Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ Լիլիթ Չիբուխչյանի «Հոգու անծայր ստվերը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին։

Գրքում տարածաշրջանից ներկայացված է 34 հերոսների անմահ կենսագրությունն ու մարտական ուղին: Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հերոս հայորդիների հիշատակին։

Շնորհանդեսի մեկնարկը տրվեց միասնական աղոթքով:

Տղաները չհասցրեցին զգալ կյանքի գույները, չապրեցին իրենց գարունները, կիսատ մնացին նրանց երազանքները։ 

Շնորհանդեսին ներկա էին հերոսների ծնողները, բարեկամները, հյուրեր։ Օդը լցված է տղաների շնչով ու ներկայությամբ։ Հուզմունք, թախիծ, անծայրածիր կարոտ, օդում թևածող հպարտություն և անվերջանալի երախտագիտության խոսքեր։ Ցերեկույթին հնչող կատարումներն էլ հուզական էին:

Գրքի հեղինակն իր երախտագիտությունն ու խոնարհման խոսքը հղեց բոլոր նրանց, ովքեր հայրենիքի համար դաստիարակեցին նվիրյալ զավակներ։

Պատերազմը չսպիացող վերք բացեց նրանց սրտերում, ցավ ու տրտունջ թողեց: Ծնողների զգացողությունները տարբեր են, գրքի հրատարակմամբ նրանց վիշտը փոքր-ինչ փարատվել է։ Որդիներին չեն մոռացել, անուններն անմահացել են, ասում են։

Մարիետա Քալաշյանը

«Զետեղել բոլորի փոքր-ինչ անցած ճանապարհը մի գրքում, դա շատ մեծ հայրենանվեր և և շատ մեծ կամքի ուժ ունեցող մարդու աշխատանք է», – ասում է 44-օրյա պատերազմում զոհված Վախթանգ Օհանյանի մայրը՝ Մարիետա Քալաշյանը։

«Բնականաբար ծնողի համար շատ դժվար է էս ամեն ինչը, բայցև շատ հաճելի էր, որովհետև սա միաժամանակ մեծարման օր էր թե՛ հերոս զավակներին, թե՛ հերոս ծնած հերոս մայրերին», – ասաց պատերազմում ընկած Գոռ Հակոբյանի մայրը՝ Ալիսա Հակոբյանը։

Ալիսա Հակոբյանը

Միջոցառման ընթացում շնորհակալագրեր, նվերներ, ծաղիկներ հանձնվեցին բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել  շնորհանդեսի կայացման գործում։

Շուրջ 50 հրատարակություն տարբեր մարզերում, համայնքներում, տարբեր պատմություններով, անավարտ ճակատագրերերով, և միակ նպատակը՝ապրեցենել բոլոր հերոսներին։Սա է հեղինակի նպատակը: Դեռևս 1990-ականերից պատերազմի ցավով ապրող հեղինակը մեծ պատասխանատվությամբ սկսում է գրել բոլոր նրանց մասին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի։ Եվ թերևս դա ամենափոքր բանն էր, որ կարող էր անել, ասում է, բայց, այնուամենայնիվ, մի բան կար, որ նրան օգնել է հաղթահարել բոլոր դժվարությունները։

Լիլիթ Չիբուխչյանը

«Ընդանուր ցավը, որովհետև ես դա իմ սեփական մաշկի վրա եմ զգացել։ Ես դա ապրել եմ, ես ունեմ էդ կորուստները ու ես դա գիտեմ ինչ ա։ Ու ամեն գիրք գրելիս ես ուղղակի դա վերապրում եմ։ Թող ներեն ինձ, բայց ես մոռացա 90 –ակաները։ Ու ամբողջ սրտով, հոգով ես ինձ տվեցի նոր հերոսների կյանքը լուսավորելուն», – ասում է «Հոգու անծայր ստվերը» գրքի հեղինակ Լիլիթ Չիբուխչյանը։

Պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն տղաներին, և նրանց մասին դեռ շատ է գրվելու, նրանց կատարած հերոսությունն ու սխրանքները դառնալու են տողեր ու բանաստեղծություն, երգ ու կտավներ, ասում է հեղինակը։

Նշենք՝ հերոսների մասին պատմող գիրքը հրատարակվել է Լիլիթ Չիբուխչյանի անձնական միջոցներով, ուստի տպաքանակը փոքր է, և գիրքը չի վաճառվում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.