2023 թվականի հուլիսն այն ժամկետն է, երբ պատրաստ էր լինելու Ալավերդու համար 2 հիմնական դպրոցի նոր շենքը։ Բայց մոտ երկու տարի առաջ մեկնարկած շինարարությունը «առաջ չի գնում»։ Գործը դեռ հիմքերում է կամ, ինչպես ասում են, նոր շենքի անունը կա, ամանում չկա։
Շինարարները պատճառաբանում են՝ ասելով, որ նախագծային փոփոխություններ և շինանյութի դեֆիցիտ է եղել, նաև պատերազմն է խանգարել։
Համար 2 դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում է նախկինում Եվրոպական քոլեջին պատկանող մասնաշենքում, որտեղ աշակերտների մեծ թվաքանակին համապատասխան դասասենյակներ չկան։ Դասերը երկու հերթափոխով են կազմակերպում, որպեսզի հնարավոր լինի ապահովել աշակերտների տեղաշարժը։ Իսկ ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվում են մեկ այլ՝ հարևան դպրոցի բակում։
Դպրոցի չավարտվող շինարարության արդյունքում տուժողն, իհարկե, աշակերտներն են։ Բայց թե երբ վերջապես պատրաստ կլինի նոր շենքը, ոչ ոք չի կարողանում պատասխանել։ Հարցի շուրջ տեղեկությունները խիստ հակասական են։