Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրի հիմնական դպրոցում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի իրականացման իրենց հերթին են սպասում: 2017 թվականից այս դպրոցն էլ ընդգրկված է այդ ծրագրի մեջ։ Տնօրեն Աղաբեկ Մոսինյանն ասում է՝ ամեն օր էլ հնարավոր է տրվի ծրագրի մեկնարկը, իսկ թե որն է պատճառը, որ կառավարության ծրագիրը դեռ չի մեկնարկել, տնօրենը դժվարանում է ասել: Բայց մեկ է՝  հույսը չի կորցնում, որ 6 տարի առաջ խոստացված նախագիծը մի օր իրականություն կդառնա։

Աղաբեկ Մոսինյանը

«Քանի որ մենք գտնվում ենք էդ մեծ ծրագրի մեջ, նպատակահարմար չի աշխատանքներ կատարել», – ասում է Մղարթի հիմնական դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը։

Մղարթի հիմնական դպրոցը կառուցվել է 1967 թվականին։ Այս ընթացքում շենքում միայն մասնակի նորոգումներ են իրականացվել։ Առանձին անկյուններ ու սենյակներ են նորոգել՝ բարեգործական ու  պետական տարբեր ծրագրերով։  Տնօրենն ասում է՝ բացի այդ, փորձում են նաև եղածը պահել։

«Նախանցած տարի մեծ աշխատանք ենք արել։ Հանդիսությունների մեծ դահլիճ ունենք, որը տարածք է, որ երբ գյուղ խմբեր են գալիս, մանկական կամ համերգային, կարողանում ենք մեր դահլիճում տեղավորել», – նշում է դպրոցի տնօրենը։

Բայց մեծ գործեր անել չեն կարողանում։ Դպրոցի պատուհաններն ու  հատակը ամբողջությամբ հին են։ Իսկ մարզադահլիճի շենքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո խարխլվել ու չի օգտագործվում։ Պատուհանները՝ ջարդված,  իսկ պատերին էլ ճաքեր են։ Ֆիզկուլտուրայի դասերն այստեղ անցկացնելը պարզապես  անհնարին է․ կադրերն են փաստում։

Նաիրա Դալլաքյանը

«Երեսուն տարի է, որ աշխատում եմ Մղարթի դպրոցում, ինչ եկել եմ աշխատանքի, մենք դահլիճ չենք ունեցել։ Տարիների ընթացքում շատ խոստումներ են տվել, բայց այդպես էլ ոչ մի բան չեն արել։ Խոստումները մնացել են թղթի վրա, տնօրենների ձեռքին էլ ոչ մի բան չկա, էդքան ֆինանսավորում, որ հսկա ծախսեր անեն՝ դահլիճը նորոգեն և ուսումնական նյութերը, սարքավորումները գնեն։ Իսկ մեր կառավարությունը և ընդհանրապես կրթության նախարարությունը տարիներ շարունակ ֆիզկուլտուրային մեծ տեղ են տվել, որպես առողջ ապրելակերպի, բայց եթե մեր նման դպրոցներ կան, ապա առաջ պետք ա վերանորոգեն, նոր պահանջեն», – ասում է Մղարթի հիմնական դպրոցի ուսուցիչ Նաիրա Դալլաքյանը։

Մղարթի դպրոցում 32 աշակերտ է սովորում։ Երկու կոմպլեկտ դասարան ունեն։ Սուսաննա Դանիելյանը դպրոցի հետ կապված երկու երազանք ունի։ Նախ, որ աշակերտների թիվը մեծանա, հետո նաև բարեկարգ դպրոց ունենան։

«Մարզադահլիճ չունենք, ֆիզկուլտուրա գրեթե չենք անում, որովհետև հարմար պայմաններ չունենք։ Դրսում սովորական խաղում ենք ու գնում տուն», – ասում է դպրոցի աշակերտ Սուսաննա Դանիելյանը։

«Միշտ էլ շենքային պայմաններն ազդում են ուսման վրա, որովհետև եթե շենքը նորոգված չի, պատուհանները 50 տարվա պատուհաններ են, ձմռանը բնականաբար ցուրտ ա, երեխաներն էլ են մրսում, ինչքան էլ ջեռուցումն ապահովվում է։ Բայց ցուրտ է լինում, շատ դեպքերում վերջին ժամերին ուղարկում ենք տուն», – ասում է Նաիրա Դալլաքյանը։

Մղարթում նոր տիպային դպրոցական շենք կկառուցվի թե ոչ, անորոշ է: Մարզային ենթակայության կրթական համակարգի օպտիմալացման, դպրոցների միավորման քննարկումները, հստակ ու վերջնական որոշման բացակայությունը հավանաբար դեռ էլի անորոշության մեջ կպահեն բարդ պայմաններում աշխատող այս դպրոցի մանկավարժներին ու աշակարտներին: 

Ալավերդու Բաղրամյան թաղամասի Մարտիրոս Թանդիլյանի անվան  համար 10 հիմնական դպրոցում նույնպես անորոշություն է: Այստեղ Խոսակցություններ են հասել, որ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակում միավորվելու է նաև այս դպրոցը։ Դպրոցն արդեն երկար տարիներ անբարեկարգ վիճակում է: Միայն պատուհաններն են նորացված, որոնք  նախորդ տարի դպրոցի խնայողություններով են իրականացրել։ Բայց այսքանով խնդիրը չի լուծվել։ Մարզադահլիճը դեռ շարունակում է անբարեկարգ մնալ։

Գարիկ Ծատրյանը

«Մեր զգայարաններից առաջին հերթին աշխատում է աչքը։ տեսնում ենք, նոր ուշադրություն ենք դարձնում բովանդակությանը։ Շատ կարևոր է և շատ լավ պետք է լինի, որպեսզի և՛ արտաքին տեսքը, և՛ ներքին բովանդակայինը համապատասխանեն մեկը մյուսին», – ասում է Ալավերդու Մ․Թանդիլյանի անվան հիմնական դպրոցի առաջնորդության զարգացման ծրագիր ղեկավար Գարիկ Ծատրյանը։

Վերջին տարիներին դպրոցի խնայած միջոցներով մասնակի նորոգումներ են արել։ Փոխել են պատուհանները, հիմնանորոգել սանհանգույցն ու ճաշարանը։ Բայց դրանցով կրթական միջավայրը չի բարելավվել․ շենքը հիմնանորգման կարիք ունի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.