Հեղ․՝ Մերի Կոլոլյան
Օպ․՝ Դավիթ Թամազյան
«Շինարարություն ա գնում՝ ֆաբրիկայով, զավոդներով, ամեն տեղ գործը հասցնում ենք», – ասում է Տաշիրի բնակիչ Լեռնիկ Բաղդասարյանը։
Շտապող տաշիրցին տասնյակ տարիներ Ռուսաստան գնալուց հետո խոպանի մտքից հրաժարվել է:
«Մենք մեր շրջանից դժգոհություն չունենք։ մենակ աշխատող ըլնի, գործը խեղդում ա», – նշում է Լեռնիկ Բաղդասարյանը։
Տաշիրի տարածաշրջանում սնկի պես աճում են ջերմոցները, անասնապահական, կաթի վերամշակման տնտեսությունները:

Լեռնիկ Բաղդասարյանը
«Եթե համեմատենք էսօրվա կուրսի հետ, էստեղի աշխատավարձն ավելի ձեռնտու ա, քան թե Ռուսաստանի։ Ընդեղ ամիսը պետք է առնեմ 100 հազար ռուբլի, որ ստեղ 2-3 հարյուր հազարի չափով լինի։ Էն ա ես իմ տան դռան վրա կաշխատեմ, իմ ընտանիքը կպահեմ։ Զատո գիտեմ, որ իրիկունը գալիս եմ, հանգիստ, իմ ընտանիքի հետ պառկում եմ տեղաշորին, քնում», – ասում է Տաշիրի բնակիչը։
Վերջին տարիներին Տաշիրում ու տարածշրջանում աշխատատեղեր ապահովում են ոչ միայն տասից ավելի պանրագործարանները, այլև նոր բացվող մեծ ու փոքր արտադրությունները:

Էդգար Արշակյանը
«Կաբելի գործարանը կա, կարի ֆաբրիկան կա, քարի արտադրամասեր կան։ Արդեն բավականին աշխատատեղեր մենք ունենք։ Նույնիսկ աշխատատեղերի մի մասը տաշիրցիներ չեն աշխատում, էդքանով աշխատատեղերի խնդիրը լուծված է։ Հիմա ընթացքում մեծ պրոյեկտ ա իրականացվում Տաշիրում՝ Միխայլովկա բնակավայրում, բավականին լուրջ անասնապահական կեմպլեքս ա կառուցվում։ Արդյունքում շուրջ 100 աշխատատեղ ևս կավելանա», – ասում է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը։
Տաշիրում փորձում են նաև տուրիզմ զարգացնել: Տեղի հարուստ ֆլորան ու ֆաունան հյուրերի համար ոչ պակաս գրավիչ են, քան շվեյցարական պանիր արտադրող ընկերությունները:

«Ունենք ծրագրերի բաժին, որ ակտիվ զբաղվում է տուրիզմով։ Նախկինում Տաշիրում տուրիստական քաղաք որպես այդպիսին չի եղել, հիմա մեզ մոտ ահագին շարժ կա արտադրական տուրիզմի հետ կապված, որովհետև բավականին լուրջ արտադրություններ ունենք քաղաքում։ Գալիս են, ուսումնասիրում են, տեսնում են նոր տեխնոլոգիաները։ Այնպես որ, այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ տարվում են, տուրիզմի հետ կապված դրամաշնորհային լավ ծրագրեր ունենք», – նշում է Էդգար Արշակյանը։
Տուրիզմը լավ է, բայց սեզոնային: Մշտական աշխատանք ապահովող արտադրամասեր են պետք քաղաքին ու տարածաշրջանին,-ասում են բնակիչներն ու գործարարներին նոր գաղափարներ հուշում:
«Կրախմալի արտադրամաս բացեն, կարտոֆիլաբուծությունը զարգացնեն, կաթի, պանրի գործարաններում կաթի գինը նորմալ պահեն, որ ժողովուրդը շահագրգռվեն։ Ոչ թե սեզոնին իջացնեն, ձմեռը կաթ չեղած ժամանակ բարձրացնեն», – ասում է Տաշիրի բնակիչ Վահան Վարդանյանը։
Թեև տարածաշրջանում առկա է մասնագետների՝ մասնավորապես շինարարների պակաս, բայց միևնույնն է՝ սովորույթի ուժով տաշիրցիները մեկնում են արտագնա աշխատանքի:

Վահան Վարդանյանը
«Էդ հնարավոր չի թարգել, որովհետև էդ ժողովրդի արյան մեջ արդեն կա արտագնա աշխատանքի գնալը։ Ստեղի աշխատանքը շատ կարճ սեզոն ա, ամառը գյուղատնտեսություն ա ու շինարարություն, որ ձմեռն էկավ, ձյունն էկավ, արդեն ոչ մի բան չեն կարա անեն։ Մի քանի ամսով աշխատեցին, արդեն ամբողջ տարին չեն կարա իրանց ընտանիքները պահեն», – նշում է Վահան Վարդանյանը։
«Ով ուզում ա, աշխատում ա։ Իսկ շատ ջահելներ կան, որ ասում են՝ աշխատանք չկա, որովհետև չեն սիրում աշխատել։ Էդ էլ կա», – ասում է Տաշիրի բնակիչ Բորիս Կարապետյանը։ Բորիսի հետ երևի չհամաձայնի ընկերը:
«Երևի բոլորին հերիք չի անի», – նշում է մեկ այլ տաշիրցի։

Գործը կա, բայց միայն ջահելների համար է։ Տաշիրում թոշակառուները դժգոհ են:
«Գործ չկա։ Ես 70 տարեկան թոշակառու մարդ եմ, գործ եմ ման գալիս, չկա», – ասում է Տաշիրի մի բնակիչ։
«Հիմա ես ուզում եմ աշխատեմ, 69 տարեկան եմ, ինձ աշխատանքի չեն ընդունում», – ասում է մի կին։
Տաշիրում մասնավորից բացի այս տարի պետական ու համայնքային միջոցներով 800 մլն դրամի շինարարական ծրագրեր են սպասվում, հաջորդ տարվա համար նախանշվածները կրկնակի ավելի են: