի վախով: Գյուղում կյանքը գնալով է՛լ ավելի է դժվարանում, իսկ հետևանքը՝ երիտասարդ ընտանիքները լքում են երբեմնի շեն Կոթին:
«Գազը քաշել են, բայց ժողովուրդը փող չունեն, որ տանեն տուն։ Անտառն արգելել են, թողում չեն անտառ գնան, որ ուզում ա հավանոց, խոզարան սարքե, անտառից պետք ա փետ բերի, արգելել են։ Անասունն էլ վախելով են պահում, մի քիչ դենն անց ա կենում, կրակում են։ Կամ էլ անց ա կենում՝ մերը չի, աղաք են անում, տանում», – պատմում է Մայիս Դավթյանը։

Թերևս ոչ անվտանգ Կոթիում անկախ բոլոր դժվարություններից մարդիկ հողին ու գյուղին կպած են, խմելու և ոռոգման ջրի մեծ խնդիր ունեն, մեկ-երկու օր ընդիմջումով են ջուր ունենում, բայց մի թիզ հողն էլ պարապ չեն թողնում։
Գյուղի 40 տարվա մեխանիզատորին Կոթիից դուրս էլ լավ են ճանաչում: Իր ձեռքով զրոյից ստեղծելու մինչ օրս լավագույն «ընկերոջ» մասին հպարտությամբ է խոսում․ դաշտում իրեն հուսախաբ չի արել: Դժվար մանկություն ու փորձանքներ է տեսել, բայց երջանիկ օրերն էլ քիչ չեն եղել: Հիմա դժգոհում է, սահմաններն ու սահմանապահներին լավ չեն նայում:
«Բրախլամա մարդիկ ենք էլի, ի՞նչ պատմեմ, ով ա եդևում էս կորած գյուղերին։ Թոշակը ստանում ենք, ապրում», – ասում է Ժորա Մանթաշյանը։

Կոթիի լավագույն հողերը հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, բայց գյուղացիներն, արհամարհելով բոլոր դժվարությունները, ապրում և արարում են․ հող մշակում, կենդանի պահում, հակ կապում: Բայց Ժորա պապը, մեղմ ասած, վրդովված է վերջին հայտարարություններից։ Թշնամին ավելի է նենգացել, նրա հետ կողք կողքի ապրելն էլ դժվարացել է-ասում է պապը:
«Մարդն իրա հողը մշակելիս կրակեցին, քանի մարդու թենց խփել են», – ասում է Ժորա պապը։
Երիտասարդներին անհանգստացնում է գյուղի ապագան։ «Պետությունն այնքան էլ մտահոգ չէ մեր հարցերով», ասում է այս տան հարսը։ Ասում և արագ-արագ այգին է ջրում, քանի ջուրն իրեն է հասել:

«Գյուղում ի՞նչ ապագա կա։ Ոչ մի։ Տղերքն էլ, ջահելությունն էլ, լրիվ պայմանագրային զինծառայող։ Որն էլ գնում ա ուրիշ երկիր», – ասում է Հասմիկ Ասատրյանը;
Մեր գյուղը գեղեցիկ բնությամբ հարուստ ու հյուրընկալ անկյուն է․ այսպես են ճանապարհում մեզ կոթեցիները, բայց վերջում մի հարց են հնչեցնում ՝ովքե՞ր են պահելու սահմանը։ Պատասխանը, թերևս, ակնհայտ է՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողը։ Սակայն առաջին հայացքից անվիճելի թվացող այս ճշմարտությունը կարող է լուրջ հարցականի տակ դրվել, եթե զինվորի թիկունքը ամուր չէ։