Քառակողմ համաֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի շենքն առայժմ քանդվում է: Երկու մասնաշենքերը նաև ամրացվելու են․ դրանք վթարային են:

«Վթարային ամենավատ վիճակում էր գտնվում, հիմա մենք ամրացնում ենք, որ գոնե ևս 30 տարի ծառայի», – նշում է աշխղեկ Գրիգոր Ներսիսյանը։

Հիմնանորոգման ընդհանուր արժեքը գերազանցում է 300 միլիոնը։ Պետություն-համայնք ֆինանսավորմանը միացել են դոնոր կազմակերպություններ:

Կարինե Սիմոնյանը

«Դոնոր կառույցի ֆինանսավորումն ավելի քան 80 մլն դրամ է։ Մյուս մասը տրամադրելու են ՀՀ կառավարությունը և Ալավերդու համայնքապետարանը», – ասում է համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը։

Մանկապարտեզը, բնականաբար, չի գործում, մինչև վերաբացումն աշխատակիցները մասամբ վարձատրվելու են: Համար 6 մանկապարտեզի սաների մի մասն արդեն հաճախում են Սարահարթ թաղամասի երկու մանկապարտեզներ, բայց խմբերը գերբեռնված են, ծնողները՝ մտահոգված:

«Մեր երեխի խմբում 40 երեխա ա, ո՞նց կըլի տենց, ես չեմ պատկերացնում, մեղք են իրանք, շատ են մեղք։ Էրեխեքը նեղվում են, չի ուզում գնա, ամեն աավոտ լաց ըլելովա գնում», – ասում է մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողը։

Թաղամասի երկու մանկապարտեզների շենքային պայմանները հնարավորություն չեն տվել նոր խմբեր բացել, ընտրվել է գերբեռնված խմբերով աշխատելու տարբերակը, բայց սրանով էլ խնդիրը չի լուծվել: Նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներին քաղաքի այլ մանկապարտեզներ տեղափոխելու հարցը քննարկումների փուլում է, – ասաց համայնքի ղեկավարը:

Արկադի Թամազյանը

«Պիտի բոլորն ըմբռնումով մոտենան, այլ տարբերակ չունենք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ քաղաքի ներքևի հատվածում տեղավորել Սարահարթի մեր երեխաներին, ծնողներից շատերը հրաժարվեցին՝ պատճառաբանելով տրանսպորտի խնդիրը։ Դե ճանապարհն է վերանորոգվում։ Բայց դեռևս քննարկման փուլում է։ Այն երեխաները, որոնք տեղավորվել են, և մնացածի մասով կփորձենք լուծում գտնել», – ասում է Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը։

Համար 4 մանկապարտեզի տնօրենը ցավում է, որ շատ ծնողների դիմումներ մերժել են: Գործող 4 խմբերում տեղավորել են մաքսիմալ թվով երեխաներ, իսկ ընդունելության առաջնահերթությունը տվել  աշխատող, երեք և ավելի երեխաներ ունեցող, զինծառայող ծնողների երեխաներին:

Աննա Մարգարյանը

«Մանկապարտեզը 2008 թվականին վերանորոգվել է, ու գործում է 4 խումբ, որտեղ կրտսեր առաջին խմբում ցուցակային 20 երեխա կա, կրտսեր երկրորդում՝ 30, ավագն ավելի շատ երեխաներ են, բնականաբար 5-6 տարեկաններին դրսում թողնելը ճիշտ չի», – նշում է Ալավերդու համար 4 ՆՈՒՀ տնօրենի ժ/պ Աննա Մարգարյանը։

Խորհրդային տարիներին այս մանկապարտեզում գործել է 12 խումբ, օգտագործվել են բոլոր մասնաշենքերը, որոնք հետագայում անվարձահատույց տրվել են այլ կամզակերպության:Սրանով պայմանավորված՝ տարածքի ընդլայնման  պայմաններ չկան,ասում է տնօրենը: Փոխարենը շենքային բարեկարգ պայմաններ և անհրաժեշտ գույք առկա է քաղաքի թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզներում, որտեղ տարիներ շարունակ նոր խմբեր չեն բացվում,այնինչ դրա անհրաժեշտությունը հատկապես հիմա մեծ է:

Մեր հեռուստաընկերությունն էլ  քանիցս անդրադարձել է այս խնդրին: Հատկապես հիմա, երբ քաղաքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը ժամանակավորապես չի գործում, և շինարարությունն էլ լավագույն դեպքում ավարտվելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, առաջնահերթություն է քաղաքի մյուս մանկապարտեզներում նոր խմբեր բացելն ու երեխաներին կրթության իրավունքից չզրկելը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.