Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ճանապարհը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղ է տանում։ Գյուղի դպրոցն է՝ ընդամենը 14 աշակերտով։ Սահմանին կանգնած գյուղի դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի նվազում է։ Սա թերևս ամենացավոտ հարցն է թե՛ դպրոցի և թե՛ գյուղի համար։
«Էդ ցավոտ հարցին չէի ցանկանա պատասխանել, որովհետև դպրոցի աշակերտների քանակը քանի գնում, նվազում է։ Արցախյան պատերազմից հետո, երբ գյուղը բազմիցս գնդակոծվեց, աշակերտների թիվը մինչև 64-ի հասավ։ Բայց դրանից հետո աստիճանաբար նվազեց։ Այսօր դպրոց է հաճախում ընդամենը 14 աշակերտ։ Ցավալի է, բայց փաստ է։ Դասարաններ կան, որ չունենք։ Օրինակ էս տարի երկրորդ, չորրորդ, հինգերորդ, յոթերորդ, տասներորդ և 12-րդ դասարան չունենք», – ասում է Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը։

Աստղիկ Ազատյանը
Դպրոցը թեև հին է և անբարեկարգ, բայց այստեղ սովորել են, աշխատել՝ անտեսելով շենքային պայմանները: Տնօրեն Աստղիկ Ազատյանի ցանկությունը մեկն է՝ երիտասարդները չլքեն գյուղը։
«Մենք պայմաններից, ինչքան էլ որ բարդ լինի, չենք բողոքում, որովհետև ես ինքս դպրոց եմ հաճախել մի էնպիսի շենքում, որտեղ ամենատարրական պայմաններ չկային։ Փոքրիկ դպրոց, փոքրիկ դասասենյակ, բայց ներսում 36 աշակերտ։ Բայց էսօր ամբողջ դպրոցում 36 աշակերտ չկա», – նշում է դպրոցի տնօրենը։
Ավաղ, երիտասարադները գյուղում չեն մնում։ Դպրոցն ավարտելուց հետո գնում են մայրաքաղաք՝ ուսումը շարունակելու և այլևս գյուղ չեն վերադառնում։
«Նույնիսկ ընտանիք ենք ունեցել, որ երեք տղաներ են եղել, ավարտել են երեքն էլ տեխնիկական բուհեր, բայց տեղափոխվել են Ռուսաստան, ընտանիքներով այնտեղ են ապրում», – պատմում է Աստղիկ Ազատյանը։

2015 թվականի թշնամու վերջին կրակոցի հետքն է դպրոցի մարզադահլիճի պատուհանին։ Բարեկամավանը, որ սահմանակից է Ադրբեջանին, ժամանակին շատ է գնդակոծվել։ Անմասն չի մնացել նաև դպրոցը։ Աստղիկ Ազատյանը լավ է հիշում այդ տարիները, պահում հենց իրենց կողմն ուղղված շատ փամփուշտներ։
Աստղիկ Ղազարյանը 50 տարուց ավելի է՝ գյուղի դպրոցում է աշխատում։ Դասվար է։ Ասում է՝ ճիշտ է հիմա կրակոցներ չկան, բայց մեկ է՝ զգուշանում են։
«Եթե դուրս գաք, կտեսնեք էդ պոստերը։ Մարդիկ կային, մասնագետներ, մարզպետներ, վախենում էին մեր գյուղ գալ։ Մեկն ասում էր՝ մերս, որ իմանա ես էս գյուղում եմ, ինֆարկտ կստանա։ Բա մեր մամաներն ինֆարկտ չե՞ն ստանում», – ասում է դասվար Աստղիկ Ղազարյանը։

Աստղիկ Ղազարյանը
Ամեն ինչ անում են, որ երեխաները չվախենան, նաև ուրախ լինեն։ Բայց մեկ է՝ սահմանի մի փոքր լարվածությունն անգամ ազդում է մանկավարժի և աշակերտի հոգեբանության վրա։
«Աշխատանքս լիարժեք կարծես չի կայանում։ Չես կարողանում ասել այն, ինչ-որ անընդհատ ասել ենք։ Երեխային ուզում ես ուրախ պահել, բայց չի ստացվում», – նշում է մանկավարժը։

Իսկ դպրոցի աշակերտները սիրում են իրենց ծննդավայր Բարեկամավանը, կրթօջախը, որտեղ սովորում են, հարազատ բակն ու ընկերներին։ Այստեղից հեռանալ էլ չեն ցանկանում։
Մանկավարժները սիրով կատարում են իրենց աշխատանքը․ երեխային կրթում, դաստիարակում են, ճանապարհում նոր կյանք։
Բարեկամավանի միջնակարգ դպրոցը կրում է Մայիս Ղարաքեշիշյանի անունը, որը զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ գյուղում ծառայություն իրականացնելիս։