Գորտեր, շերեփուկներ ու անգամ օձ։ Ուրասար գյուղում կենդանական աշխարի այս ներկայացուցիչները հաճախ են հայտնվում տներում։ Դրանք խմելու ջրի ծորակից են ներս լցվում։ Պատճառը ջրամատակարարման ներքին ցանցի անմխիթար վիճակն է, որը տասնյակ տարիներ առաջ է կառուցվել ու չի նորոգվել։

«Ցեխ ա գալիս, խոտի տիղմ ա գալիս, անասունի թրիք, ամեն ինչ էլ կա, գորտի ճտեր։ Օձը էկել, տրուբի մեջին լռվել ա։ Ջուրը լցնում, դնում ենք, տակին տիղմը նստված ա տալիս», – պատմում է Ուրասարի բնակիչներից մեկը։

Այս պատճառով է նաև, որ արդեն մի քանի տարի մարդիկ շաբաթներով ջուր չեն ունենում։ Եղած օրերին էլ գյուղի ճանապարհներին խորը ջրափոսեր են առաջանում։ Բնակիչներն ասում են՝ ջուրը, եթե իհարկե լինում է, երբեմն նաև մաքուր չի լինում, որովհետև ջրամբարներից ջուր են խմում նաև կենդանիները։

«Էն խորքի բասեինը բաց ա, ապրանքը գնում, էնտեղ ջուր ա խմում, միջին կանգնում, խմում են, էդ տրորած ջուրն էլ գալիս ա գեղը, մենք ենք խմում», – ասում է ուրասարցի մի կին։

«Կերթաս, կբողոքես, ասում ա գնա, կազմակերպի, բասեինը մաքրեք, տենց ա պատասխանում», – ասում է Ուրասարի բնակիչ Եվգենյա Խանդիլյանը։

Մի խոսքով, խմելու ջրի հարցը գյուղի առաջնային խնդիրներից է, որը անհանգստացնում է հատկապես կանանց։

Եվգենյա Խանդիլյանը

«Սաղ ամառ ջուր չեկավ, նոր մի քիչ տվին, էն էլ կտրում ա, ջուր չկա, հարևանի տանից գնում եմ, բերում, ոնց որ սաղ ամառը», – ասում է տիկին Եվգենյան։

Գյուղի շուրջբոլորը լեռնային աղբյուրներ են, մաքրամաքուր ջրով վտակներ։ Բայց արի ու տես, Ձորագետն առատորեն սնող այդ ջրերը որևէ օգուտ չեն բերում գյուղին։ Ուրասարը Ստեփանավան համայնքի կազմում է։ Այստեղ փաստացի բնակվող մոտ 87 տնտեսություն կա՝ 300 բնակչով, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Մարդկանցից բացի, հատկապես ձմռան ամիսներին ջուր է անհրաժեշտ նաև մի քանի հարյուր գլուխ անասունների և կաթի վերամշակման համար։

Գյուղի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանն ասում է՝ ջրի խնդիրն արդեն իրենց օրակարգում է և հույս հայտնում, որ հաջորդ տարի լուծելու են այն։

Գևորգ Մանուկյանը

«Քանի որ խողովակները շատ հին են, ինքնահոս ջուր է։ Հիմա ամենակարևոր հարցերից դա ա մնացել, դա էլ գրեթե լուծված ա։ Ուղղակի մեծ մասշտաբի աշխատանքներ միաժամանակ սաղ խառնել իրար մի քիչ ճիշտ չի լինի։ Չնայած ասֆալտի տակ, որտեղ ասֆալտ պետք ա լինի, արդեն նորն ա փոխած», – ասում է Ուրասարի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանը։

Ի դեպ՝ Ուրասարում սա միակ խնդիրը չէ։ Գյուղի ճանապարհներն էլ են անմխիթար վիճակում։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով, ճիշտ է, հիմնանորգվում է Ուրասարից Կաթնաղբյուր տանող ճանապարհը, բայց գյուղամիջյան ճանապարհները մնում են անբարեկարգ։

«Գրունտով լիցքավորում կանենք, ժամանակավոր, մինչև տեսնենք էդ հարցի լուծումը ոնց կլինի», – նշում է վարչական ղեկավարը։

Ուրասարը ժամանակին ռուսական գյուղ է եղել, կոչվել է Կույբիշև։ Գյուղը հիմա գրեթե ամբողջությամբ հայերով է բնակեցված։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.