Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Լիլիթ Յոլչյան
Սուբվենցիոն ծրագրերով Լոռու մարզի թվով 7 հանրակրթական դպրոցներ նոր մարզադահլիճներ կունենան: Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցի՝ հիմնովին կառուցվող մարզադահլիճի շենքը վերջապես թույլ կտա աշակերտներին ֆիզկուլտուրա առարկան անցկացնել շենքային պայմաններում:

Անահիտ Վարդանյանը
«Երկար ժամանակ, իհարկե, չենք ունեցել և լավ եղանակներին արել ենք դրսում։ Վատ եղանակների համար ունեցել ենք մի փոքրիկ դասասենյակ, որը երբեք չէր կարող փոխարինել սպորտդահլիճին։ Բայց ունենք հրաշալի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, որը, չունենալով տարրական պայմաններ, այնպիսի մի խումբ էր մարզել, որ 6-12 տարեկանների սպորտլանդիային Ծաղկաձորում մասնակցեց և բերեց առաջին տեղ», – պատմում է Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը։
Դպրոցի շենքը կառուցվել է 1999 թվականին և հարմարեցվել որպես կրթական հաստատության շենք՝ չապահովելով կրթության տարրական պայմաններ, ասում է տնօրենը:

«Վերջապես դպրոցը կունենա սպորտդահլիճ, որը նաև շատ ազդեց այս տարվա մեր աշակերտների թվի վրա, բավականին մեծ թվով աշակերտներ ունեցանք դրսից, արդեն հասկացան, որ լուրջ գործ է գնում։ Բացի սպորտդահլիճը, դպրոցում վերանորոգման շատ այլ աշխատանքներ էլ եղան, այս տարի շատ մեծ թափով գործեր են արվել դպրոցում՝ փոխվել են պատուհանները, ջեռուցման խողովակները, վերանորոգվել, կահավորվել է խոհանոցը, ներառական մասն՝ իր սանհանգույցներով», – ներկայացնում է տնօրենը։
Ծրագրի արժեքը 99 մլն դրամ է, շինարարները վստահեցնում են, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկն աշակերտները կունենան ամբողջովին նոր մարզական պայմաններ:
«Աշխատանքները նախորդ տարվանից են սկսված, ձյուն, անձրև չխանգարեց, տեսել եմ բանվորներին ձյան տակ աշխատելիս, շատ մեծ աշխատանք են կատարել», – ասում է Անահիտ Վարդանյանը։
Շինարարությունն իրականացնում է «Տ Քոնսթրաքշն», տեխնիկական հսկողությունը՝ «Շինսերտեֆիկատ» ընկերությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Կառավարության որոշմամբ Լոռու մարզի թվով 7 դպրոցների կառուցման և հիմնանորոգման համար նախատեսված էր հատկացնել ավելի քան 522 միլիոն դրամ: