Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Վերանորոգված, բայց վերանորոգման կարիք ունեցող կրթական հաստատությունը Ուռուտի միջնակարգ դպրոցն է՝ 147 աշակերտով։ Երկհարկանի շենքը 15 տարի առաջ է հիմնանորոգվել։ Այսօր պատկերը սա է՝ խոնավությունը հիմքերից վերև է բարձրանում, քայքայում ներկն ու ծեփը: Տանիքից ևս ջրի հոսք կա, ինչի հետևանքը շարքից դուրս եկող լուսամուտներն ու հատակն են: Կոտրվել է լուսամուտագոգերի  զգալի մասն ու եթե այսպես շարունակվի, կհայտնվենք հին տաշտակի առջև, ասում է հաստատության տնօրենը:

Անուշ Օհանյանը

«Երկար տարիներ՝ արդեն 15 տարի ավել, հիմնանորոգումից հետո ունի կոսմետիկ նորոգման անհրաժեշտություն։ Տեղ կա, որ թափանցում են անձրևաջրերը։ Ունենք կոսմետիկ խնդիրներ», – ասում է Ոռուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանը։

Կրթական հաստատությունում սա միակ խնդիրը չէ, գյուղը տարածաշրջանի ամենամեծ բնակավայրերից է, սակայն ինչպես շատ ու շատ բնակավայրերում, այստեղ էլ նկատվում է աշակերտների թվի զգալի նվազում։ Նախկին 20 աշակերտ ունեցող դասարաններն այսօր լավագույն դեպքում 8 աշակերտ ունեն:

«Ցավոք սրտի, աշակերտների թվաքանակի նվազում է նկատվում։ Կենցաղային պայմաններից, թե․․․ չգիտեմ։ Դե, գյուղ է՝ իր հոգսերով», – ասում է տնօրենը։

Կա ևս մեկ մտահոգություն՝ նոր  ուսումնական տարվանից  դպրոցը կունենա նաև մասնագետների խնդիր: Միջին մասնագիտական կրթություն ունեցող, գրեթե 30 տարի աշխանքային փորձով, հարյուրավոր երեխաներ կիթած ու դաստիարակած ուսուցիչները նոր օրենքի պահանջով այլևս չեն  կարող աշխատել դպրոցում: Երկու  մասնագետներն էլ արդեն ծանուցվել են: Սա բարոյական նորմերի խախտում և որակյալ մանսագետների ջարդ է որակում դպրոցի ուսումնական գծով մասնագետը:

Անահիտ Զաքարյանը

«Կարծեք թե այսօրվա համար ամենացավոտ խնդիրներից մեկը դա է։ Որքան էլ որ լավ փոփոխություններ են իրականացնում կրթական համակարգում, այսօր ներկայացնում ենք կտրուկ շրջադարձ։ Իմ կարծիքով փոփոխությունը, համալրումը պետք է լինի աստիճանական կարգով։ Ուսուցիչն այսօր ճգնավորի դերում է», – նշում է Ուռուտի դպրոցի ուսմասվար Անահիտ Զաքարյանը։

Օրենքի կիրառման դեպքում գյուղական փոքր բնակավայրերը, որոնք առանց այդ էլ  ուսուցիչների պակաս ունեն, առավել մեծ խնդիրների են բախվելու: Եվ ովքե՞ր են փոխարինելու երկարամյա փորձով, թեկուզև բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին և արդյո՞ք բարձրագույն կրթությամբ նոր շրջանավարտներն ավելի լավ կարող են աշխատել, թերևս երկմտում է  ուսումնական գծով մասնագետը:

«Այստեղ ավելի շատ դպրոցն ինքն է կրթում, քան այն կրթության վկայականը, որը բերում է համալսարաններից։ Դպրոցում ուսուցիչը սովորում է ավագ սերնդից, կարծեք էստաֆետ ստանում է աշխատանքի այն ձևը, այն հմտությունը, որը դրել է դպրոցը», – նշում է ուսմասվարը։

Այնուամենայնիվ, Ոռուտի միջնակարգ դպրոցում  դասապրոցեսն առայժմ  չի տուժում։ Իմ զրուցակիցները հույս ունեն, որ վերին օղակներում հաշվի կառնեն խնդիրները, իսկ իրենք օրենքում փոփուխություն կտեսնեն:

Մինչ այդ, աշակերտների ցանկությունը ոչ միայն բարեկարգված կրթական հաստատություն, այլ նաև կանաչ միջավայր, այսինքն՝ այգի ունենալն է:

«Կուզեմ ծառեր տնկենք, գեղեցկացնենք դպրոցի բակը», – ասում է Ուռուտի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Ասատրյանը;

Ըստ իմ զրուցակիցների՝ այգին հնարավորություն կտա երեխա-բնություն կապի ամրապնդամանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.